Հայի «դժբախտությունը»

Հայի «դժբախտությունը»

Բողոքական եկեղեցու դանիական հինգ ղեկավարներից մեկը Հայաստանում լինելուց հետո եկել է այն եզրահանգման, որ հայերը դժբախտ ժողովուրդ են: Այս մասին Times.am-ի հետ զրույցում հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը: Պարզվում է, որ մեր դժբախտությունը նրանում է, որ չենք կարողանում տեսնել մեր առավելությունները, որոնց անգամ Եվրոպան չի կարողանում հասնել, խոսքը մասնավորապես հավասարության գաղափարի մասին է. գենետիկորեն մեր գիտակցության մեջ ունենալով ճիշտ հավասարության բանաձևը, ընդօրինակում ենք օտարների սխալ գաղափարները: Ավելին, մենք ունենք էպոս, որն արդիական է նաև այսօր:

-«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայկական էպոսում  Դավիթն ասում է. 

« Ով քնած է՝արթուն կացեք.

Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,

Ով թամբեր է՝զենքե՛ր կապեք,

Ով կապեր է՝ էլե՛ք, հեծե՛ք,

Չասեք Դավիթ գող-գող եկավ,

Գող-գող գնաց»:

Ինչի՞ է Դավիթն ասում, թե ձիեր թամբեք, ով թամբել է` թող հեծնի, նստի ձին, երբ զորքը կազմված է  հեծելակից և հետևակից, պարզապես այն ժամանակվա հասարակությունում վերնախավն այդ հեծյալներն էին, որոնք հասկանալով երկնքի օրենքը՝ երկրի վրա խախտում այն: Դրա համար է ասում՝ ով նստել է…գալում եմ իրենց մորթեմ, էդ մարդիկ են մեղավոր, սրա պատճառով է, որ նա հրաժարվում է շարքայիններին կոտորելուց՝ ամեն մեկը մի տան ճրագ է, վերնախավն է առաջնորդել, ուստիև բոլորի աչքի առաջ մորթեցին, որ չլինի մտածեն, թե նենգ սպանություն են անում, որ արդար է, ինչի համար էլ ասում է՝ դարձեք երկար ճանապարհով, որ աշխարհին ասեք՝ երկրի վրա երկնքի օրենքները խախտողների վերջը սա է լինելու: Հիմա մենք համ սա ունենք, համ չենք կիրառում ընդհանրապես, և սրանով նմանվում ենք մեկին, որը չգիտի ինչ ունի: Եթե աշխարհում գտնեն նման մի բան, որ այսքան համոզիչ լինի, թող ասեն: Չեն գտնի, որովհետև չկա: Չկա միֆ, էպոս, որ կարդացած չլինեմ և կարող եմ պնդել` էս մակարդակը չկա, մանկական բաներ են էսօրվա համար: Մինչդեռ  «Սասունցի Դավիթ»-ն էսօր էլ խոսացող է. ասում է արդարացիությունը պահեք, հասարակության առաջ պատասխանատու եք, պահեք դա, որովհետև եթե խախտեցիք՝ չի ուղղվելու: Ինչ իշխանություն ուզում է գա, եթե հասարակության գիտակցությունն անցնում է այս ակոսներով, ուզեն չուզեն արձագանքելու են, դրանց վարքը կորեկցիայի են ենթարկելու: Աբսուրդ է, երբ ունենք ամենահին համակարգը: Խոշորագույն առաջին իմպերիան կանգնած է էս հիմքի վրա` Աքեմենյան Պարսկաստանը: Դարեհի «ոսկե տախտակներում» պարզ ասվում ՝ Դարեհն եմ, արի: Ինքը չի ասում, որ արիացեղ է, այլ` Դարեհն եմ, արի: Պարսիկ է, բայց կանգնած է արիների գաղափարների վրա, այսինքն` «Սասունցի Դավիթ»-ի գաղափարական հիմնական առանցքների: Հիմա մենք ունենալով սա, գնում ենք մի այլ ճանապարհով, որը բոլոր արատների սեղմ արտահայտումն է: Եթե պիտի գնանք այս  ճանապարհով, որն է իմաստը մեր ապագա հավակնությունների:

-Մի առիթով ասացիք, որ հայրենիքի հանդեպ ժողովրդի սերը պակասել է: Սա արդյո՞ք արդյունքը չէ նրա, որ վերջին տարիներին հայրենիքը և պետությունը փորձ արվեց նույնացնել իշխանության հետ, ուստի ժողովուրդն իշխանություններից դժգոհ լինելով, մաղձը հայրենիքի վրա է թափում: 

-Հայրենիքի համեմատ և իշխանությունն է ոչինչ, և պետությունը: Ով գնում է՝ նույնպես հայրենիքն իր վրա կրողն է: Նստակյաց ժողովուրդներից քաղաքակրթություն ունեցող առաջինն ենք, մենք գնչու չենք, էդ հիմա ինչ եղավ, որ ժողովուրդը սկսեց լքել հայրենիքը, լավ օրից չի: Եթե սա չուղղվի, մենք խորխորատներում կհայտնվենք: Եթե դու չես կարողանում պետականության ֆունկցիաներն իրականացնել, վաղ թե ուշ համակարգը «նստելու» է: Դրա համար ենք ասում` չի կարելի թողնել, որ ժողովուրդը դուրս գնա: Եթե նա գնաց, չես կարողանալու պետականության ֆունկցիաներն իրականացնել: Ինչ ուզում ես փոխի՝ ոստիկանությունը սենց դարձրու, բանակը…դա կապ չունի: Կամ դու պիտի ունենաս այն բազիսը, որի վրա վերնաշենքը կանգնած է, կամ եթե բազիսը գնաց, վերնաշենքը  փլվելու է: Ինքն իրենով չի կարողանալու պահվել, այն ինքնաբավարար համակարգ չի կարող լինել:

-Պատմության մեջ ունեցե՞լ ենք նման մի իրավիճակ, երբ հաջողվել է գտնել բանալին և դուրս գալ դրանից:

-Մենք ունեցել ենք Աշոտ Ողորմած, որի գերեզմանը թուրքերը քանդեցին: Նա ասում էր, որ երկրի թագավորն իրեն ժողովրդից չպետք է առանձնացնի, որպեսզի երբ եկավ վճռական պահը միս և արյուն տալու, ժողովուրդը նրանից առաջ ընկնի:

-Մեր ժողովուրդը, թերևս, պատրաստ է արյուն տալ հանուն հայրենիքի` անկախ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքից, ինչը չարաշահվում է:

-Եթե հույսն այն է, որ վախեցողը պիտի առյուծի վարքագիծ դրսևորի, երբ հորիզոնում թշնամին երևա:

-Այնպես չէ, որ այսօր թշնամին հորիզոնում չի երևում:

-Էսօրվա պատերազմը չհամեմատենք այն պատերազմի հետ, որը կարող է սկսվել. այսօր կողմերը զինված են ժամանակակից տեխնիկայով, ոչ թե ինչպես 90-ականներին էր, ուստի տասնյակ զոհերը քիչ են լինելու:

-Ասում են մենք առաջնորդի հետևից գնացող ազգ ենք, ինքնակազմակերպվող չենք:

-Չէի ասի, մեզ մոտ ամեն երկրորդ մարդն Արշակ թագավոր է, իսկ ո՞ր ազգն է ինքնակազմակերպվող, չկա նման բան: Մի բան սակայն պարզ է` մեկ ազնիվ կայսրը կարող է փոխել անազնիվ ժողովրդին: Եթե անգամ մեծ գումար խոստանան, նա չի գողանա, որովհետև կայսրը չի գողանում: Ուզում եմ թեմայից մի փոքր շեղվել և պատմել, թե ինչ եզրահանգման էր եկել Բողոքական եկեղեցու դանիական հինգ ղեկավարներից մեկը, երբ Հայաստան էր եկել: Նա ինձ ասեց, թե լինելով մարդ, որն Աֆրիկայում տեսել է, թե ինչպես է մարդը շան ամանից ուտում, հասկացել է, որ հայը դժբախտ ազգ է: Հարցիս` ինչու, պատասխանեց. «Առաջին`  երբեք չեմ հանդիպել, որ սահմանափակ բազմության մեջ այսքան մեծ ուղեղներ լինեն, որը դուք չեք գիտակցում և օգտագործում, ԱՄՆ-ն կհարստանար այս ուղեղների շնորհիվ: Երկրորդ` երբ Ձեր տանն էի, տեսա, թե ինչպես ոտքը «կտրած» ազատամարտիկն առանց հարցնելու եկավ և միանգամից նստեց սեղանի շուրջը, իմ վարորդն էլ: Եթե դա լիներ արտասահմանում, վարորդս մի 7-8 անգամ կերևար, որից հետո կամ կկանչեինք, կամ չէինք կանչի: Ինչքան պիտի Եվրոպան զարգանա, որ այս հավասարության գաղափարին հասնի, որը ձեր մեջ դրված է ի սկզբանե: Երրորդ` հայերի մեջ անասնական ատելություն չկա անգամ թուրքերի հանդեպ, հակակրանք կա, այո, բայց ոչ անասնական ատելություն: Գիտեք դա ինչ է` գերմանացին գերմանական համարներով ունեցող մեքենայով մտնում է Դանիա,  կարգ չի խախտել, բայց հետևից գոռում են` խոզ: Սա այն դեպքում, երբ Գերմանիան Դանիայի դեմ  չի էլ կռվել»: Հետո լրացրեց. «Էդ ինչքան հին եք և զարգացած: Դժբախտ եք, որ չեք կարողանալու գնահատեք»:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում