Հայաստանի տեղը Իրան-Ռուսաստան ապագա էներգետիկ մրցապայքարում

Հայաստանի տեղը Իրան-Ռուսաստան ապագա էներգետիկ մրցապայքարում

Իրանը մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում սկսել գազի մատակարարումները դեպի Եվրոպա: Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Իրանի ազգային գազային ընկերության» գործադիր տնօրեն Ալիրեզա Քամելին: Նրա խոսքով` դիտարկվում են իրանական գազը Եվրոպա մատակարարելու տարբեր ուղիներ: Առաջին տարբերակը հեղուկ գազի մատակարարումն է տրանսպորտային միջոցներով, ինչի համար անհրաժեշտ է վերսկսել Իրանում համապատասխան տերմինալների շինարարությունը: Երկրորդ տարբերակը Պարսից ծոցի հատակով մինչև Օման գազատարարի շինարարությունն է: Օմանն ունի ենթակառուցվածքներ գազը Եվրոպա հասցնելու համար:

Ավելի վաղ իրանական գազը Եվրոպա հասցնելու մասին խոսել է նաև նույն «Իրանի ազգային գազային ընկերության» միջազգային կապերի տնօրեն Ազիզոլլա Ռամեզանին: Նա մասնավորապես նշել է, Իրանը չպետք է սահմանափակվի միայն հարևան պետություններին և տարածաշրջաններին գազ մատակարարելով: Նա շեշտել է, որ Եվրամիության երկրներին իրանական գազ մատակարարելը այսօր արդեն պետք է լինի օրակագրում: «Եվրոպա գազի արտահանումը բացի տնտեսական օգուտներից ունի միջազգային և քաղաքական առավելություններ: Ներկայում Ռուսաստանը գազ է վաճառում Եվրոպային` այն մատակարարելով երեք հազար կիլոմետր երկարության հասնող գազատարարերով: Իրանը նույնպես կարող է մատակարարել»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Աշխարհում Ռուսաստանից հետո Իրանը երկրորդ պետությունն է գազի հսկայական պաշարներով: Հետևաբար իրանցի պաշտոնյաների այս հայտարարություններն, ըստ էության, նշանակում են, որ Թեհրանը մտադիր է լրջորեն մրցակցել Ռուսաստանի հետ էներգետիկ շուկաների համար: Մինչ Իրանը գտնվում էր Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների տակ, Ռուսաստանը բնական դաշնակից էր Թեհրանի համար: Այդ ընթացքում Մոսկվան անգամ նախնական պայմանավորվածություններ ուներ Թեհրանի հետ, որոնց համաձայն միջազգային շուկայում արգելված իրանական նավթը փոխանակվելու էր ռուսական ապրանքներով:

Սակայն միջուկային խնդրի կարգավորումից հետո Իրանի վերադարձը միջազգային հանրություն լիովին փոխում է այդ երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու նշանակությունը: Դաշնակից երկրից Իրանը Ռուսաստանի համար կամա թե ակամա դառնում է մրցակից: Ռուսաստանին ռեալ էներգետիկ այլընտրանք Եվրոպայի համար կարող է լինել միայն Իրանը: Առանց Իրանի մասնակցության` Ռուսաստանը շրջանցող «Հարավային գազային միջանցք» նախագիծը տապալվեց: Կար նաև այլ սցենար: Եվրոպացիները ցանկանում էին Թուրքմենստանի գազը (պաշարներով աշխարհում չորրորդ երկիրը) Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, սակայն նույն Իրանի և Ռուսաստանի ակտիվ ջանքերով այդ նախագիծը հնարավոր չեղավ կյանքի կոչել:

Բայց արդյո՞ք Իրանն այսօր կարող է լրջորեն մրցակցել Ռուսաստանի հետ էներգետիկ շուկայում: Միանգամից կարող ենք ասել, որ ոչ: Իրանն այսօր ունի հսկայական ներուժ ու ռեսուրսներ, սակայն չունի ենթակառուցվածքներ և այնպիսի անվտանգ հարևանություն, որոնք թույլ կտան իրանական նավթն ու գազը հեշտությամբ և գրավիչ գներով հասցնել Եվրոպա: Նախ այդ գազը ընդերքում է, անհրաժեշտ է արդյունահանել, իսկ Իրանը չունի տեխնոլոգիաներ և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Միայն արտաքին ներդրողները կարող են Եվրոպայի համար ցանկալի ծավալի իրանական գազ արդյունահանել:

Այսօր Իրանը տարեկան արդյունահանում է 255 մլրդ խ/մ գազ, սակայն մոտակա տարիներին մտադիր է առավելագույնը հասցնել 365 մլրդ-ի, որից արտահանվելու է սոսկ 73 մլրդը: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը ծածկում է ամբողջ Եվրոպայի գազի պահանջարկի 30%-ը և մատակարարում տարեկան 160 մլրդ խմ գազ: Այսինքն` ծավալները համեմատելու չեն: Կա նաև գնի խնդիր: Նավթի, հետևաբար գազի միջազգային գների գահավիժման պարագայում հարցական է, թե արդյոք Իրանում նման մասշտաբի ներդրումները շահեկան կլինեն, որքան կկազմի ինքնարժեքը և արդյոք գնի առումով այն մրցակցային կլինի ռուսական գազի համեմատ:

Մյուս լրջագույն խնդիրը վերաբերում է ենթակառուցվածքներին: Կա երկու ճանապարհ գազը եվրոպական շուկա հասցնելու համար` խողովակաշարեր և հեղուկ գազի տանկերներ (նավեր, ավտոմեքենաներ): Խողովակաշարերի կառուցման առումով անհրաժեշտ են հսկայական ներդրումներ: Այդ ներդրումների հարցը դեռ մի կողմ: Ո՞ր երկրների տարածքով իրանական գազը կարող է անվտանգ հասնել Եվրոպա և ապահովել անխափան մատակարարում: Սա է այն հարցը, որի պատասխանից է կախված ներդրողների շահագրգռվածությունը:

Իրանը խողովակաշարով գազ մատակարարում է Թուրքիա, սակայն թուրք-քրդական բախումների արդյունքում այդ գազատարը հաճախ է պայթեցվում: Բացի դրանից` Թուրքիան Իրանի համար չափազանց լուրջ մրցակից է, որպեսզի Թեհրանը թույլ տա իրեն հայտնվել այդ երկրից մեծ կախվածության տակ: Մյուս ճանապարհն անցնում է Իրաքի և Սիրիայի տարածքով: Ավելորդ է ասել, թե ինչ վիճակում են այսօր Իրաքն ու Սիրիան` պատերազմ, քաոս, անիշխանություն, թալան, ահաբեկչություններ: Այսինքն` այսօր այդ ճանապարհը 100%-ով կարելի է բացառել:
Ինչպես նշվեց, կա խողովակաշարերի կառուցման համար ներդրումների լուրջ խնդիր: Այդ խնդիրը որոշակիորեն չեզոքացվում է, երբ հարևան պետության տարածքում արդեն կան այդ խողովակաշարերը: Ուստի Ադրբեջանը կարող է Իրանի համար լինել գազը Եվրոպա արտահանելու ճանապարհ: Կա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որը նախատեսվում է դարձնել մինչև Եվրոպա հասնող TAP և TANAP գազատարերի մաս: Իրանը կարող է միանալ այդ գազատարերին: Ադրբեջանի հարցում, սակայն, նույնպես առկա են խոչընդոտներ: Այդ խոչընդոտներն առավելապես քաղաքական են:

Ադրբեջանը միացել էր հակաիրանական արշավին` սերտ ռազմա-քաղաքական գործակցություն զարգացնելով Իրանի թշնամի Իսրայելի հետ: Կան բազում այլ խնդիրներ, օրինակ, Կասպից ծովի իրավական կարգավիճակը, Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները, Արցախի հարցում Իրանի հավասարակշռված մոտեցումը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը թեև ոչ պաշտոնապես, սակայն ունի հավակնություններ Իրանի հյուսիսային շրջանների հանդեպ, որտեղ, ըստ ադրբեջանական պատմագիտական ֆանտազիաների, բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ, որ այդ տարածքը պատմական «Հարավային Ադրբեջանն» է: Ադրբեջանն Արևմուտքի կողմից միշտ դիտարկվել է որպես հարմար հենակետ Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում:

Ինչպես Թուրքիայի պարագայում, Թեհրանը չի ցանկանա կախվածության մեջ հայտնվել իրեն բացահայտ ոչ բարեկամաբար տրամադրված Ադրբեջանից: Այսպիսով` Իրանի համար տարածաշրջանում միայն Հայաստանը կարող է լինել այն անվտանգ, ապահով և հուսալի ճանապարհը, որով իրանական գազը կարող է հասնել Եվրոպա: Մյուս ճանապարհը Իրանի համար Պարսից ծոցն է, որը թանկ ճանապարհ է: Հաճախ են հայաստանյան փորձագետները ոգևորությամբ նշում, որ Հայաստանը իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն ունի: Բայց Հայաստանի պարագայում էլ առկա է մեկ այլ խնդիր:

Բանն այն է, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքները 100%-ով պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Այսինքն` Հայաստանից իրանական գազը կարող է Եվրոպա հասնել միայն Ռուսաստանի «դաբրոյով» կամ ռուսական պայմաններով: Այսօրվա դրությամբ Հայաստանում «Գազպրոմին» պատկանող գազատարերով իրանական գազը դժվար թե մեծ ծավալներով հասնի Եվրոպա, մաքսիմում սահմանափակ քանակով կարող է հասնել միայն Վրաստան` այդ երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար: Լավագույն դեպքում` «Գազպրոմը» կգնի Իրանի գազը` Եվրոպային վերավաճառելու համար, ինչպես դա անում է միջինասիական պետությունների նավթի պարագայում (իհարկե, գազատարերի թողունակությունը մեծացնելու համար լուրջ ներդրումներից հետո միայն): Շահույթը «Գազպրոմինն» է լինելու, այլ ոչ Հայաստան պետությանը:

Մենք կամովին, թե ստիպողաբար, իշխանությունների թուլության, թե օբյեկտիվ անհրաժեշտությունից դրդված մեր երկրի էներգետիկ համակարգը փոխանցել ենք Ռուսաստանի տնօրինությանը: Հետևաբար Իրան-Ռուսաստան էներգետիկ ապագա մրցակցության պայմաններում Հայաստանը ձեռք է բերում հնարավորություններ, որոնցից չի կարողանալու առավելագույնս օգտվել հենց այդ պատճառով: Խոսքը վերաբերում է ինչպես իրանական գազի հնարավոր տրանզիտին, այնպես էլ մեր երկրում իրանական գազի սպառմանը: Բայց, ամեն դեպքում, Հայաստանի հողն ու ճանապարհները պատկանում են պետությանը, ուստի Իրանը կարող է Հայաստանի տարածքով եվրոպական շուկա արտահանել հեղուկ գազ, եթե դրա պահանջարկը լինի: Դրա համար նպաստավոր պայմաններ արդեն իսկ ստեղծվում են: Խոսքը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին է:

Այսպիսով` Իրանը Ռուսաստանի համար հեռանկարում կարող է դառնալ լուրջ մրցակից: Իհարկե, դեռ բավական երկար ժամանակ Իրանը չի կարող Ռուսաստանի հետ, ինչպես ասում են, «ոտք քցել», և իր գազը հեշտությամբ Եվրոպա արտահանել: Կտևեն տարիներ, մինչև վերջնականապես կարգավորվեն Արևմուտքի և Իրանի հարաբերությունները, մինչև ներդրողների համար գրավիչ լինի Իրանում գազ արդյունահանելը, ենթակառուցվածքներ կառուցելը: Ավելի արագ Իրանը կկարողանա իր գազն ու նավթը արտահանել Ասիա` Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, քան եվրոպական երկրներ:

Բոլոր դեպքերում միջազգային սահմանափակումներից ազատված Իրանը ունի ներուժ և հնարավորություն հետագայում լրջորեն մրցակցելու Ռուսաստանի հետ: Իսկ դա Հայաստանի համար լրացուցիչ աշխարհաքաղաքական մանևրի, տնտեսական օգուտներ ստանալու և ադրբեջանա-թուրքական շրջափակումից ձերբազատվելու հնարավորություն է: Բայց այդ հնարավորությունից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է պետական բավարար ինքնիշխանություն և համարձակություն:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում