Նոր Մանաշիդ գյուղի գյուղապետ. մեր բնակչության 50%-ը երեխաներ են

Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղ հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Գյուղը հիմնական ճանապարհից վերեւ է մոտավորապես 5 կմ, հասարակական տրանսպորտ չի աշխատում: Բայց դրա փոխարեն Նոր Մանաշիդի այցելուների մասին մտածում են գյուղի գյուղապետը, դպրոցի տնօրենը: Հենց գյուղապետ Հրայր Սարգսյանի մեքենայով էլ գյուղ հասանք: Բարձրանում ես, բարձրանում, ու թվում է, թե արդեն ամպերին ես հասնելու, բայց փոխարենը սարերում ծվարած մի գյուղ ես հասնում, հասնում ես Նոր Մանաշիդ: Համայնքը հիմնադրվել է 2001 թվականին. գյուղի հիմնադիր գյուղապետը Բագրատ Բուդաղյանն էր:
Ներկայիս գյուղապետը' Հրայր Սարգսյանը, գյուղում բնակվում է 2004-ից, իսկ համայնքի ղեկավար է 2011թ. հոկտեմբերից: «Համայնքի զարգացումը շատ արագ չի ընթանում, բայց համեմատած Շահումյանի շրջանի մյուս համայնքերի հետ, Նոր Մանաշիդն ավելի արագ է զարգանում: Դպրոցում ավելանում է աշակերտների ու ուսուցիչների թիվը», մեր հետ զրույցում նշեց գյուղապետը:
«2004-ին համայնքում մի մեքենա կար, հիմա համարյա բոլորն էլ սեփական մեքենա ունեն, կամ էլ համայնքի մեքենան է բնակիչներին սպասարկում», շարունակում է Հ. Սարգսյանը: Ինչպես նշեց գյուղապետը, համայնքում կա մոտ 100 բնակիչ, որի 50%-ը երեխաներ են: «Եւ սա մեր համար հպարտություն է», ժպտում է գյուղապետը:
Գյուղում բազմազավակ ընտանիքներ կան: Երեք բազմազավակ ընտանիքների համար տուն կառուցվել է. գյուղապետը հույս ունի, չորրորդ, հինգերորդ բազմազավակ ընտանիքները շատ չեն ուշանա: Իսկ հուսալու հիմք կա. համայքնում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում: Գյուղապետը վստահ է, որ եթե համայնքում ավելի շատ տներ լինեին, հաստատ ավելի շատ մարդիկ կգային ապրելու, քանի որ համայնքի դիրքն էլ է շատ հարմար:
Գյուղապետի կարծիքով, թեեւ որեւէ հասարակական տրանսպորտ գյուղը չի սպասարկում, տրանսպորտի կարիք բնակիչներն առանձնապես չունեն, քանի որ համայնքին տրամադրված մեքենան սպասարկում է բնակիչներին: «Իսկ խանութ չկա զուտ այն պատճառով, որ բնակչությունը քիչ է: Եթե շատ խիստ զգացվեր, հաստատ կբացվեր», համոզված է պարոն Սարգսյանը: Իսկ այ բուժկետի կարիք գյուղում հաստատ կա: Գյուղապետը բուժկետ բացելու ծրագիր է ներկայացնել վարչակազմին եւ հույս ունի, որ եկող տարի համայնքը բուժկետ կունենա:
«Բացի բուժկետը, ներկայացրել ենք նաեւ ակումբ եւ համայնքապետարան բացելու ծրագրեր»: Նոր Մանաշիդում տարբեր շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում են հայկական խաչքարեր, որոնք թուրքերն օգտագործել են որպես շինանյութ: Ծրագիր կա նաեւ գյուղում այգի հիմնել, այդ խաչքարերը հավաքել, ցայտաղբյուր կառուցել եւ մի փոքրիկ հուշահալիր հիմնել, իսկ այգին կլինի նաեւ ժամանցի կենտրոն գյուղի բնակիչների համար:
Մեր հետ զրույցում Նոր Մանաշիդ գյուղի ուսուցիչ Արայիկ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ պետությունը պետք է հատուկ քաղաքականություն վարի այս տարածքի համար. այն մարդիկ, ովքեր կցանկանան այստեղ որեւէ գործ սկսել, պետք է հարկերից ազատ լինեն: «Հենց դա էլ պետք է խթան հանդիսանա, որ մարդիկ մնան այստեղ, ամրանան այստեղ, իսկ եթե պետությունը նպատակաուղղված քաղաքականություն չվարի, չենք կարող»:
Նոր Մանաշիդն ապրում է սարերի մեջ կորած, Նոր Մանաշիդի բնակիչներն ապրում են այնտեղ, որտեղ կարծես թե էլ կյանք չպետք է լիներ, ապրում են իրենց կյանքով, իրենց աշխարհում եւ շնորհակալ են լինում նրանց, ովքեր գալիս են ու թեկուզ միայն իրենցով հետաքրքրվում…
Թամարա Գրիգորյան