Հայաստան-Հունաստան-Իրան առանցքի ստեղծումը կրկին ակտուալ է դառնում

Հայաստան-Հունաստան-Իրան առանցքի ստեղծումը  կրկին ակտուալ է դառնում

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը նաև արտաքին քաղաքականությունը ուղենշող փաստաթուղթղն է, որպես արտաքին քաղաքականության իրականացման հիմնական սկզբունք դիտարկում է փոխլրացման քաղաքականությունը: Այն մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Հայաստանը միջազգային ասպարեզում հարաբերությունները կառուցում է գործընկերության հիմքի վրա` արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ միաժամանակ: Այն ողղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը»:

Եվս մեկ կարևոր սկզբունք, որը կարծես թե այլևս չի շրջանառվում, բազմավեկտորության գաղափարն էր: Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո թվում էր, թե արտաքին քաղականության բազմավեկտոր ուղղությունը դարձել էր միագիծ և միակենտրոն, սակայն ԵՄ-ի հետ նոր ձևաչափով հարաբերությունների շարունակությունը հույսեր է ներշնչում, որ ԵԱՏՄ-ն վերջ չդրեց այդքան տարիներ բավականին հաջողությամբ իրականացվող քաղաքականությանը:

Հայաստանի անկախացմանը հաջորդեց տարածաշրջանում դաշնակիցների ձեռքբերման և համանման շահեր ունեցող պետությունների հետ հարաբերությունների սերտացման գործընթացը: Այդ շահերը հիմնվում էին պատմական-մշակույթային նախադրյալների և քաղաքական համագործակցության նպատակահարմարության վրա: Հայաստանն այսօր հանդիսանալով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ` չի կարող հույս դնել իր դաշնակիցների և գործընկեր-պետությունների վրա: Որոշ հարցերում հավանականությունը մեծ է, որ այդ պետությունները ոչ միայն չեն պահպանի չեզոքություն, այլ նաև դեմ դուրս կգան Հայաստանին: Հաշվի առնելով նման զարգացումները` Հայաստանի համար կարևոր է հուսալի դաշնակիցների որոնումը նաև վերոնշյալ ձևաչափերից դուրս: Կարևոր է ոչ միայն առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, այլ նաև եռակողմ ձևաչափով դաշինքների ստեղծումը: Նման դաշինքներից ժամանակին գործում էր Իրան-Հայաստան-Հունաստան և Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռյակը, սակայն 1990-ականների կեսերին ակտիվ գործող ձևաչափերն իրենց առջև դրված գործնական նպատակներն այդպես էլ կյանքի չկոչեցին: Մինչ 2000-ական թվականների կեսերը Հայաստան-Հունաստան-Իրան ձևաչափը բավականին ակտիվ գործում էր, սակայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո համագործակցությունն աստիճանաբար սառեցվեց:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումն իսկապես լավ հնարավորություն է ընձեռում վերականգնելու դեռևս 1995թ ձևավորված եռակողմ համագործակցության վերականգնումը: Ծրագրի նպատակն էր ակտիվ կապ և բեռնափոխադրումների ծավալների աճ ապահովել մեր տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի միջև: Ենթադրվում էր, որ այդ համագործակցությունը կներառեր կապի և տրանսպորտի, հաղորդակցության, էներգետիկայի, տնտեսության և գիտության տարբեր բնագավառները: Հենց այս համագործակցության շրջանակներում պայմանագիր ստորագրվեց Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին: Ժամանակին նախատեսվում էր առանցքային այս եռյակին միացնել նաև Վրաստանին: Ներկայումս տարածաշրջանային ուժերի դասավորվածությունը միանգամայն այլ տեսք է ստացել, սակայն դեռևս բացառված չէ, որ Վրաստանը, ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, միանա նաև այս եռյակին:

Հայաստանին Հունաստանին և Իրանին, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կապում է ոչ միայն տնտեսական շահը, այլ նաև քաղաքական համագործակցության հեռանկարը: Հայաստանն ու Հունաստանը պատմական հաշիվներ ունեն Թուրքիայի հետ, իսկ թուրք-իրանական հարաբերությունները դարեր ի վեր աչքի են ընկել մրցակցայնությամբ: Իրանը համար ցանկացած դաշինք, որն ուղղված կլինի տարածաշրջանում իր դիքերի ուժեղացմանը և թուրքական ազդեցության նվազեցմանը, ցանկալի է: Այսօր բավականին արդյունավետ գործում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական եռյակը, որին հակակակշիռ տարածաշրջանում այլ ուժ չկա: Հայաստանը պետք է դառնա այնպիսի նախաձեռնողական ուժ, որը թույլ կտա տարբեր երկրների հետ եռաչափ ֆորմատով հարաբերություններ ձևավորել: Իհարկե, այդ հարաբերություններն իսկապես պետք է հիմնված լինեն փոխշահավետության վրա, որպեսզի, ինչպես Ադրբեջանն է համոզված, որ Թուրքիան և Վրաստանը միջազգային ատյաններում իրեն կաջակցեն, նույն կերպ էլ Հայաստանը:

Հունաստանի կողմից արդեն իսկ դրական ազդակներ կան նախկին ձևաչաձը վերականգնելու համար, Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո բաց է համագործակցության համար, այս հարցում կարևոր է Հայաստանի նախաձեռնողականությունը: Իրան-Հայաստան-Հունաստան ձևաչափի վերականգնումը հնարավորություն կտա տնտեսական ոլորտում աշխուժացնել համագործակցությունը, որի կարիքը ճգանաժամային պայմաններում գտնվող երկրները շատ ունեն: Տարածաշրջանը նորովի է ձևափոխվում և յուրաքանչյուր պետություն փորձում է իր դիրքը գտնել այս հարափոփոխ աշխարհում: Ժամանակն է իսկապես փոխլարցող քաղաքականություն վարել, որը թույլ կտա ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում առկա մեր դաշնակիցների ոչ դաշնակցային դրսևորումները լրացնենք այլ դաշինքներում առկա կայուն հարաբերություններով:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում