970 դրամով բանան գնելուց վատ չի զգում, բայց գտնում է՝ «մոնոպոլ ներմուծման» չարաշահմանը պետությունը պիտի ադեկվատ պատասխանի

970 դրամով բանան գնելուց վատ չի զգում, բայց գտնում է՝ «մոնոպոլ ներմուծման» չարաշահմանը պետությունը պիտի ադեկվատ պատասխանի

2015-ին գրանցվել է 15946 և լուծարվել 9862 տնտեսվարող սուբյեկտ, ընդ որում, փակված սուբյեկտների դրական տարբերությունը կազմել է 6084: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ վստահեցնելով, որ Կառավարությունն ամեն ինչ անում է, որ տնտեսությունում փոքր և միջին բիզնեսի տեսակարար կշիռը մեծանա: Ավելի կոնկրետ՝ ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում  այսօր 27-28 տոկոսի սահմանում է,  կառավարությունը  ձգտում է  2018-ին այն հասցնել առնվազն 40 տոկոսի:

Հակադարձմանը, թե ինչպես կարող է ՓՄՁ-ն գոյատևել, երբ ամեն քայլափոխի միայն սուպերմարկետներ և  առևտրի հսկա կենտրոններ  են  բացվում,  նախարարը պնդեց, որ արտասահմանում բիզնեսի նույն կանոններն են՝ կան խոշոր խանութներ, որոնք  կողքին գործում են նաև փոքրերը:

«Տարբեր երկրներ որոշակի կանոնակարգումներով կարողանում են այդ հարցը լուծել, եթե բիզնեսն ինքը չի կողմնորոշվում. եթե այստեղ գործում է այս մեծ խանութը, որտեղ վաճառվում է ապրանք, որի հետ չի կարող մրցակցել, ապա թող բիզնեսով չզբաղվի: Արտասահմանում մոլերի կողքին գտնվող փոքր խանութներ կան, բայց դրանք չեն կրկնում մեկը մյուսի ապրանքային տեսականին: Եվ այստեղ հարց բարձրացնել, թե եկեք փակենք մեծերը, որպեսզի աշխատեն փոքրերը, բացարձակ անընդունելի է, անընդունելի է նաև հակառակը»,-ընդգծեց նախարարը:

Այս համատեքստում Ճշմարիտյանը շարունակեց, թե չպետք է  զարմանալ, երբ որևէ ընկերություն է փակվում. եթե ասում ենք, որ շուկայական երկիր ենք, ուրեմն պետք է լինեն նաև փակվողներ: Այլ հարց է, որ Կառավարությունը պետք է ստեղծի բարենպաստ գործարար միջավայր, մրցակցային հավասար պայմաններ և  արտաքին շուկաների հետ շփվելու հնարավորություններ, ինչպես նաև կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ, որ փակվող ընկերությունների թիվը քիչ լինի:

Կարեն Ճշմարիտյանը սխալ է համարում այն, որ ՀՀ-ում արտադրողն ինքն է փորձում  իր ապրանքը շուկա կամ սպառողին հասցնել, մինչդեռ դա պետք է վստահի վաճառքի գծով մասնագիտացված  ինստիտուտի. ամեն մեկը չի կարող ապրանք վաճառել, դա դժվար պրոֆեսիա է:

Դիտարկմանը, թե այստեղ նախևառաջ մենաշնորհի խնդիր է, մինչդեռ  նախարարության հաշվետվության մեջ ոչ մի խոսք չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, նախարան արձագանքեց. «Մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու: Օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը: Իսկ մենաշնորհային ընկերություններ միշտ էլ եղել են, ինչ է դրանք պիտի փակե՞ինք: Եթե կա ներմուծման չարաշահում, ապա ըստ օրենքի՝ պետության կողմից պետք է լինի ադեկվատ պատասխան: Եթե չարաշահում կա, ապա , որովհետև այն ազդում է ՓՄՁ-ների գործունեության վրա: Չի կարող բացասական ազդեցություն չունենալ մի բան, որն օրենքով արգելված է: Հայաստանի մոնոպոլիզացված երկիր լինելու մասին համաշխարհային բանկի զեկույցի վրա լուրջ ուշադրություն է դարձվելու, քանի որ դա ազդում է ներդրումային մթնոլորտի վրա»:

Լրացմանը՝ վատ չե՞ք զգում, որ  բանանը գնում եք 970-ից 1000 դրամով, այն դեպքում երբ Ռուսաստանում մեկ կիլոգրամ բանանը վաճառվում է 320-360 դրամ, այլ կերպ՝ բանան ներկրելու մենաշնորհի պատճառով է, որ Հայաստանում բանանի գինը չի իջնում, Կարեն Ճշմարիտյանը կրկնեց արդեն ասված միտքը. «Եթե կա մոնոպոլ դիրքի չարաշահում, ապա օրենսդրությունը պիտի կիրառվի: Եթե օրենսդրության մեջ  խնդիր կա, ապա մենք պատրաստ ենք…. այսինքն` կարող է լինել դեպք, որ օրենսդրությունը չնախատեսի այնպիսի նորմեր, որոնցով հնարավոր լինի որոշակի առումով կանխել մոնոպոլ դիրքի չարաշահումը, այս դեպքում պատրաստ ենք դա քննարկել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում