Քարվաճառցի երիտասարդները կցանկանային քաղաքում մի զբոսայգի ունենալ

Երիտասարդ մարդկանց թիվը Քարվաճառում բավականին շատ է: Անզեն աչքով էլ պարզ է, որ Քարվաճառում երիտասարդների համար ժամանցի միջոցներ չկան: Իհարկե, սա կարելի է բացատրել բնակչության փոքր թվով. 700 հոգու համար ի՞նչ թատրոն պահանջես կամ էլ` կինոթատրոն… Բայց եթե հարցին մոտենանք անհատական մակարդակով, ապա յուրաքանչյուր մարդ, հատկապես` երիտասարդ մարդ, պահանջ ունի մշակութային կյանքի ու ակտիվ ժամանցի` անկախ նրանից, թե իր բնակավայրում քանի հոգի է ապրում:
Քարվաճառի Վ. Սարոյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը Քարվաճառում է ապրում արդեն բավականին երկար ժամանակ: «Ես շատ գոհ եմ, որ Քարվաճառում եմ ապրում: Քարվաճառը մեզ օգնեց մեր ընտանիքի համար ամենադժվար պահերին, եւ ես հիմա էլ չեմ ցանկանում ուրիշ որեւէ տեղ ապրել: Ես համոզված եմ, որ մենք պիտի մեր ժամանցը հետաքրքիր դարձնենք», մեր հետ զրույցում նշեց Ռոզան: «Ժամանակին մենք միջոցառումներ էինք կազմակերպում դպրոցում, ինտելլեկտուալ խաղեր, եւ այլն: Բայց այս տարի մենք էլ պասիվացել ենք», պատմում է Ռոզան ու նշում, որ ինքն այժմ առավել շատ ժամանակ է տրամադրում իր մասնագիտական կատարելագործմանը, այդ պատճառով էլ միջոցառումները կարծես թե երկրորդ պլան են մղվել: «Ճիշտ է, ես ինքս եմ ասում, որ մենք պիտի մեր կյանքը հետաքրքիր դարձնենք, բայց, օրինակ, եթե մի զբոսայգի ունենայինք քաղաքում, ավելի հեշտ կլիներ: Թատրոն, կինոթատրոն էլ շատ կցանկանայի, բայց հասկանում եմ, որ հիմա դա իրական չի», ասում է Ռոզան:
Ինչպես պատմեց երիտասարդ ուսուցչուհին, քաղաքում թատրոնի բացակայությունը լրացնում էին Ստեփանակերտից հյուրախաղերով հանդես եկող թատերական խմբերը, բայց այս տարի այդ խմբերի այցելություններն էլ են պակասել: «Մի անգամ ՀՕՄ-ից (Հայ Օգնության Միություն) էին եկել, մեր երեխաների հետ ներկայացում բեմադրեցին, եւ երեխաներից շատերի մեջ տաղանդ հայտնաբերվեց»: Ի դեպ նշենք, որ Քարվաճառի երեխաները հատկապես ոգեւորվում են մանկական թատերական ներկայացումներում մասնակցելու ակնկալիքից:
Նույն դպրոցի մեկ այլ երիտասարդ ուսուցչուհի` Լիլիթ Գյոզալյանը եւս այժմ իրական չի համարում քաղաքում թատրոն կամ կինոթատրոն պահանջելը կամ ակնկալելը: Սակայն զբոսայգի եւ մատուռ, ըստ նրա, կարելի է ստեղծել: «Հոգեւոր սննդի կարիք կա, հասկանու՞մ ես: Ինձ համար դժվար է եկեղեցի գնալու համար հասնել Դադիվանք կամ Ստեփանակերտ, իսկ եկեղեցի գնալու կարիք ես ունեմ», նշում է Լիլիթը:
Եւ չնայած առկա դժվարություններին ու բացթողումներին` Լիլիթը Քարվաճառից ոչ մի տեղ գնալ չի պատրաստվում. «Քարվաճառից հեռանկարային վայր չկա», համոզված է նա:
Ի դեպ, նշենք, որ Քարվաճառում կա այսպես կոչված զբոսայգի, սակայն այն գտնվում է քաղաքի ծայրին, զբոսայգու համար խիստ անհարմար դիրքում, եւ առհասարակ, զբոսայգի էլ չի. անխնամ է ու խոտածածկ:
Թամարա Գրիգորյան