«Խավիարային դիվանագիտությունն» իրեն սպառել է նավթադոլարների սպառման հետ մեկտեղ

«Խավիարային դիվանագիտությունն» իրեն սպառել է նավթադոլարների սպառման հետ մեկտեղ

2001թ-ի հունվարի 25-ին Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի անդամ: Մեկ անգամ չէ, որ Ալիևը եվրոպական պաշտոնյաների մոտ խոստովանել է, որ Հայաստանի հետ մրցակցությունն է ստիպել Ադրբեջանին անդամակցել եվրոպական այս կառույցին, հակառակ դեպքում դեմոկրատական ինստիտուտների առջև լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու կամք և պատրաստակամություն Ադրբեջանը չէր դրսևորի: Եվ ահա այս անդամակցությունից 15 տարի անց` 2016թ-ի հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում 98կողմ, 71դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց, Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» հակահայկական հերթական բանաձևը: Իհարկե, օրվա հաջողությունը կարող ենք համարել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի տապալումը, որին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: Այդուամենայնիվ, մի կողմ թողնենք այդքան սպասելի հաղթանակը և անդրադառնանք ԵԽԽՎ-ում մեր դիրքերին և հակահայկական բանաձևի բովանդակությանը:

Մեկ օրվա ընթացքում երկու բանաձևերի քվեարկությունը նոր պատկեր չբացահայտեց մեզ համար. շատ լավ գիտենք, թե ովքեր են մեր հակառակորդները և ում հետ կարող ենք գործակցել: Առավել կարևոր է, որ երկու քվեարկությունների ընթացքում կային 40 և 45 չեզոք ձայներ, ովքեր էլ հիմնականում պետք է լինեն մեր հետագա թիրախը: Իհարկե, արդեն իսկ մեծ աշխատանքի մասին է խոսում, որ այդ չեզոք ձայները չգործեցին ընդդեմ մեզ, սակայն կարելի է հետագայում այս ուղղությամբ լրջագույն աշխատանք տանել, որ քվեարկեն հօգուտ մեզ: Ադրբեջանի կողմնակիցների թվում էին Ալբանիայի, Վրաստանի, Լիխտենշտեյնի, Իսլանդիայի, Մակեդոնիայի, Ռումինայի, Թուրքիայի Ուկրաինայի պատվիրակություններն իրենց ողջ կազմով, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սերբիայի, Մալթայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի պատվիրակությունների մեծաքանակ անդամներ: Հիմնականում չեզոք դիրքորոշում ցուցաբերեցին Անդորրայի, Չեխիայի, Լյուքսենբուրգի, Մոլդովայի, Լեհաստանի, Պորտոըգալիայի, Սան Մարինոյի պատվիրակությունների անդամները, որոնց ուղղությամբ մենք բավականին անելիքներ ունենք:

Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո ԵԽԽՎ-ն դարձել է ադրբեջանական պատվերների հարթակ, որտեղ պարարտ հող է առկա դիվանագիտության խավիարային տեսակը գործածելու համար: Օրեցօր նվազող նավթի գների հետ մեկտեղ, երբ Ադրբեջանը հայտնվել է ներքաղաքական ծանր պայմաններում, դժվար թե նախկինի պես իրեն կարողանա թույլ տալ եվրոպացի որոշ պատգամավորների ձայները գնելու ճոխությունը, սակայն մինչ այս էլ ինչ կատարվել է ԵԽԽՎ հարթակում, արդեն իսկ քիչ չէ: Չնայած ԵԽԽՎ ընդունած բանաձևերը պարտադիր բնույթ չունեն և մինչ այժմ Ալիևի միջազագյին ելույթների համար լոկ հղման աղբյուր են ծառայել, սակայն տարիներ անց մնալու է ընդունված փաստաթղթի բովանդակությունը, այլ ոչ թե այն փաստը, թե ով ինչպես կարողացավ գնել եվրոպացի պատգամավորներին: Բացի այդ պետք է հաշվի առնենք, որ ԵԽԽՎ պատգամավորները գուցե մի օր ավելի բարձր հարթակներում հայտնվեն, և թեկուզ հենց իրենց ազգային խորհրդարաններում պրոադրբեջանական դիրքորոշում  ցուցաբերեն:

Քանի որ Ուոլթերի բանաձևն այլևս չեզոքացված է, անդրադառնանք Միլիցիա Մարկովիչի ներկայացրած զեկույցին: 13931 hամարի ներքո զեկույցը բաղկացած է 56 կետերից, որտեղ փորձում է հիմնավորել Սարսանգի ջրամբարի` ադրբեջանական պատկանելության հարցը, և թե ինչու հայկական կողմը պետք է ջուր տրամադրի ադրբեջանական բնակավայրերին: Զեկույցն ինքնին կողմնակալ է, քանի որ բոսնիացի պատգամավորը չի այցել Արցախ և տեղում չի ծանոթացել իրավիճակին, ինչի հետևանքով էլ արժանացավ քննադատությունների:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ընդունել Մարկովիչին, սակայն վերջինս հրաժարվել է Արցախ այցելությունից: Հնչած ելույթներում առկա էր քննադատություն զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, որ Մարկովիչը զեկույցը պատրաստել է առանց լինելու տեղանքում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, և նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,-համոզմունք հայտնեց Սալը:

Զեկույցում բազմիցս նշվում է, որ այս տարածքները բռնազավթվել են հայերի կողմից և դե ֆակտո իշխանությունները Սարսանգի ջրամբարի հսկայական պաշարները չեն փորձում կիսել Ադրբեջանի սահմանամերձ շրջանի բնակչության հետ: Վերջիններս էլ հողերը չոռոգելու պատճառով ստիպված են թողնել իրենց բնակավայրերը և դառնալ ներքին տեղահանվածներ: Արդեն իսկ այս երկու միտքը բավական է հասկանալու, որ զեկույցը գրվել է ադրբեջանական նավթադոլարների ազդեցությամբ: Հայաստանը տարածքներ չի բռնազավթել Ադրբեջանից և տեղի իշխանություններն ունեն ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե ամրագրում, քանի որ ընտրվել են դեմոկրատական ընտրությունների ճանապարհով և Արցախում ապրող հայ բնակչության կողմից: Արցախի իշխանությունները քանիցս կոչ են արել ադրբեջանական կողմին երկխոսություն սկսել Սարսանգի ջրամբարի հարցով:

Օրինակ` 2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար: Սակայն հայկական կողմի առաջարկություններն այդպես էլ արձագանք չգտան Ալիևի վարչակարգի կողմից և նախորդ տարվա դեկտեմբերին կայացած կառավարության նիստում ԼՂՀ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի մոտ չկա համագործակցության ցանկություն Սարսանգի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով: «Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Այսօր հումանիտար նշանակություն ունեցող այս խնդրին ԵԽԽՎ-ում տրվեց քաղաքական երանգավորում և համալրեց Բաքվի դիվանագիտական արսենալը: Ի տարբերություն մինչ այս ընդունված ԵԽԽՎ-յան բանաձևերի, այս մեկում նույնիսկ հանձնառություններ չկան, իսկ ներկայացված պահանջները մեղմ ասած անիրատեսական են: Դրանք նմանաբովանդակ են, ինչպես այս 15 տարիներին ընդունված հակահայկական բանաձևերն ու հայտարարությունները: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բավականին թեժ էր հայ և ադրբեջանական կողմերի համար: Մեզ համար կարևոր է, որ քաղաքական բովանդակություն ունեցող Ուոլթերի խայտառակ բանաձևը չընդունվեց, սակայն, ցավալի է, որ հումանիտար նշանակություն ունեցող խնդիրը խիստ քաղաքականացվեց: Առաջնագծում ուժերը փորձելուց զատ պաշտոնական Բաքուն չափեց նաև դիվանագիտական հզորությունը և համոզվեց, որ խավիարային դիվանագիտությունն իրեն սպառել է նավթադոլարների սպառման հետ մեկտեղ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում