Մեր օրերում պատահող հազվադեպ օրինակելի քայլ. երիտասարդ ուսուցչուհին տեղափոխվել է հեռավոր գյուղ

Պատմության ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը Քարվաճառի շրջանի Նոր Մանաշիդ գյուղի դպրոցի ամենաերիտասարդ ուսուցչուհին է: Գյուղ է տեղափոխվել Ասկերանից, մոտավորապես երկու ամիս առաջ, երբ սոցիալական ցանցերում հայտարարություն տարածվեց առ այն, որ Նոր Մանաշիդի դպրոցին անհրաժեշտ է պատմության ուսուցիչ:
«Այդ ժամանակ մեր գյուղում էի, Ասկերանում: Ալեքսը (քարվաճառցի Ալեքսանդր Քանանյան- Թ.Գ.) հայտարարություն էր տվել, որոշել էի հենց սեպտեմբերին էլ գալ, ուղղակի տատիկս հիվանդ էր, դրա համար մի քիչ ուշ եկա», պատմում է Լիլիթը: Իրենց գյուղում եւս կարող էր աշխատանք գտնել: «Մեր գյուղի գործն Արցախբանկում էր, բայց քանի որ դա իմ մասնագիտության հետ կապ չուներ, դրա համար որոշեցի էստեղ գալ»:
Ըստ երիտասարդ ուսուչցուհու, ինքը Նոր Մանաշիդում դեռեւս լուրջ դժվարությունների չի հանդիպել: «Գյուղապետն էլ, դպրոցի տնօրենն էլ ամեն ինչով օգնում են: Տուն տրամադրել են», նշում է Լիլիթը:
Դպրոցի աշխատանքը սիրում է. լավ սովորող երեխաներ կան, որոնց հետ աշխատելիս արդյունք է տեսնում: Լիլիթը գյուղի միակ երիտասարդն է ու թերեւս նաեւ այդ պատճառով 12-րդ դասարանում սովորող երկու աղջիկների հետ իր հարաբերություններն առավել ընկերական են: «Աղջիկները պատմություն լավ են սովորում, ու որոշել են Ստեփանակերտում ուսումը շարունակել հենց պատմության ֆակուլտետում: Ես կարծում եմ, որ կընդունվեն»:
Թվում է, թե հեռավոր գյուղում անելիք չկա, եւ երիտասարդ մարդն այստեղ կձանձրանա, սակայն Լիլիթն այս խնդրին դեռեւս չի առնչվել: «Գործերս հազիվ եմ հասցնում, իսկ եթե ազատ ժամանակ է լինում, որեւէ բան եմ կարում հայկական տարազի նախշերով»: Իսկ իր խոսքերի ապացույցը ձեռքի գեղեցիկ հայանախշ պայուսակն է:
Նոր Մանաշիդի դպրոցի պատմության ուսուցչուհին գյուղից գնալու միտք չունի: «Ընտանիքս էլ դեմ չէ, որ Մանաշիդում ապրեմ. հայրիկս ասում է, որ ինքն էլ է տեղափոխվելու այստեղ ապրելու եւ ինձ հաճախ է այցելում: Ընկերուհիս էլ էր ցանկանում գալ այստեղ, անգլերենի ուսուցչուհի աշխատեր, բայց չստացվեց: Այդպես շատ լավ կլիներ, միասին կապրեինք. նախատեսված է երկու ուսուցչուհուն մի տուն տրամադրել», ասում է Լիլիթն ու հավելում, որ ուրախ կլինի, եթե մի անգլերենի ուսուցչուհի էլ գա գյուղում աշխատելու. այդ դեպքում ինքն այլեւս մենակ չի ապրի:
Թամարա Գրիգորյան