Կորստի ու ցավի հինգ տարի. տասնամյակներ շարունակ հետ ընկավ Սիրիայի զարգացումը

Կորստի ու ցավի հինգ տարի. տասնամյակներ շարունակ հետ ընկավ Սիրիայի զարգացումը

Մարտի 15-ին լրանում է Սիրիայի պատերազմի 5 տարին: Մերձավորարևելյան զարգացումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

-2011 թվականի մարտի 15-ին Սիրիայում պատերազմ սկսվեց: Եթե հետահայաց անցկացնենք, 5 տարի անց ինչպիսի՞ իրավիճակ ունենք:

-Չափազանց դրամատիկ: Սիրիան փլուզվեց, կորցրեց ամբողջականությունը, տասնամյակներ շարունակ հետ ընկավ Սիրիայի զարգացումը: Տնտեսությունը հսկայածավալ վնասներ կրեց: Սիրիան ունեցավ հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր մարդիկ դժբախտացան, կորցրեցին իրենց կացարանները, գաղթական դարձան: Հազարավորները վիրավորվեցին, հաշմանդամ դարձան: Երեխաները կորցրեցին իրենց մանկությունը: Մի քանի սերունդ կորցրեց իր հեռանկարը: Սիրիացի ժողովուրդը, որը հարյուր տարի առաջ հյուրընկալեց ցեղասպանությանը զոհ դարձած հայ գաղթականներին, փաստորեն, հայտնվեց նման բարդ իրավիճակում: Իրոք, ցավալի է պատկերացնել Սիրիայի ներկա վիճակը, մի երկրի, որտեղ կարելի էր շոշափել հանդուրժողականության մթնոլորտը, որտեղ մեր համայնքները խաղաղ ու ստեղծագործ կյանքով էին ապրում: Ճիշտ է, Սիրիայում շատ խորքային խնդիրներ կային՝ կապված մարդու իրավունքների, խոսքի ազատության, քաղաքական, սոցիալական և այլ իրողությունների հետ, սակայն ամեն ինչ այդքան ողբերգական չէր, եթե չլիներ արտաքին միջամտությունը: Մյուս կողմից, շատերի համոզմամբ՝ ճիշտ ժամանակին Բաշար Ալ-Ասադի հեռանալը զերծ կպահեր Սիրիան նման ողբերգությունից: Հիմա այլևս ուշ է քննարկել, միևնույն է, Սիրիայում քաղաքական և սոցիալական վայրիվերումներն անխուսափելի էին լինելու:

-Այս 5 տարիների ընթացքում պարբերաբար փորձ է արվում հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնել, ինչը սակայն ձախողվում է: Ինչո՞ւ: Վերջերս հերթական փորձին ականատես եղանք, որի սկզբնական արդյունքը եղավ հրադադարը: Ի՞նչ սպասելիքներ կան այս անգամ:

-Հակամարտության կարգավորման հարցում բնականաբար հանգուցային նշանակություն ունեն ընդդիմադիրները, որոնք շատ բազմազան են թե՛ գաղափարական, թե՛ սոցիալական և այլ առումներով: Նրանք հովանավորվում են տարբեր կենտրոններից, շատ դեպքերում հակոտնյա դիրքորոշումներ ունեն: Կան Մոսկվայի, Էր Ռիադի, Անկարայի, Կահիրեի և այլ կենտրոններից հովանավորվող ընդդիմադիրներ: Առանձին շերտ են քրդերը: Կան նաև մեծ թվով սիրիացի այլախոհ հայրենասերներ, որոնք Սիրիայից դուրս չեն եկել: Ընդդիմադիր դաշտը բարդ խճանկար ունի, նաև էթնիկ ու դավանական առումով: Շատ դեպքերում սիրիական կառավարությունն էլ չգիտի՝ ում հետ բանակցել: Նույնիսկ Ստեֆան Դե Միստուրան՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը, չէր պատկերացնում, թե ժնևյան բանակցությունների ժամանակ ում ընդգրկի բանակցողների կազմում: Չմոռանանք նաև նշել, որ ընդդիմադիրների մի թևն էլ ռազմաքաղաքական՝ ջիհադական կառույցներն են, որոնք նույնպես հավակնում են մասնակցել բանակցություններին, քանի որ հակամարտության կարևոր գործոններից մեկն են: Բանակցությունները ձախողվում էին նաև այն պատճառով, որ Սիրիայի հարցում ներգրավված պետությունները, թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային, շատ դեպքերում նույնպես իրարամերժ կարծիքներ ունեին հակամարտության կարգավորման, մասնավորապես Բաշար Ալ-Ասադի հեռանալ չհեռանալու և այլլ հարցերում: Այս տեսանկյունից, զինադադարը դրական ձեռքբերում է և որոշ վերապահումներով կարող է շահեկան լինել Սիրիայի համար: Պետք է սպասել:

-Չնայած երկրում պատերազմական գործողություններ են, բայց Սիրիան պատրաստվում է նոր ընտրությունների: Դա հնարավո՞ր է ավելի թեժացնի իրավիճակը, թե հակառակը:

-Չեմ կարծում, որ սրանից թեժ լինի: Սիրիային հիմա պետք է խաղաղություն, միայն խաղաղություն, որպեսզի կարողանա թոթափել պատերազմի ծանր հետևանքները, փորձի հետ վերադարձնել փախստականներին, գուցե նաև՝ տարածքները և այլն: Խորհրդարանական ընտրությունները դրական կարելի է համարել: Սիրիային հիմա մեծ ցնցումներ պետք չեն: Կարևոր է, որպեսզի այլախոհ գործիչներ էլ ներկայացված լինեն օրենսդիր մարմնում, առհասարակ ընդդիմադիրներ՝ թե՛ աշխարհիկ, թե՛ իսլամամետ: Նշենք, որ նաև հայ թեկնածուներ կան Հալեպից և Դամասկոսից: Մաղթենք նրանց հաջողություն: Վստահ եմ, որ արժանավ որները կհաջողեն:

-Հայտնի է, որ որոշ երկրներ շահագրգռված չեն հաշտությամբ, մասնավորապես, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը: Ո՞րն է այս երկրների մտավախությունը և ի՞նչ հնարավոր հակազդեցության սպասել այս կողմից:

-Այս պետությունները մեծ ռեսուրսներ են ներդրել, որպեսզի Սիրիայում իշխանափոխություն լինի, Սիրիան փոխի իր ուղենիշները և այլն, ինչը, ըստ էության, չի հաջողվել: Նույն Սաուդյան Արաբիայից, Կատարից, միլիարդավոր դոլարներ են ծախսվել ջիհադակակներին հավաքագրելու, զինելու, ֆինանսավորելու և այլ խնդիրներ լուծելու վրա: Թուրքիան այս տարիներին եղել է կարևորագույն հենակետ ջիհադականներին մարզելու, բուժելու և նրանց Սիրիա տեղափոխելու հարցում: Այս պետությունները լուրջ շահեր ու հետաքրքրություններ ունեն Սիրիայում: Սիրիան նրանց համար ազդեցության հենակետ է , Իրանի հետ մրցակցության հարթակ և այլն: Մինչ այժմ, սուննիական այս եռանկյունին ամենաբացասական դերակատարությունն է ունեցել Սիրիան կազմաքանդելու հարցում: Նրանք, բնական է, փորձելու են կասեցնել Սիրիայում խաղաղության գործընթացը: Առանձին տեսակետների համաձայն՝ ոչ պակաս բացասական է եղել Ռուսաստանի դերը, քանի որ եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը, Բաշար Ալ-Ասադը վաղուց հեռացած կլիներ, իսկ հակամարտությունը՝ կարգավորված: Ցավալի է, որ ստեղծվել է մի վիճակ, որի արդյունքում Սիրիայի ապագան պետք է որոշեն ոչ թե այդ երկրի քաղաքացիները, այլ՝ արտաքին ուժերը: Եթե Սիրիան հանգիստ թողնեն՝ հակամարտությունը կկարգավորվի:

-Որո՞նք են սիրիական հակամարտության ներկա ամենաբարդ խնդիրները:

-Նախ՝ «Իսլամական պետություն» խալիֆայության գոյությունը Սիրիայի տարածքում: Եվ վերջապես, ռազմաքաղաքական՝ ջիհադական կառույցները, որոնք վերահսկում են մի շարք նահանգներ կամ առանձին նահանգների որոշ բնակավայրեր: Սիրիական կառավարության և բանակի համար այսօր լրջագույն խնդիր է հակազդեցությունը «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ին, նրան հարակից կառույցներին, նաև «Ահրար ալ-Շամին, որը համարվում է համասիրիական ալաֆիական ընդդիմադիր ռազմաքաղաքական ուժ և այլն: Այսինքն, ինչպես Հաֆես Ալ-Ասադի ժամանակ կար իսլամական կրոնաքաղաքական ընդդիմություն, այսօր էլ Սիրիայում նմանօրինակ օրակարգ կա, որը մեծ գլխացավանք է Բաշար Ալ-Ասադի համար: Սիրիական պետությունը շարունակում է չվերահսկել Իդլիբի նահանգը, Հալեպի նահանգի մի մասը, Ռաքքայի և այլն: Այնպես որ, խնդիրները շատ են, իսկ սիրիական հակամարտության վերջնական կարգավորման համար դեռ երկար ժամանակ է պետք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում