Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ոչ թե պայմանավորված է միջազգային հանրության կոչով, այլ որ այլևս չեն կարողանում գտնել մարդկային ռեսուրսներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը ոչ թե պայմանավորված է միջազգային հանրության կոչով, այլ որ այլևս չեն կարողանում գտնել մարդկային ռեսուրսներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները, ասաց, թե ադրբեջանցիները դա ասում են, որ դա անում են՝ հետևելով միջազգային կառույցների հորդորներին, մինչդեռ, ըստ քաղաքագետի՝ միջազգային կառույցներն առաջին օրը չէ, որ նման հորդորներով են հանդես գալիս Ադրբեջանի հասցեին:

«Ադրբեջանը փաստացի «լսում է» միայն այն դեպքում, երբ լուրջ կորուստներ է ունենում ռազմի դաշտում: Իրականում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այդ հայտարարությունը ոչ թե պայմանավորված է միջազգային հանրության կոչով, այլ այն փաստով, որ մեծ կորուստներ են ունեցել և այլևս չեն կարողանում գտնել համապատասխան մարդկային ռեսուրսներ՝ ռազմաճակատ ուղարկելու համար»,-հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, թե Ադրբեջանը փորձում է այս իրավիճակում հնարավորինս մեծ օգուտ քաղել. «Բայց պետք է նշել, որ հրադադարի մասին միակողմանի հայտարարել նա ի վիճակի չէ, և դա հնարավոր կլինի առնվազն այն պարագայում, եթե իսկապես մինչև վերջ լսեն միջազգային հանրության հորդորները և վերադառնան իրենց ելման դիրքերը, և ապագայում էլ հրաժարվեն սահմանային իրավիճակը սրելու մարտավարությունից»:

Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է մեկ բան, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր փորձում է խուսափել մեծ կորուստներից և ցույց տալ, թե իրականում մեծ հաջողություններ է ունեցել, ինչը չի համապատասխանում իրականությանը և ընդամենն ապատեղեկատվություն է, որ պաշտոնապես տարածվում է Ադրբեջանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում