Վրաստանը կրկին մնաց ադրբեջանական գազի մոնոպոլ ճիրաններում

Վրաստանը կրկին մնաց ադրբեջանական գազի մոնոպոլ ճիրաններում

2015թ-ի աշնանը Վրաստանը հայտարարեց, որ պատրաստվում է դիֆերսիֆիկացնել գազային աղբյուրները, որպես հնարավոր տարբերակներ նշելով Ռուսաստանը և Իրանը: Այս մտադրությունն իսկական իրարանցում առաջացրեց վրաց-ադրբեջանական հարաբերություններում: Մեկը մյուսին հաջորդեցին Վրաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում նաև առաջին դեմքերի, Թբիլիսի և Բաքու կատարած այցերը:

Վրացական կողմը հայտարարում էր, որ մեծացել է գազի սպառման պահանջարկը, իսկ Ադրբեջանն ի զորու չէ բավարարել նոր չափաքանակը: Ադրբեջանական ընկերությունները հակառակն էին պնդում: Վրաստանի գազի տարեկան պահանջարկը կազմում է 2.3 մլրդ խմ, որից 300 մլն խմ` որպես տրանզիտային վճար Ռուսաստան-Հայաստան գազի առաքման դիմաց վճարում է «Գազպրոմը», իսկ մնացած մասը ամբողջությամբ մատակարարում է Ադրբեջանը: Վրաստանն ադրբեջանական գազ ստանում է երկու խողովակաշարով: 2015թ.-ին Վրաստանը Հարավկովկասյան խողովակաշարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում ստացել է 712 մլն խմ գազ Շահ-Դենիզ հանքավայրից, իսկ 1.48 մլրդ խմ գազ՝ SOCAR-ի հետ առանձին մեկ այլ համաձայնագրի շրջանակներում: «Գազպրոմի» կողմից առաքվող 300 մլն խմ գազի գինը ստացվում է 110 դոլար 1000 մխ դիմաց: Վրաստանի կողմից սահմանված տրանզիտային վճարը գազի առաքման համար 1000 խմ գազը 100 կմ տեղափոխելու դիմաց ստացվում է 11.2 դոլար: Ի համեմատություն, ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա առաքման տրանզիտային վճարը 2.8 դոլար է, իսկ TANAP-ի նախագծով նախատեսված է 1.5 դոլար: Այսինքն, Վրաստանի կողմից Հայաստան առաքվող գազի տրանզիտային վճարը հեռու է միջագային պրակտիկայում ընդունված ողջամիտ գների սահմաններից

Պաշտոնական Թբիլիսին իսկական դիվանագիտական խաղ սկսեց` ինտրիգի մեջ պահելով տարածաշրջանը: Բանն այնն է, որ 2017թ-ին վրաց-ադրբեջանական գազային համաձայնագրի ժամկետը լրանում, և Վրաստանի համար կենսական կարևորություն ունի պահպանել այն արտոնյալ գինը, որն առաջարկում է Ադրբեջանը: Այն 1000 խորանարդ մետրի դիմաց 140 դոլար գնով է գազ վաճառում Վրաստանին, ինչը շուկայականից աննախադեպ ցածր գին է: Վրացական տնտեսությունն էլ հաշվարկները կատարում է հենց այս սակագնի շրջանակներում, քանի որ ի վիճակի չէ վճարել համաշխարհային շուկայական արժեքով:

Միայն փետրվար ամսվա ընթացքում Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար և փոխվարչապետ Կախա Կալաձեն մի քանի պաշտոնական այց կատարեց Ադրբեջան և փետրիվարի տասնհինգին եղավ նաև Թեհրանում: Վերջնարդյունքը հետևյալն է. բանակցությունների մի քանի փուլից հետո մարտի չորսին Վրաստանի և Ադրբեջանի պետական նավթային գործակալության միջև համաձայնագիր ստորագրվեց, որով Թբիլիսին Ադրբեջանից կստանա լրացուցիչ 500 միլիոն խորանարդ մետր գազ երկրի առևտրային ոլորտի կարիքների համար:

Կախա Կալաձեն և SOCAR-ի տնօրեն Ռովնաք Աբդուլլաևը դեռևս 2011թ-ին ստորագրված Վրաստանի և ադրբեջանական կազմակերպության հուշագրի մեջ փոփոխություն մտցրեցին: Վրաստանի ձեռքբերումներից կարելի է համարել նաև, որ SOCAR-ը կրճատեց նաև սոցիալական գազի գինը, որով էլ վրացական կառավարությունը փորձում է կրճատել ազգային արժույթի արժեզրկման կորուստները: Սակայն հարկ է նշել, որ այդ գազի ծավալներն այդքան էլ մեծ չեն: Բացի այս ամենից SOCAR-ը պատրաստակամություն է հայտնել էժանացնել նաև առևտրային գազի գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց նվազեցնելով 35−40 դոլլարով:

Ձեռք բերվածն իսկապես շահեկան տարբերակ է Վրաստանի համար և ներդված դիվանագիտական ջանքերը հաջողությամբ պսակվեցին: Իհարկե, այս ամենի մեջ կարևոր դերակատարություն ունեցավ նաև հայկական գործոնը կամ ավելի ճիշտ հակահայկականությունը: Վրաստանն այս ընթացքում հայտարարում էր, որ դիտարկում է Իրանից գազ ներմուծելու հավանականությունը և որպես հնարավոր տարանցման ուղի դիտարկում էր Հայաստանը: Եվ նույնիսկ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել էր, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել էր, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Այս ամենը կոշտ արձագանք ստացավ Բաքվում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ Վրաստանը քայլեր կատարելուց առաջ պետք է հաշվի առնի նաև իր ռազմավարական դաշնակցի շահերը: Փոխարենը Վրաստանն էլ պահանջեց հաշվի նստել իր տնտեսական շահերի հետ: Սակայն Թեհրան կատարած այցից հետո Կախա Կալաձեն հայտարարեց, որ Իրանի առաջարկած գները ձեռք չեն տալիս Վրաստանին:

Չմոռանանք նաև «Գազպրոմի» գործոնը և նրանից գազ գնելու վրացական ընդդիմության և բնակչության հակազդեցության մասին: Վրացական իշխանությունները փորձում էին վերականգնել նաև «Գազպրոմից» գազամատակարարումը` նշելով, թե իբր դեպի Հայաստան առաքվող գազի ծավալները մեծացել են, ըստ այդմ էլ Վրաստանն ավելի շատ գազ կստանա: Սակայն վրացական ընդդիմության կողմից անցկացվող ցույցերն ընդդեմ «Գազպրոմի» վերադարձի որոշակիորեն նպաստեցին, որ Վրաստանը նոր համաձայնության գա Ադրբեջանի հետ:

Ստեղծված իրավիճակն իսկապես ուսանելի կարող ենք համարել նաև մեզ համար: Վրացական փորձն ապացուցեց, որ դիվանագիտական ձեռքբերումները միայն այս կամ այն պաշտոնյայի հմտությունների և բանակցային կարողությունների արդյունքը չէ: Կարևոր է նաև բնակչության պահանջատիրությունը և ազգային շահն իշխանություններին պարտադրելը: Բանակցելու գլխավոր հաղթաթղթերից մեկն էլ այլընտրանքների առկայության մասին խոսելն է, ցանկացած ոլորտում մենաշնորհը հանգեցնում է դիրքի չարաշահման, բացառություն չէ նաև քաղաքականությունը: Կարճաժամկետ հեռանկարում Վրաստանը կարողացավ հասնել ցանկալի արդյունքների, սակայն երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանից գազային կախվածությունը մեծացավ, ինչը լրացուցիչ լծակներ է տալիս Ադրբեջանին` ստիպելու պաշտոնական Թբիլիսիին համաձայնեցված քաղաքականություն վարել իր հետ:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում