Քարվաճառի էրեխեքը…

Քարվաճառի շրջանում երեխաները բնակչության մեջ մեծ թիվ են զբաղեցնում: Խոշոր աչուկներով, մեծամասամբ խարտյաշ, սիրունիկ երեխաները: Այս երեխաները կա´մ ծնվել են ազատագրված հողում, կա´մ տեղափոխվել են այստեղ փոքր տարիքում: Քարվաճառում է անցնում նրանց մանկությունը, Քարվաճառը շատերի ծննդավայրն է, նրանք այստեղ դպրոց են գնում (ցավոք, մանկապարտեզ չկա), երգի-պարի խմբակների են հաճախում, ընկերներ են ձեռք բերում, այստեղ է անցնում նրանց պատանեկությունը, այստեղ են նրանք առաջին անգամ սիրահարվում…
Քարվաճառի էրեխեքը, ազատագրված հողի ապագա հայրերն ու մայրերը, ուսուցիչները, բժիշկները, բանվորները, հացթուխները…ազատագրված հայրենիքի ապագա տերերը:
Փողոցում շատ հաճախ եմ երեխաների հանդիպում, դպրոցական մեծ-մեծ, հաճախ իրենցից մեծ պայուսակներով: Գրեթե բոլորը բարեւում են, չնայած գրեթե բոլորին անծանոթ եմ ես կամ էլ լավագույն դեպքում` իրենց պատմության ուսուցիչ ընկեր Եղիազարյանի կինը :)
Բոլոր այս երեխաներին շատ եմ սիրում, ազատագրված հայրենիքում ապրող, գունավոր մանկությունից զուրկ այս բոլոր բալիկներին շատ եմ սիրում: Քարվաճառի բալիկների համար մանկապարտեզ չկա, կարգին խաղահրապարակ չկա, զբոսայգի չկա, մանկական սրճարանի ու տիկնիկային թատրոնի մասին խոսելը ծիծաղելի է: Երեխաները մի կարգին լուսավոր տոնածառ, Ձմեռ պապ ու ձյունանուշ չեն տեսնում, ամանորյան ներկայացումներ այստեղ չեն բեմադրվում:
Երեխաների համար ժամանցի որեւէ կենտրոն չկա. դպրոց-տուն, իսկ որոշակի տարիքից սկսած` պարտականություններ տնային գործերում:
Տարբեր վայրերում մարդիկ տարբեր կերպ են ապրում, կախված ընտանիքից ու ծնված վայրից` տարբեր է անցնում նաեւ երեխաների մանկությունը: Այնուամենայնիվ, Քարվաճառի երեխաները մեղավոր չեն, որ ծնվել են հենց Քարվաճառում. նրանք եւս տիկնիկային ներկայացումների, գունավոր լույսերի ու վառ մանկության իրավունք ունեն:
Լուսանկարում քարվաճառցի փոքրիկներն են «Պարենք հայերեն» նախաձեռնության կազմակերպած բացօթյա միջոցառման ժամանակ
Թամարա Գրիգորյան