Ադրբեջանը տարբեր բնույթի հարաբերությունների է ձգտում Ռուսաստանի հետ հիմնականում ԼՂ-ի հարցի պատճառով. Քննարկում (տեսանյութ)

Ադրբեջանը տարբեր բնույթի հարաբերությունների է ձգտում  Ռուսաստանի հետ հիմնականում ԼՂ-ի հարցի պատճառով. Քննարկում (տեսանյութ)

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, քառօրյա պատերազմի առաջին «զոհերը» հրադադարի ավարտն էր և դիվանագիտական գործընթացի դադարեցումը:

«Կրակը դադարեցնելու մասին ներկայում գործող պայմանավորվածությունը, չի նշանակում վերադարձ հրադադարին: Կարծում եմ, որ հինգ դասեր ամեն դեպքում  քաղել  ենք այս իրավիճակից.  առաջին՝ բավական քիչ լծակներ գոյություն ունեն, որոնք կարող ենք կիրառել ու թույլ չտալ Ադրբեջանին վերսկսելու ռազմական գործողությունները, երկրորդ՝ Ադրբեջանի կողմից նոր ռազմավարությունն էր, որ պետք է  գրավել ու պահել նոր տարածքներ, երրորդ՝ առաջացել է նոր համատեքստ այս իրավիճակի հետ կապված, չորրորդ՝ պետք է վերանայել ներքին իրավիճակը, քանի որ հասարակության կոռումպացվածությունն ավելի շատ է վտանգում երկրի հիմքերը, հինգերորդ՝ պետք է վերանայել արտաքին ազդակները, հատկապես Ռուսաստանի հետ կապված»,-ասաց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ ՀՀ-ն առաջին հերթին պետք է բարեփոխումներ մտցնի պաշտպանական համակարգում, խոսքը վերաբերում է թե՛ որակին, թե՛ քանակին ու պաշտպանական դիրքերին: Բացի սրանից, մյուս կարևոր խնդիրն է՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ, որպեսզի ավելի խորը դիվանագիտական պրոցես տեղի ունենա:

«Մեզ անհրաժեշտ է պակաս հանդուրժողականություն. մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները Ադրբեջանի կողմից: Երկրորդ՝ ԼՂ-ին բանակցային սեղանին վերադարձնելու հարցում պետք է լինենք նաձեռնող ու խիզախ: Մինսկի խումբն ընդունել է, որ կարևոր է Ղարաբաղի վերադառնալը բանակցություններին ու հիմա մենք առավել ակտիվ պետք է բարձրացնենք հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շփման գծում տեղակայի համապատասխան մոնիտորներ՝ պարզելու, թե ով է խախտում հրադադարը, իսկ Հայաստանը պակաս հանդուրժող պետք է լինի շփման գծում:

Ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն իր հերթին նկատեց, որ  էսկալացիա, ռազմական բռնություն տեղի ունեցավ, բայց այն  էական փոփոխության  քաղաքական գործընթացներում չհանգեցրեց. «Չճանաչվեց Արցախի անկախությունը, նրա կարգավիճակը որևէ կերպ չփոփոխվեց, պահպանվեց Մինսկի խմբի ձևաչափը: Մենք կարող ենք խոսել այն մասին, որ փորձ է արվում փոքր-ինչ փոխել «ստատուս քվոն», ավելի ճիշտ՝ շոշափել. թե ինչ աստիճանի փոփոխությունների այն կարող է ենթարկվել: Սա նման է պլաստիրինի է, երբ վերցնում ես մի կտոր ու այն ձգում ես մի կողմ, հետո մի ուրիշ»,- ասաց նա:

Սերգեյ Մարկեդոնովն ընդգծեց՝  անհրաժեշտություն չկա խորանալու  հին ու նոր փաստաթղթերում՝ հասկանալու համար, որ  «ստատուս քվոն» ձեռնտու չէ Ադրբեջանին, ինչի մասին հայտարարել են բազմիցս տարբեր մակարդակներով:

«ԱՄՆ-ն շատ մեծ հետաքրքրություն չունի Ղարաբաղի հարցում, ինչն էլ հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ բանակցություններում»,-եզրափակեց քաղաքագետը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հակադարձեց՝  վերջին զարգացումներից ոչ միայն Երևանը, այլ նաև Մոսկվան պետք է դասեր քաղի.«Ռուսաստանը կորցնելով Հայաստանը, կկորցնի Ադրբեջանը, որովհետև վերջինս տարբեր բնույթի հարաբերությունների է ձգտում  Ռուսաստանի հետ հիմնականում ԼՂ-ի հարցից ելնելով»:

Լուսանկարը և տեսանյութը՝ Մեդիա կենտրոնի

Հետևեք մեզ նաև Telegram-ում