Արյամբ սրբացած հողում ենք ապրում, և այն շենացնելու առաքելություն ունենք…

Արյամբ սրբացած հողում ենք ապրում, և այն շենացնելու առաքելություն ունենք…

Այսօր Քարին-տակում նշում են գյուղի ինքնապաշտպանական մարտերի 24-րդ տարեդարձը

1992թ. հունվարի 26-ին Քարին-տակում արցախցին հաստատեց, որ կարելի է անբարենպաստ դիրքից անհամեմատ քիչ ուժերով, ռազմարվեստի բոլոր կանոններին հակառակ` հաղթել թշնամուն: 1992-ին Քարին-տակը Շուշիի շրջանի միակ հայկական մնացած գյուղն էր: 1989թ. Վաղարշակ Առուշանյանի նախաձեռնությամբ կազմավորվել է Քարին-տակի հինգ հոգանոց ինքնապաշտպանական ջոկատը, որը հետագայում համալրվել է գյուղի բոլոր տղամարդկանցով:

Հունվարի 26-ին՝ լույսը դեռ չբացված, թշնամին հարձակվեց ժայռալանջին ծվարած այս փոքրիկ բնակավայրի վրա: Թշնամու գործողությունները ղեկավարում էր այն ժամանակվա Ադրբեջանի պաշտպանության բանակի հրամանատար Մեհտիևը: Նա նպատակ ուներ հաշված ժամերի ընթացքում հայաթափել գյուղն ու, ամբողջությամբ շրջափակելով Ստեփանակերտը, պաշարել այն: Վաղարշակի հրամանատարությամբ գյուղի բոլոր տղամարդիկ զենք առան, պայքարի ելան: Գյուղում ընդամենը 40 ինքնաձիգ կար, մեկական ականանետ ու գնդացիր: Զենքը քիչ էր, բոլորին չէր հասնում: Մխիթար Առուշանյանը` Վաղարշակի որդին, ով այժմ Քարին-տակի համայնքապետն է, հիշում է, մարդիկ գալիս էին ու իրեն խնդրում, որ միջնորդի` հորը խնդրի զենք տա նրանց: Քարին-տակն այդ ժամանակ բոլոր կողմերից շրջափակված էր ու հարևան համայնքներից օգնության շտապող ջոկատներին չհաջողվեց առանց կորուստների միանալ նրանց: Այնուամենայնիվ, ճեղքելով թշնամու պաշտպանությունը, ջոկատներն օգնության եկան: 12 ժամ տևած մարտից հետո թշնամին մարտադաշտում թողել է 136 զոհ ու Քարին-տակը «Արյունոտ ձոր» կոչելով` հետ շպրտվել: Թեպետ մեր կորուստները թվաքանակով քիչ էին թշնամու կորուստներից, բայց անհամեմատ ծանր ու թանկ էին: Այդ օրը Հերոսի մահով ընկածների շարքում էր նաև Վաղարշակ Առուշանյանը:

Օրերս Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանների ասպետ Վաղարշակ Առուշանյանը ԼՂՀ Պաշտպանության նախարարի հրամանով հավերժ մտցվել է Հակաօդային պաշտպանության անձնակազմի ցուցակներում: Ամեն տարի հունվարի 26-ին հերոսամարտի մասնակիցներն ու Վաղարշակ Առուշանյանի մարտական ընկերները հավաքվում են ու վերհիշում հայ ժողովրդի նորագույն պատմության արյունոտ, բայց և հերոսական էջը:

Վաղարշակն այն եզակի գործիչներից էր, ով շատ շուտ հասկացավ, որ հազարավոր խոսքերն ու խոստումները ինքնաձիգի մի փամփուշտ անգամ չարժեն: Զարմանալի ներդաշնակությամբ Վաղարշակը մարմնավորում էր հասարակ գյուղացու, մտավորականի ու հայրենասեր ռազմական գործչի հատկանիշները:

«Նա ակադեմիաներ ու համալսարաններ չէր ավարտել, բայց լուրջ մտավորական էր, մեծատառով մարդ,- իր մարտական ընկերոջն այսպես է բնութագրում Արցախի հերոս Ժաննա Գալստյանը: Վաղոյի տեսակը Արցախցու այն տեսակն է, որով սկսում ես հայրենիքդ ավելի շատ սիրել: Նա իր հողի, իր գյուղի, իր երկրի տերն էր: Առավոտներն արդեն խաղաղ չէին բացվում Քարին-տակում, երբ Զորի Բալայանը Վաղարշակին ասաց. «Գիտեմ, որ դժվար է ձեզ համար, բայց գյուղը չի կարելի թուրքերին հանձնել»: Վաղարշակի պատասխանը միանշանակ էր. «Ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջն այսպես ապրել», իսկ այսպեսը այն էր, որ երբ Քարին-տակում հավը դուրս էր գալիս բակում քուջուջ անելու, թուրքն ազատ կարող էր ոչնչացնել նրան: «Ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջն այսպես ապրել, բայց գյուղը թշնամուն չեմ տա: Եթե մի օր լսեք, թե Քարին-տակը տվել ենք ազերներին, իմացեք, որ Վաղոն արդեն մեռել է»: Ասել է թե` քանի դեռ Քարին-տակում առավոտներն հայերեն են բացվում, Վաղոն կենդանի է, ասել է թե` Վաղոն անմահ է: Հունվարի 26-ի հաղթանակը մեծ ոգևորություն բերեց մեր ազգին, բայց դա դժվարությունների սկիզբն էր միայն: Երբ մենք ուզում էինք հողին հանձնել Քարին-տակում հերոսի մահով ընկածներին, տախտակ չէինք գտնում դագաղ պատրաստելու համար: Այն պահին, երբ Եղբայրական գերեզմանոցում հուղարկավորում էինք մեր ընկերներին, մի հրաշք կատարվեց: Զինվորական համազարկի փոխարեն, որին անկասկած արժանի էին մեր տղաները, Կրկժանի բարձունքից մեր տղաներից մեկը խոցում է Աղդամից Շուշի թռչող ուղղաթիռը: Դա կատարյալ հրաշք էր, որ գալիս էր ևս մեկ անգամ մեզ համոզելու, որ հաղթանակը մերն է լինելու»,- պատմում է Ժաննա Գալստյանն ու շարունակում.

«1992թ. սկիզբն էր, նախքան Քարին-տակի հերոսամարտը: Մի ընտանիք կար` Շուշիից գաղթել, եկել էր Քարին-տակ: Նազիկ էր հարսի անունը, ով մոտեցավ ու դիմեց Վաղոյին, թե կապոցներս դեռ չեմ բացել:

-Չբացես էլ, Նազիկ, մայիսի 9-ին Շուշին ազատագրելու ենք, դու քո կապոցները վերցնելու ես ու գնաս քո տանը ապրես,- վստահեցրեց Աստծո կողմից մեզ ուղարկված մարդը, ով լուռ ու մունջ ապրում էր մեր կողքին` սպասելով իր առաքելությունը կատարելու ժամին»:

Նրա հավատը Հայրենիքի վաղվա օրվա հանդեպ երբեք չպակասեց, ավելին, նրա հավատը վարակիչ ու հուսդրող էր:

Մաքսիմ Հարությունյանն իր ընկերոջ հրամանատարական ձիրքը բնածին է համարում: «1991թ նոյեմբերն էր: Շուշիում տեղակայված ռուսական բանակի պարետային խումբը, կանխազգալով, որ այդ գիշեր իրենց պիտի զինաթափ անեն, ծածուկ հեռացել էր Շուշիից ու եկել, տեղավորվել էր դեպի Շոշ իջնող կամրջի վրա գտնվող պահակակետում: Սովորաբար որևէ քայլ կատարելուց առաջ Վաղոն միշտ խորհրդակցում էր շարժման ակտիվի ու ընկերների հետ: Եվ ահա նա Ստեփանակերտից ոգևորված վերադարձավ ու մեզ ասաց, որ այդ պարետային խումբը մեր գյուղում տեղավորելու հնարավորություն ունենք: Անկեղծ ասած, մտավախություն ունեինք, որ կարող է ծուղակն ենք ընկնում, բայց Ստեփանակերտից մեզ հավաստիացրին, որ կարող ենք վստահել ռուսական այդ ջոկատին: Նրանց ընդունեցինք, տեղավորեցինք գյուղի միջնակարգ դպրոցում, իսկ հրամանատարի հետ բոլոր շփումները Վաղոն իր վրա էր վերցրել: Արդեն երեք օր անց նա ինձ ասաց. «Մաքսիմ, սա մեր մարդն է, սրա հետ կարելի է լեզու գտնել»: Որոշ ժամանակ անց, երբ արդեն ջոկատը պիտի հեռանար մեր գյուղից, նրանց հրամանատարը Վաղոյին ասում է` թեև զենք տալ չի կարող, բայց զինամթերքով կարող է օգնել: Հետագա գործողությունները մի փոքրիկ բեմադրություն էր հիշեցնում: Նրանք իրենց խոհարարին թողեցին անտառում, մենք «առևանգեցինք» նրան, տարանք առոք-փառոք մի գիշեր պահեցինք, հետո վերցինք բավականին մեծ քանակությամբ զինամթերք ու վերադարձրինք խոհարարին: Ամբողջ զինամթերքը բաժանեցինք գյուղի տղաներին: Նրանց ուրախությանը չափ չկար»:

«Մի անգամ,- կրկին անկեղծանում է Մաքսիմ Հարությունյանը,- երբ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի, Արցախի բարեկամ Քերոլայն Քոքսը գալիս է մեր գյուղ ու այցելում նկուղներում ծվարած բնակիչներին, հարցնում է, միկնչև ե՞րբ պիտի այսպես ապրեք: Մանուկ թե ալեհեր նույնն էին ասում. «Կդիմանաք, միայն թե կարողանանք փրկել մեր գյուղը թշնամիներից»: Բարոնուհի Քերոլայն Քոքսը չկարողացավ թաքցնել իր արցունք ները:

Դա է պատճառը, որ Մխիթար Առուշանյանն ասում է,- մեծ թե փոքր` այստեղ բոլորը հերոս են: Այն օրերին, երբ թշնամին անխնա կրակ էր թափում մեր գյուղի վրա, իսկ Շուշիի հանդեպ ցածրադիր դիրքը նրան դա թույլ էր տալիս, երբ ամեն օր ժայռից վառվող անվաձողեր էին թափվում` կրակի մատնելով գյուղացու տունն ու ունեցվածքը, գյուղի ակտիվը հավաքվեց, որպեսզի քննարկի կանանց ու երեխաներին գյուղից դուրս հանելու հարցը: Ժողովը երկար չտևեց: Համագյուղացի Հենրիխ Ամիրջանյանի ելույթը կարճ էր, ազդու:

-Բոլորդ գիտեք, որ իմ տունը գյուղի ծայրամասում է գտնվում: Եթե թշնամին ներխուժի մեր գյուղ, առաջինը իմ տունն է մտնելու: Բայց իմ նորածին որդին այստեղ կմնա, որպեսզի պայքարի ու մեզ էլ պայքարի մղի:

Մխիթարն առաձին հպարտությամբ է խոսում այն մասին, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ պատերազմից հետո Քարին-տակից ոչ մի բնակիչ չի հեռացել: Ավելին, մանկապարտեզն արդեն չի հերիքում, գյուղի մանուկները շատացել են: Ու հիմա, երբ ավարտել են դպրոցի հիմնանորոգումը, անցնելու են մանկապարտեզի շինարարությանը: Քարին-տակցին այլ կերպ ապրել չի կարող: Սա են ավանդել մեզ մեր պապերը, մենք մշտապես պիտի զգանք, որ արյամբ սրբացած հողում ենք ապրում, և այն շենացնելու առաքելություն ունենք»:

Յուլիա ՎԱՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում