Ադրբեջանական հարձակումը փնթի ու վատ պլանավորած գործողություն էր

Ադրբեջանական հարձակումը փնթի ու վատ պլանավորած գործողություն էր

Ադրբեջանա֊արցախյան սահմանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ռազմական և քաղաքական նպատակների և հնարավոր նոր զարգացումների մասին Times.am-ի թղթակիցը զրուցել է փորձագետ Միհրան Հակոբյանի հետ։

Ինչու՞ հենց այս պահին Ադրբեջանն աննախադեպ սադրանքի գնաց:

Ադրբեջանում հասկանում են, որ Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում թուլացել են և գնալով թուլանալու են: Նեոօսմանիզմի գաղափարախոսության տապալման, Սիրիայում կրած ռազմաքաղաքական ֆիասկոյի և Թուրքիայի արևելեքում քրդական ապստամբության պարագայում Ադրբեջանի միակ դաշնակից Անկարան այլևս երբեք չի ունենալու ոչ վաղ անցյալի ազդեցությունը: Այս հանգամանքին գումարենք նաև էներգակիրների վաճառքից ստացվող Բաքվի եկամուտների կտրուկ նվազումը, և կստանանք մի պատկեր, երբ Ադրբեջանն այլևս չի կարող թանկարժեք սպառազինություն ձեռք բերել, խոսել տնտեսական թռիչքների մասին՝ դրանով իսկ «ռազմական գերակայության» դիրքերից փորձելով շանտաժի ենթարկել հայկական կողմին ու միջազգային հանրությանը:

Այդ դեպքում ի՞նչ կարող են շահել Թուրքիան և Ադրբեջանն այս սադրանքից: Քաղաքակա՞ն են արդյոք նրանց սպասելիքները, թե՞ իսկապես Արցախը գրավելու հույս ունեին։

Եթե Ադրբեջանին հաջողվեր տակտիկական առավելության հասնել դիրքային պատերազմում, այսինքն գրավեր 20-25 մարտական հենակետ ճակատի տարբեր հատվածներում ու կարողանար պահել դրանք, ապա Իլհամ Ալիևը կամրապնդեր իր դիրքերը ներքին լսարանի աչքերում, ի լուր աշխարհի կարող էր հայտարարել, որ իր բանակն այլևս 90-ականներին ճակատից չորեքթաթ փախչող հոտը չէ, այլ մարտունակ է և կարող է հաջողություններ գրանցել: Եթե ստացվեր, Ադրբեջանը սա կփորձեր օգտագործել՝ որպես բանակցային նոր խաղաքարտ: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա եվրոպացիների, ռուսների ու ամերիկացիների աչքի գրողը դարձած Էրդողանը կարող էր հանդես գալ որպես արցախյան հակամարտության գոտում հարցեր լուծող, ազդեցություն ունեցող երկրի ղեկավար: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք. Ադրբեջանը զգալի կորուստներով ստիպված է նահանջել, և հենց այս պահին հայկական բանակն է խաղի կանոններ թելադրողը: Համոզված եմ, ստեղծված իրավիճակում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ որոշումներ կկայացնի:

Ի՞նչ ընթացք կարող են ունենալ սահմանային բախումները:

Ակնհայտ է, որ ադրբեջանական հարձակումը փնթի ու վատ պլանավորած գործողություն էր: Չի բացառվում, որ Բաքուն իսկապես ցանկանում է լայնամասշտաբ պատերազմ վարել և սա «հետախուզություն էր մարտով», որն, ի դեպ, տապալվեց: Ապրիլ ամիսն է, մինչև հոկտեմբերի վերջ եղանակային պայմանները բարենպաստ են ռազմական գործողությունների համար, բանակը դաշտերում ու անտառներում չի սառի, ինչպես դա եղավ 1994-ի հունվար-փետրվարին Քարվաճառում: Մյուս կողմից, լայնամասշտաբ պատերազմի ռեսուրս Ադրբեջանը չունի, նույնիսկ մասնակի մոբիլիզացիա չկա Ադրբեջանում: Եթե հաշվի առնենք 2 օրվա ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները՝ տեխնիակական և մարդկային, ինչպես նաև միջազգային արձագանքն ու սահմանային հատվածի ադրբեջանական բնակավայրերում տիրող խուճապային տրամադրությունները, ապա Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հավանականությունն այս պահին քիչ հավանական է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում