Արցախյան ազատամարտ. Պատմում է Վարդուհի Գևորգյանը

Արցախյան ազատամարտ. Պատմում է Վարդուհի Գևորգյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Վարդուհի Գևորգյանը.

Պատերազմն ինձ համար շատ ավելի վաղ է սկսվել, ավելի ճիշտ, պայքարը սկզբում իմ ներսում է սկսվել. թուրքի ներկայությունը չհանդուրժելուց, հարազատ քաղաքիս փողոցները թուրքի հետ չկիսելու որոշումից, իմ ըմբոստ բնավորությունից… մի խոսքով 1987-ին Մարզխորհրդի պատգամավոր ընտրվեցի ու գրեթե անմիջապես միացա շարժման ընդհատակյա գործիչներին: Բնական է, գաղտնիության պայմաններում էինք գործում: Նույնիսկ ընտանիքիս անդամները չգիտեին, թե ես իրականում ինչով եմ զբաղված: Ամենազարմանալի ճանապարհներով զենք էինք հայթայթում ու Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի աշխատողներով ջոկատներ կազմում, գնում` դիրքերում հերթապահություն անում: Ամեն ինչ այնքան բնականոն ստացվեց, որ չգիտեմ էլ` թե երբ սկսվեց: Հայրենիքիս զարկերակը զգալու անհաղթահարելի ձգտումն ինձ տարավ առաջնագիծ: Զուր էին հարազատներս փորձում ինձ համոզել, որ ջահել աղջկա համար ամուսնանալն ու երեխաներ ունենալն է հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը: Դրա ժամանակը չէր: Հայրենիքս արյունաքամ էր լինում…

1992-ին էր, Շուշին մերն էր արդեն, բայց Մարտակերտն ընկել էր: Ծանր օրեր էին: Սեպտեմբերի 2-ին զոհվեց Կարեն Առաքելյանը` մեր ջոկատի հրամանատարն ու մեր ընկերը, կորուստն անչափ ծանր էր: Կարենի գերեզմանին երդվեցի, որ մինչև մեր շարժումը չհասնի իր նպատակին, ես տուն չեմ գնա: Շարժման սկզբում արած-չարածը մի կողմ, հիմա պետք է առաջին գծում լինել, տղաների կողքին, տղաների թիկունքին:

Հուղարկավորության ժամանակ Բերձորի կապի աշխատող Գայանե Առուստամյանն էլ էր եկել: Դեռևս Կիչանում ու Փառուխում, ես բազմաթիվ անգամ ռացիայով խոսել էի Գայանեի հետ, բայց առաջին անգամ այդտեղ ծանոթացա հետը: Գայանեն միացավ ինձ: Ես գիտեի, որ շատ կանայք կան, ովքեր պատրաստ են զինվորագրվել պայքարին: Մեկը զոհված հարազատի վրեժն առնելու համար, մեկը` հանուն հայրենիքի ազատության, մեկ ուրիշն էլ` անպայման ինձ պես խենթ կլիներ… Գնացինք Կոմանդոսի մոտ ու պատմեցինք կանանց ջոկատ ստեղծելու մեր մտադրության մասին: Ազատագրված Բերձորով դեպի դուրսը շտապող ավտոշարասյունների ֆոնին` մեր քայլը զարմացրել էր նրան: Նա գրկեց մեզ ասելով. «Ես գիտեի, որ մեր հայ կանայք են մեզ առաջնորդելու դեպի մեր հաղթանակը»: Աֆղանական ու արցախյան պատերազմներում թրծված զինվորականի աչքերը թաց էին… Նա օգնեց մեզ հայտարարություններ գրել, որոնք մենք տարածեցինք քաղաքում` կամավոր կանանց հավաքագրելու համար: Շատերը դիմեցին, բայց մենք ընտրեցինք միայն նրանց, ովքեր պատրաստ էին առաջին գիծ մեկնել: Այդպես 25-30 հոգուց մնացինք 9 հոգի:

 

Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ տարբեր կուրսերի ուղարկեց. փրկարար ծառայությունում առաջին օգնություն ցուցաբերելը սովորեցինք, Շուշիի վաշտում` զենքի հետ ճիշտ վերաբերվելը: Վախի իսպառ բացակայությունն ու զենքի հանդեպ մեր սերը նկատելով, Միքայել Գաբրիելյանը, որ երկար տարիներ ՆԶՊ-ի ուսուցիչ էր աշխատում, ինձ ու Մարգարիտա Սարգսյանի հետ սկսեց առանձին պարապել: Մենք` երկուսով մեր մարտական ուղին շարունակեցինք որպես դիպուկահար, միացանք 8-րդ վաշտին ու եղանք ամենաթեժ կետերում: Եվ կռվում էինք, և առաջին օգնություն ցուցաբերում:

Հայրենիքի ազատության զոհասեղանի կրակը ոչ մի կերպ չէր ուզում հանգստանալ`ամեն օր նորանոր զոհեր պահանջելով: Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ էր այդ զոհը դառնալ: Նույնիսկ վիրավորվելու դեպքում, չէինք ուզում լքել մարտադաշտը:

Մի անգամ, մինչև Շուշիի ազատագրումն էր, Կիչանում էինք: Հայաստանից եկած Ալբերտ Բազեյանի ջոկատը մեզ մոտ էր: Նրա ջոկատից Մայիս անունով մի տղա գլխից վիրավորվում է: Ես, իհարկե, բժիշկ չէի, բայց առաջին օգնություն կարողանում էի ցուցաբերել: Վիրավորումը ծանր չէր, բայց քանի որ գլուխն էր վնասվել, առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո ՈւԱԶ֊ով բերեցինք Ստեփանակերտի հիվանդանոց: Բժիշկ Մարությանը նայեց, ասաց որ ճիշտ ենք վիրակապել, բայց վիրավորին պառկել է պետք: Մեր Մայիսը թե` որ մեռնեմ էլ, հիվանդանոցում պառկողը չեմ: Ես դիրքերում ավելի շուտ կապաքինվեմ: Չգիտեինք, ինչ անել: Ասում էի. «Այ տղա, բա որ չես պառկելու, էլ ինչի՞ ենք եկել հասել քաղաք»:

Հետ դառնալու բենզին էլ չունեինք: Այդ ժամանակ Արթուր Մկրտչյանը նոր էր Գերագույն խորհրդի նախագահ ընտրվել, Գեորգի Պետրոսյանն էլ նրա տեղակալն էր: Բենզինի համար սկզբում Գերորգի Պետրոսյանին դիմեցի: Նա չկարողացավ օգնել ինձ, դիմեցի Արթուր Մկրտչյանին: Երբ ներս մտա, քարտեզը սեղանին դրած, ուսումնասիրում էր: Կյանքում կան չէ այնպիսի բաներ, որոնք չեն մոռացվում, Արթուրի ժպիտը, հոգատար հայացքը, հարգալից վերաբերմունքն այդպիսինն էին, անհնար է մոռանալ: Քարտեզի վրա ես ցույց տվեցի այն դիրքը, որի ազատագրման ժամանակ էլ ունեցել ենք այն վիրավորը, որի հետ պիտի հետ դառայինք: Ռազմավարական բարձունք էր, որի համար մի քանի անգամ ծանր մարտեր էինք ունեցել: Կանչեց իր վարորդին` Վաղո էր անունը: Ասաց, որ իր մեքենայից հանի ամբողջ վառելիքն ու մինչև վերջին կաթիլը մեզ տա: Ասաց` ես ոտքով ման կգամ, այս մարդիկ պիտի առաջին գիծ հասնեն:

Ալբերտ Բազեյանի վիրավորվելուց ու հեռանալուց հետո ուրիշ ջոկատներ եկան Հայաստանից: Մի հրամանատար կար Սերգեյ անունով` «Քաչալ Սեգո» էինք ասում: Սրխավանդի մարտից առաջ եկավ, մոտեցավ ինձ ու վիրակապ խնդրեց: Ճիշտն ասաց, ես կոպտեցի նրան, որ մարտը դեռ չսկսած` վիրակապի հոգսն է անում: Գյուղի ազատագրումից հետո, Սեգոն ժիլետը հանեց ու սկսեց ինքն իրեն վիրակապել: Դու մի ասա, էս մարդը դեռևս Ղարադաղլու գյուղում էր վիրավորվել: Հիվանդանոցում պառկած էր: Երբ իմացավ, որ մեզ մոտ վիճակը ծանր է ու իր ջոկատը պիտի օգնության գա, հիվանդանոցից փախել-եկել էր մեզ մոտ: Նույնիսկ վիրահատութունից հետո կարերը դեռ չէին հեռացրել:

Ինչքան էլ հարուստ լինի հայոց լեզուն ու իմ բառապաշարը, ես չեմ կարողանա նկարագրել ամոթի ու ափսոսանքի այն աստիճանը, որից քիչ էր մնում մեռնեի: Սեգոյի կարերը քանդվել, վերքերը բացվել էին: Վերքերը մշակեցի ու առանց խնայելու մեղր քսեցի: Քիչ հետո եկավ, թե` աղջիկ ջան, էս ինչ ես արել: Մեղրն ամբողջ մարմնով մեկ իջել էր, հասել մինչև կոշիկները: Բայց ի՞նչ անեի: Մեղրը բուժեց նրա վերքերը, մենք էլ կարգին ընկերներ դարձանք:

1992 թ մարտի 8-ին ջոկատի տղաները ուզում էին աղջիկներին նվեր անել: Ասացի, ոչ մի բան չեմ ուզում, միայն ուզում եմ գնալ Գանձասար ու մի մոմ վառել, որ ողջ ենք, որ ամեն ինչ լավ է: Որպես հրամանատար` Սեգոն ՈւԱԶ մեքենա ուներ: Մեզ տարավ Գանձասար, մոմ էլ վառեցինք, աղոթք էլ արեցինք, հետո էլ մեզ քավոր կանգնեց, ես ու մեր ջոկատի Հասոն այդ օրը կնքնվեցինք:

Ես ոչ թե հաճախ եմ հիշում մարտադաշտում անցկացրած օրերս ու ընկերներիս, այլ ես հենց դրանցով էլ ապրում եմ: Ճիշտ է, ծանր վիրավորումն ու դրան հետևած վիրահատությունները ցաքուցրիվ են արել հիշողությունս, ու այն ավելի շատ նորոգվում է հենց մարտական ընկերներիս հանդիպելիս, այդուհանդերձ, այդ հիշողությունները միշտ ինձ հետ են: Դրանք իմ հարստությունն են: Մի քաղցր կարոտ կա այդ հուշերում, ուրախության ու թախիծի անբացատրելի համադրություն, կորուստներ ու ձեռքբերումներ, անկոտրուն ոգի, անմնացորդ նվիրում…

Գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում