ԵՄ-ն Ադրբեջանի հարցում կրկին ջայլամային քաղաքականություն է վարում

ԵՄ-ն Ադրբեջանի հարցում կրկին ջայլամային քաղաքականություն է վարում

Միջերկրական և սևծովյան ավազանների միջև ընկած տարածաշրջանն արդի աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետն է: Սիրիայում հաստատված փխրուն հրադադարը միջազգային խաղացողներից յուրաքանչյուրին ուժերը նորովի հավաքելու և դիրքավորվելու լավագույն հնարավորությունն է ընձեռում: Կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ընդլայնել իր ազդեցության գոտիները և խաղի նոր փուլն սկսել ավելի ամրապնդված դիրքերով: Այս խաղից դուրս չի նաև Հարավային Կովկասը, որտեղ համաշխարհային տերությունները կրկին պայքարի են դուրս եկել:Մինչ Թուրքիան և Ռուսաստանը փորձում էին Ադրբեջանին իրենց կողմը գրավել և Սիրիայի հարցում հստակ դիրքորոշում ստանալ, խաղին միացավ նաև ԵՄ-ն:

Օրերս կայացավ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի` տարածաշրջան կատարած այցը: Պաշտոնավարումից ի վեր սա եվրոպական բարձրագույն ներկայացուցչի առաջին այցն էր Արևելյան գործընկերության տարածաշրջան: Բաքու կատարած այցից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանա-եվրոպական հարաբերություններում առկա սառույցը կոտրվել է: Կարծես թե Եվրոպայի սպառնալից հռետորաբանությունը բավականին մեղմվել է և անցյալում են մնացել Եվրախորհրդի աշնանային նստաշրջանում ընդունված քննադատական բանաձևը, որտեղ խոսվում էր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Հիշեցնենք, որ աշնանն ընդունված բանաձևով վեհաժողովը կոչ էր անում ԵՄ պաշտոնյաներին՝ մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքի շնորհիվ։ Սա կարելի էր որակել առաջին դեպքը, երբ ԵՄ-ի` նման բարձր հարթակից մեղադրանք է ներկայցվում Ալիևին և նրա կոռումպացված ընտանիքին: Կոչ էր անում ԵՄ խորհրդին՝ թիրախային սանկցիաներ և վիզային արգելքներ սահմանել բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումների մեջ։ Եվ ամենակարևորը սեպտեմբերի 10-ին ընդունված բանաձևի 14-րդ կետում նշվում էր. «Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով»։

Մոգերինի այցը կարծես թե մոռացնել տվեց նախկինում ընդունված բանաձևերը. վերջինս ոչ միայն չխոսեց պատժամիջոցների կիրառման մասին, այլ նաև մատնանշեց. «Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը օրեցօր ամրապնդվում է։ Ադրբեջանն ունի Եվրամիության առևտրային հզոր գործընկերը դառնալու ներուժ»: Սա անշուշտ ազդակ է, որ Եվրամիության սպառնալիքները մնացին անցյալում:

Մոգերինին Ադրբեջան կատարած այցի շրջանակներում անդրադարձ կատարեց երեք հիմնական թեմաների` էներգետիկ համագործակցություն, տարածաշրջանային կայունություն ու Արցախյան հակամարտություն և անդրադարձ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության դրությանը: Հատկանշական է, որ ընդամենը նոյեմբեր ամսին Եվրամիությունը հրաժարվեց դիտորդներ ուղարկել խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, սակայն իր կողմից չճանաչված իշխանությունների կողմից շարունակում է համագործակցել:

Մոգերինին մասնակցեց Ռուսաստանը շրջանցող «Հարավային գազային միջանցք» կոչվող նախագծի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին, որից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է։ 2019 թվականին Ադրբեջանի բնական գազը կհասնի եվրոպական շուկա»:

ԵՄ-ն, տարված լինելով էներգետիկ ուղիների և աղբյուրների բազմազանեցման քաղաքականությամբ, որի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանից կախվածության թուլացումն է, կրկին անցնում է ջայլամային քաղաքականությանը. կոշտ հռետորաբանությանն ու մարդու իրավունքների խախտումների աղաղակին փոխարինելու է գալիս սիրաշահելու մարտավարությունը: Ճգնաժամի մեջ հայտնված Ադրբեջանի համար սա չափազանց գրավիչ հեռանկար է, որը գուցե կարողանա ապահովել իշխանությունների վերարտադրությունն ու Ալիևյան ռեժիմի երկարակեցությունը:

Մոգերինիի, ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան կատարած այցի ընթացքում բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հացը: Եվրոպան, որ Ուկրաինայում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի հետևանքով արդեն իսկ ճաշակել է սահմանային անկայունության դառը պտուղներն, անշուշտ, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մինչ Ադրբեջանն անընդհատ բողոքում է Մինսկի խմբի ձևաչափից և որոշակի ակնկալիքներ ունի նաև ԵՄ-ից, Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն խնդրի կարգավորումը տեսնում է միայն այդ ձևաչափով` միաժամանակ կողմ արտահայտվելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը:

Մոգերինի այցը տարածաշրջան և մասնավորապես Ադրբեջան ԵՄ-ի դիրքերն ուժեղացնելու հերթական փորձն է: ԵՄ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի հարցում պատրաստ չէ վճռական քայլերի և ընդունված բանաձևերը անկենսունակ են: Այս մասին ԵՄ-ի համար կարևոր են հակառուսական նախագծերը, այլ ոչ թե իրենց կողմից հռչակված և պրոպագանդվող ժողովրդավարական արժեքները:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում