Քարվաճառի ձայնը հասավ «Ղարաբաղ Տելեկոմ»-ին

Սրանից մի քանի շաբաթ առաջ մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության քարվաճառյան մասնաճյուղին: Ընկերության բաժանորդներից մեկը մեր հետ զրույցում պատմել էր, որ գրասենյակում անգամ մի նորմալ աթոռ չկար, որի վրա կարելի էր նստել գործարք կատարելիս: Եւ գրասենյակն իսկապես ընդհանուր առմամբ դատարկ ու անհրապույր տեսք ուներ:
Ի պատիվ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի պետք է ասել, որ ընկերությունում, փաստորեն, ընթերցել էին հրապարակումը, եւ արձագանքն էլ չուշացավ:
Հրապարակումից մոտավորապես մեկ շաբաթ անց երբ մտանք գրասենյակ՝ հերթական մուծումը կատարելու, տեսանք, որ գրասենյակում նոր սեղան կա, նոր պահարան, տպիչ սարք, կախված են շերտավարագույրներ, ինչպես նաեւ կատարվել է թեթեւ կոսմետիկ վերանորոգում: Աշխատակիցն այլեւս ստիպված չէ քարտերը պահել աթոռի վրա. վերջերս բերվել են նաեւ բավարար թվով աթոռներ, այնպես որ թե բաժանորդները կարող են հանգիստ նստել ու սպասել իրենց հերթին: Իսկ դռան վերանորոգված կողպեքն ու նոր բռնակը նկատեցի մի քանի օր առաջ:
Նշենք նաեը, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սակայն դեռեւս որեւէ արձագանք չկա Քարվաճառի շրջանին համացանցով ապահովելու հարցին:
Ամեն դեպքում, հաճելի է, երբ առաջ քաշված խնդիրը չի անտեսվում ու լուծում է ստանում: Երանի թե մեր երկրում բոլոր խնդիրներն այսքան արագ ու հետեւողական կերպով լուծվեին:
Թամարա Գրիգորյան