ԵՄ-ն՝ միգրացիոն ճգնաժամից դեպի արժեքային ճգնաժամ

ԵՄ-ն՝  միգրացիոն ճգնաժամից  դեպի արժեքային ճգնաժամ

Օրերս Բրյուսելում կայացավ ԵՄ-Թուրքիա երկրորդ գագաթաժողովը, որը նվիրված էր սիրիացի փախստականների ճգնաժամի հաղթահարմանը: Կողմերը նախնական համաձայնության եկան` հետաձգելով հանդիպումը ևս տասն օրով: Մարտի 17-18-ը նախատեսվում է երկար ժամանակ քննարկվող փախստականների խնդրին վերջնական լուծում տալ: Իսկ մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ առաջնորդներին էր ներկայացրել բանակցությունների փաթեթ, որտեղ խաղի կանոնները բավականին տարբերվում են նոյեմբերին քննարկված փաթեթի դրույթներից:

Այն նախատեսում է երկրից ԵՄ ուղևորված բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձ Թուրքիա՝ Թուրքիա ժամանած սիրիացի ներգաղթյալներին ԵՄ-ում օրինական վերաբնակեցում, մինչև 2018 թվականը Անկարային հավելյալ 3 մլրդ եվրոյի հատկացում, այս տարվա հունիսից առանց վիզայի ռեժիմի տրամադում և ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցային գրքում նոր գլուխների բացում: Բացի այդ, կողմերը մտադիր են համատեղ բարելավել մարդասիրական վիճակը Սիրիայում։ Անդրադառնանք նշված պայմաններից յուրաքանչյուրին և թե իրականում ինչ գործողություններ են հաջորդելու դրանց:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ ղեկավարներին խոստացավ եվրոպական միջոցների հաշվին հետ ընդունել բոլոր փախստականներին, որոնք ապօրինի կերպով կհասնեն հունական կղզիներ՝ փոխարենը պահանջելով, որ Թուրքիա վերադարձված Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացու դիմաց եվրոպական երկրները ապաստանի իրավունքով Թուրքիայից ընդունեն մեկ սիրիացի փախստականի: Թուրքիայի վարչապետի կարծիքով այս քայլը թույլ կտա կանխել ապօրինի միգրացիան և մաքսանենգությունը՝ խրախուսելով օրինական միգրացիան:

ՄԱԿ-ը մտավախություն և քննադատական գնահատականներ է հնչեցրել Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների միջև փախստականների հարցով նախնական համաձայնության այս կետի վերաբերյալ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով կառույցն ընդգծում է, որ արտասահմանցիների կոլեկտիվ արտաքսումը արգելված է միջազգային օրենքով: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վենսան Կոշեթելը հայտարարել է, թե՝ «հոգնել է ապօրինի միգրանտների մասին խոսակցություններից»: ՄԱԿ-ի պաշտոնյան ընդգծել է, որ Հունաստան հասնողների 91 տոկոսը պատերազմի ճիրաններում հայտնված երկրներից են՝ Իրաք, Սիրիա, Աֆղանստան: Բրյուսելի և Անկարայի միջև համաձայնագիրը կոշտ քննադատել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ կողմերը իջել են անազնվության, մանր առևտրի ամենացածր մակարդակի, որը որևէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների և արժանապատվության հետ:

Ստեղծված իրավիճակն անտրամաբանական է թվում, եթե ԵՄ-ն պատրաստ է ընդունել փախստականների, ապա ինչու պետք է լրացուցիչ միջոցներ ծախսի արդեն իսկ Եվրոպա հասած փախստականներին հետ ընդունելու համար: Թուրքիան խոսում է ԵՄ-ից գումարների ավելացման մասին, սակայն չի նշվում, թե դրանք որքանով կբարելավեն փախստականների կյանքը: Արդյոք այդ գումարները կնախատեսվեն նրանց համար ժամանակավոր կացարաններ ստեղծելու, աշխատատեղերի մեխանիզմներ ապահովելու, երեխաներին մայրենի լեզվով կրթություն ապահովելու համար: Ամեն դեպքում ակներև է, որ ԵՄ-ն փորձում է այս պահին գլուխն ազատել միգրացիոն հոսքից` չհասկանալով թե նժարի հակառակ կողմում ինչ է դրված: Դավութօղլուն հայտարարեց, որ պայմաններից մեկն էլ մինչ հունիս ամիսը Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի դյուրացումն է:

Սակայն մինչ այդ քայլին հասնելը Թուրքիան բազմաթիվ պարտավորություններ ունի ստանձնած: Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Թուրքիան պետք է յոթանասուներկու կետ պայմանների բավարարի: Թվարկենք դրանցից մի քանիսը` անձնագրերում մատնահետքերի և կենսաչափական տվյալների առկայությունը, Թուրքիայի վիզային քաղաքականությունն ու օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ին և այլն, որոնք, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը չի կարող կատարել մինչ հունիսի 1-ը: Ինչ է ստացվում, Թուրքիան պատրաստ է ետ ընդունել փախստականներին, սակայն եթե հունիս ամսին վիզայի ռեժիմն իր իսկ պատճառով չդյուրացվի փախստականների նոր հոսք է սպասվում դեպի Եվրոպա: Ակնհայտ է, որ այս համաձայնագիրն ամենևին էլ կենսունակ չէ և ժամանակավոր լուծում է տալու խնդիրների թնջուկին, որոնք հետագայում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացնելու ԵՄ-ի համար: Կարևոր է հասկանալ, որ ներկա պահին ԵՄ անդամ երկրների քաղաքական գործիչները մասնավորապես Անգելա Մերկելը կարճաժամկետ հեռանկարում ներգերմանական խնդիրներ է լուծում. առաջիկայում Գերմանիայում ընտրություններ են և միգրանտների նման հոսքի պարագայում Մերկելի կուսակցության հաղթանակի շանսերը նվազագույնի են հասնում: Նախքան ընտրություններն այդ խնդրին ժամանակավոր լուծում կտրվի, դրանից հետո ԵՄ-ն կկանգնի միգրացիոն ճգնաժամի նոր ալիքի առջև:

Թուրքիան, որ արդեն մի քանի տասնամյակ ԵՄ-ի դռներն է ծեծում անդամակցության համար գիտակցում է պահի կարևորությունը և հերթական լծակն է գտել ԵՄ-ի վրա ներազդելու համար: Ակնհայտ է, որ Թուրքիան չի համապատասխանում ԵՄ-ն անդամակցության Կոպենհագենյան չափանիշների: Դրանք են` Ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների և փոքրամասնությանների պաշտպանության երաշխավոր հաստատությունների կայունություն (քաղաքական չափանիշ):

Շուկայական տնտեսության առկայություն, ինչպես նաև կարողություն դիմակայել մրցակցության ճնշմանը և շուկայի ուժերին Միության ներսում (տնտեսական չափանիշ): Անդամակցության պարտավորությունների ստանձնման կարողություն, ներառյալ քաղաքական, տնտեսական և արժութային միություն նպատակների իրականացումը; Այս չափանիշը բերաբերում է Միության Acquis Communitaire: Acquis-ը ազգային օրենսդրության մեջ ներառելու, այլև վերջինս համապատասխան վարչական և իրավական կառույցների միջոցով արդյունավետ կիրառելու անհրաժեշտությունը:

Հատկապես Էրդողանի ղեկավարած ներկայիս Թուրքիան, որ միջնադարյան սուլթանություն է հիշեցնում, բավականին հեռու է բավարարելու ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների և փոքրամասնությանների պաշտպանության երաշխավոր հաստատությունների կայունությունը, քանի որ հենց ինքն է այդ հաստատություններ գործունեության խաթարման հիմնական պատճառը: Սակայն ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ժողովրդավարության նկատմամբ էրդողանական ոտնձգությունների դեմ, քանի դեռ միգրացիոն ճգնաժամը չի լուծվել` կանգնելով արժեքային համակարգի ճգնաժամի առջև: Կանխատեսելի է, որ Թուրքիան կօգտվի ԵՄ-ի կողմից տրվող գումարներից, սակայն դրանք նպատակաուղղված չեն լինի փախստականների կենսապայմանների բարելավմանը:

Հարցի լուծման համար հարկավոր է հիմնապատճառները վերացնել. Սիրիայում խաղաղություն հաստատելու պայմաններում է միայն, որ հնարավոր կլինի կանգնեցնել փախստականների հոսքը, ինչը նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում Թուրքիան դեռ կպահպանի իր առավելությունը և փախստականների առկայությունը, որպես մահակ , կօգտագործի ցանկալի քաղաքական նպատակներին հասնելու համար:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում