Ադրբեջանա-իրանական պրագմատիկ համագործակցությունն ու առկա տարաձայնությունները

Ադրբեջանա-իրանական պրագմատիկ համագործակցությունն ու առկա տարաձայնությունները

 Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  պետական այցով գտնվում էր  Թեհրանում:  Այցի շրջանակներում կնքվեցին և վերաթարմացվեցին մի շարք ոլորտներում տասնյակից ավելի պայմանագրեր: Չնայած այս փաստը որոշակի խանդով ընդունվեց հայկական փորձագիտական և լրատվական հանրության կողմից, սակայն փորձենք առանց զգացմունքայնության դիտարկել իրավիճակը և հասկանալ արդյոք տեղին են մեր մտահոգությունները:

Ամռանը կլրանա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնավարման երրորդ տարին, որը նշանավորվեց Իրանի և վեցյակի միջև միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրի կնքմամբ: Այդ տարիներին Իրանի և հարևանների հարաբերություններն աչքի չէին ընկնում դինամիկ զարգացմամբ, քանի որ իսլմական հանրապետությունն իր դիվանագիտական ողջ ներուժը կենտրոնացրել էր Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Այս ժամանակահատվածը կարող ենք բնորոշել, որպես հարավկովկասյան քաղաքականության սառեցման շրջան:

Պատժամիջոցների չեղարկումից հետո տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները կրկին արդիական դարձան Իրանի արտաքին քաղաքական օրակարգում: Չնայած բազմիցս է նշվում հայ-իրանական ջերմ հարաբերությունների մասին, սակայն առաջին դեմքերի մակարդակով հանդիպումները բավականին սակավ են: Օրինակ` Ռոուհանիի պաշտոնավարումից ի վեր Ադրբեջանի և Իրանի նախագահները շուրջ հինգ հանդիպում են անցկացրել, ընդ որոմ, Ռոուհանին պաշտոնական այցով եղել է նաև Բաքվում:

Մինչդեռ վերջին անգամ 2011թ-ի դեկտեմբերին էր, երբ Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը այցելեց Հայաստան, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանում եղել է 2013թ-ի ապրիլին: Չնայած նախագահների մակարդակով հանդիպումներն այդքան էլ հաճախ չեն, սակայն միչգերատեսչական ոլորտում երկկողմ համագործակցությունն իսկապես ակտիվ է: Ալիևի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը հիմնականում վերաբերվում են այս կամ այլ ոլորտներում համագործակցությանը:

Մասնավորապես Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են արտակարգ իրավիճակների վերացման և նախազգուշացման, մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության, անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտում համաձայնագրեր ու էլեկտրաէներգիայի վաճառքի, երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագրեր, Աստարա (Ադրբեջան) – Աստարա (Իրան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և այլն:

Թվարկված համաձայնագրերից մեզ համար թերևս ամենակարևորը երկու երկրների երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագիրն է: Բազմիցս նշվել է, որ ադրբեջանա-իրանական երկաթուղին մրցակից է համարվում հայ-իրանական երկաթուղուն: Մինչ մեզ մոտ տարիներ շարունակ քննարկվում է հայ-իրանական երկաթուղու կառուցման նպատակահարմարության հարցը, Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու 350կմ-ից 205-ն արդեն պատրաստ է:

Ադրբեջանի հետ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցը կարևորություն և առաջնահերթություն է եղել նաև 2014թ-ին Աստրախանում կայացած Կասպյան պետությունների ղեկավարների համաժողովի ժամանակ, երբ որոշում ընդունվեց զարգացնել երկաթուղային հաղորդակցության ցանցը: Ներկայումս կյանքի է կոչվել Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղին, որը Ղազախստան-Չինաստան երկաթուղու միջոցով իրանական և չինական հսկայական շուկաները կապում է միմյանց: Իսկ Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շահագործումից հետո Իրանն Ադրբեջանի միջոցով հնարավորություն կունենա դուրս գալ մինչև վրացական Փոթի նավահանգիստ և կապվել նույնիսկ Ռուսաստանի հետ:Աբխազական երկաթուղու անգործության պայմաններում Հայաստանն Իրանին կարող է կապել միայն Վրաստանի հետ, ինչը պակաս գրավիչ է դարձնում հայ-իրանական երկաթուղու կառուցումը:

Հայ-իրանական և Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղիները հարավ-հյուսիս հաղորդակցային ուղղության վերականգնման խնդիրն են լուծում, ուստի մեկի կենսագործումը նվազագույնի է հասցնում մյուսի կառուցման հավանականությունը: Մանավանդ, որ ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարի Իրան կատարծ վերջին այցի ընթացքում պարզ դարձավ, որ Հնդկաստանը Եվրոպային կապող ուղին Հայաստանում կունենա ավտոմոբիլային ճանապարհի տեսք:

Բացի վերոնշյալ թեմաներից, որոնք մեծ արձագանք գտան մամուլում, կարծում եմ անդրկուլիսյան բանակցությունների առանցքում եղել են նաև Սիրիայի հարցում Ադրբեջանի դիրքորոշման հստակեցումը, Թուրքիային աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև շիաների նկատմամբ հետապնդումները: Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդը համապատասխան ցուցում է տվել Ալիևին` կապված Նարդարանում շիաների հետապնդման վերաբերյալ: Այդուամենայնիվ, չնայած տարաձայնությունների մեծ թնջուկին, Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին բնորոշ է պրագմատիզմն ու հարաբերությունների փոխշահավետությունն առաջնային համարելու ունակությունը:

Այսպիսով Ալիևի այցն ամենևին էլ դարակազմից իրադարձություն չենք կարող համարել, քանի որ հանդիպմանն ավելի շատ քննարկվել են տարձայնություն առաջացնող հարցեր, սակայն այցի արդյունքում ձեռք բերված համաձայնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ մեր հապաղումներից հաճախ օգտվում են հակառակորդները և նորովի շրջափակման մեջ դնում Հայաստանին:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում