Քարվաճառի պատանիները պատրաստ են մասնակցել ներկայացումների. ցանկանում են խաղալ Ռոմեոյի եւ Ջուլիետի դերերը

Սիրու՞մ են Քարվաճառի երեխաները թատերական ներկայացումներ, կցանկանայի՞ն մասնակցել ներկայացումների, ո՞ր ներկայացումներն են ցանկանում դիտել եւ ի՞նչ դերեր կցանկանային խաղալ. այս բոլոր հարցերի պատասխանները կարեւոր են այն դեպքում, երբ մտադրություն կա Քարվաճառում պատանիներից կազմված մի փոքրիկ թատերախումբ ստեղծել:
Այս բոլոր հարցրերի պատասխաններն ստանալու համար հարցաթերթիկով այցելեցի Քարվաճառի 14-17 տարեկան դպրոցականներին: Հարցմանը մասնակցած 39 աշակերտներից 31-ը ցանկանում են մասնակցել թատերական ներկայացման, 6-ը չեն ցանկանում, իսկ 2-ը չգիտեն` ցանկանու՞մ են, թե՞ ոչ:
Դպրոցականների սիրելի ներկայացումների ցանկը բազմազան է. «Ռոմեո եւ Ջուլիետ» (Վիլյամ Շեքսպիր), «Վերջին ուսուցիչը» (Վարդգես Պետրոսյան), «Իմ սիրտը լեռներում է» (Վիլյամ Սարոյան), «Արտիստը» (Շիրվանզադե), «Կիկոսի մահը» (Հովհաննես Թումանյան), «Պեպո» (Գաբրիել Սունդուկյան), «Քաոս» (Շիրվանզադե) եւ այլն: Երեխաները ներկայացումներ դիտել են հիմնականում Քարվաճառում, երբ այստեղ հյուրախաղերով հանդես են եկել Ստեփանակերտի թատերախմբեր: Որոշ դպրոցականներ թատրոն են գնացել նաեւ Երեւանում, Չարենցավանում, Շուշիում, Ստեփանակերտում, Ապարանում, Մոզիրում (Բելառուս), Աթենքում (Հունաստան): Աշակերտներից մեկը ցանկություն է հայտնել ներկայացում դիտել Գյումրիում:
Պատանիները կցանկանային դիտել «Արտիստը» (Շիրվանզադե), «Իմ սիրտը լեռներում է» (Վիլյամ Սարոյան), «Ես եւ նա», «Սպանված աղավնին» (Նար-Դոս), «Գեղեցիկ Վարդիկը» (Նաիրի Զարյան), «Սամվել», «Խենթը», «Խաչագողի հիշատակարանը» (Րաֆֆի), «Մխիթար Սպարապետ» (Սերո Խանզադյան), «Անուշ» (Հովհաննես Թումանյան), «Ալպիական մանուշակ» (Ակսել Բակունց) ստեղծագործությունների բեմադրությունները:
Պատասխանելով «Ո՞ր հերոսի դերը կցանկանայիր խաղալ ներկայացման մեջ հարցին» դպրոցականները տվել են տարբեր պատասխաններ: Աղջիկների մեծ մասը ցանկանում է լինել Ջուլիետ, տղաների մեջ Ռոմեո խաղալ ցանկացողներ էլ կան: Երեխաները ցանկանում են նաեւ խաղալ Նատո («Գիքորը»), Վարդան Մամիկոնյան, Քաջ Նազար, Համլետ, Աշխեն («Սամվել»), Գոհար («Մխիթար Սպարապետ»), Լեւոն («Արտիստը»), Շառլոտա («Հասարակաց որդեգիրը»), պարզապես բարի հերոս:
Հարցերին պատասխանելիս երեխաները շատ ոգեւորված էին թատերական խմբակ ունենալու հեռանկարով: Առաջիկայում կներկայացվի Քարվաճառում թատերական խմբակ ստեղծելու ծրագիր, որի հիմքը հենց այս փոքրիկ ուսումնասիրությունն է: Պատրաստ ենք քննարկել համագործակցության առաջարկներ ազատագրված տարածքում մշակութային կյանքի զարգացման համար մտահոգ բեմադրիչների եւ դերասանների կողմից:
Թամարա Գրիգորյան