Այն ինչ չարեց Թուրքիան 90-ականներին, կցանկանա՞ անել հիմա

Այն ինչ չարեց Թուրքիան 90-ականներին,  կցանկանա՞  անել  հիմա

Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մեջ նկատվում էր թուրքական հետքը: Որոշ դիտարկումների համաձայն, Թուրքիայի ղեկավարությունը ոչ միայն քաջալերել է Ալիևին դիմելու այս քայլին, այլ նաև հատուկ ջակատայիններ է ուղղարկել` սատարելու Ադրբեջանի զինված ուժերին: Գաղտնիք չէ նաև, որ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Թուրքիան ոչ միայն քաղաքական, այլ նաև մի շարք ասպեկտներով եղել է Ադրբեջանի կողքին, սակայն ուղղակիորեն խուսափել է խոսել այդ մասին` փորձելով թաքցնել ակներև փաստերը: Բացի այդ Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան երկրորդ ճակատ չբացեց Հայաստանի Արևմուտքում, որի համար կային մի շարք պատճառներ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին և փորձենք հասկանալ, թե ինչ է փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ և որքանո՞վ է հավանական Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն Արցախյան հակամարտության թեժացման նոր փուլերին:

Հարկ է նկատել, որ ի սկզբանե Արցախյան հակամարտությունը չի եղել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման: 1992 թ-ի Խոջալուի և Շուշիի ազատագրումից հետո Թուրքիան սկսեց շրջանառել Արցախյան հակամարտությունը նախապայման դանձնելու թեզը, սակայն գործնականում Արցախյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա ազդող գործոն դարձավ 1993թ-ի ապրիլի հայկական կողմի փայլուն հաղթանակներից հետո, երբ ազատագրվեց Քարվաճառը:Թուրքիան փակեց H-50 միջազգային օդային միջանցքը՝ արգելելով իր տարածքով օդանավերի թռիչքները Հայաստան, փակեց Գյումրի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև արգելեց իր տարածքով մարդասիրական օգնության առաքումը Հայաստան․ դադարեցվեց նաև ցորենի մատակարարումը։ Հայաստանը հայտնվեց ադրբեջանա-թուրքական երկկողմանի ապօրինի շրջափակման մեջ: Դրանով Անկարան պաշտոնականացրեց երկու հակամարտությունների առանցքների կապը:

Սակայն 1990-ականների Թուրքիան չենք կարող համեմատել այսօրվա Թուրքիայի հետ: Թուրքիայի այդ տարիների ղեկավարները` նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը, քեմալականության գաղափարակիրներ չէին, սակայն արտաքին քաղաքականության հարցում առաջնորդվում էին հենց այդ սկզբունքներով: Համաձայն «Քեմալականության դոկտրինի»` Թուրքիան պետք է խուսափի մասնակցել երկրի տարածքից դուրս գտնվող հակամարտություններին, բացառությամբ երկու դեպքերի` Հյուսիսային Կիպրոսի և Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի, որտեղ հնարավոր հակամարտությունների բռնկումների դեպքում Թուրքիան պարտավորվում էր իբր պաշտպանել տեղի թյուրք ազգաբնակչությանը: Ադրբեջանի պարագայում մոտեցումը հետևյալն էր. այն անկախ պետություն է և ինքնուրույն պետք է հաղթահարի իր խնդիրները, Թուրքիան չպետք է հակամարտության մեջ մտնի մեկ այլ անկախ պետության հետ:

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը ոչ միայն հեռացել է «Քեմալականության դոկտրինից», այլ նաև արտաքաին քաղաքականության մեձ առաջնորդվում է «արյունակցական» սկզբունքով և հանդես գալիս իսլամական սոլիդարության դիրքերից: Թուրքիան չի խորշում այլ պետությունների տարածքում ռազմական գործողություններ սկսելուց, որի ապացույցն է նաև Սիրիան: Նախկին Օսմանյան կայսրության ժառանգորդը երեք ծովերի համակարգում փորձում է հանդես գալ Իսլամական աշխարհի առաջնորդի դերում և չի վախենում գնալ նույնիսկ մերձավոր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով, ինչպես որ եղավ Իսրայելի դեպքում: Ուստի այս տեսանկյունից 90-ականների փաստարկը չեզոքացել է: Բացի այդ պետք է հաշվի առնենք Թուրքիայի ներկայիս ղեկավարի` Էրդողանի, անկանխատեսելի և բռնկուն բնավորությունը, ով հաճախ առաջնորդվում է զգացմունքայնությամբ:

Ինչպես 1990-ական թթ-ին, այնպես էլ հիմա Թուրքիան թաթախված է ներքաղաքական խնդիրների մեջ, որոնց մեջ հարկ է առանձնացնել քրդական գործոնը: Այդ խնդիրներին ավելացել է նաև փախստականների ճգնաժամը, որը լրացուցիչ բեռ է դարձել Թուրքիայի իշխանությունների վրա: Սակայն այդ նույն փախստականները դարձել են գործիք՝ ներազդելու ԵՄ-ի վրա: Չնայած Թուրքիան այժմ ևս ձգտում է ԵՄ-ի անդամակցությանը, սակայն նախկինի պես հաշվի չի առնում, որ եվրոպական կառույցը խուսափում է կոնֆլիկտային անդամներից, և աջ ու ձախ ներգրավվում է տարբեր հակամարտությունների մեջ:

Թուրքիայի համար նախկինում խոչընդոտ էր 1974թ-ին Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հետ կապված միջազգային արձագանքը: Տակավին 20 տարի չէր անցել այդ իրադարձությունից, և Թուրքիան չէր ցանկանում իր անունը թաթախել հերթական արյունալի պատմության մեջ: Ներկայումս այդ գործոնն այլևս ակտուալ չէ:

Այն ժամանակ կարևոր զսպիչ գործոն էր նաև Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան վախենում էր պահանջատեր դարձած Հայաստանի Հանրապետությունից, ներկայումս Թուրքիան արդեն հաշվի չի առնում այդ հարցի վերաբերյալ նույնիսկ միջազգային կարծիքը:

Եվ իհարկե, նախկինում  կարևոր զսպիչ գործոն էր համարվում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Թուրքիան, հավակնություններ ուներ հասնելու տարածաշրջանային դոմինանտության, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման առաջին տարիներին փորձում էր ավելի զգույշ գործել, պատճառը միայն քաղաքական չէր, այլ նաև տնտեսական: Ռուսական հսկայական շուկան գրավիչ հեռանկարներ էր բացում Թուրքիայի առջև, ուստի հարկավոր էր հարաբերությունները առնվազն նորմալ մակարդակի վրա պահել: Սակայն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և մասնավորապես ռուսական ինքնաթիռի խոցումը ցույց տվեցին, որ ռուսական դրոշն այլևս զսպող գործոն չէ Թուրքիայի համար, և գուցե այս անգամ Թուրքիան չվախենա բացահայտ ռազմական գործողություններ սկսելուց: Ներկայումս, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, որից թուրքական տնտեսությունը բավականին մեծ կորուստներ են կրում, պրագմատիկ հարաբերությունները կարող են իրենց տեղը զիջել բացահայտ ռազմական գործողությունների: Հայ-թուրքական սահմանը նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահմանն է և գուցե այս անգամ ևս Թուրքիան զերծ մնա Հայաստանի Հանրապետության վրա հարձակվելուց, սակայն Արցախյան նոր պատերազմի դեպքում կանխատեսելի է, որ թուրքական օգնությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քանի մինչ 1994թ-ի զինադադարը:

Ներկայիս Թուրքիան, անկախ ներքաղաքական, տնտեսական և արտաքին քաղաքական խնդիրներից անհամեմատ ավելի հզոր է, քան 1990-ականներին և պատահական չէ, որ Էրդողանը առիթը չի կորցնում հայտարարելու. «Եթե 90-ականների սկզբին Թուրքիան ուժեղ լիներ ինչպես այսօր, ապա ղարաբաղյան հակամարտություն չէր լինի»:

Այսպիսով, եթե ամփոփ ներկայացնենք պատկերը, ապա կարելի է փաստել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մի շարք գործոններ կան, որոնք կարող են խոչընդոտել Թուրքիային ուղղակի մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտության մեջ կամ հայ-թուրքական սահմանը ապակայունացնել, սակայն կան նաև հանգամանքներ, որոնց կապանքներից ազատվել է Էրդողանի ղեկավարած երկիրը, որը գործելու ավելի լայն հնարավորություն կընձեռի Թուրքիային: Չմոռանանք նաև, որ ներկայիս Ադրբեջանը շատ ավելի հզոր է և Թուրքիայի հետ ձգտում է հարաբերվել ոչ թե փոքր եղբոր կարգավիճակով, այլ հավասարության սկզբունքով,որի համար բավականաչափ ազդեցության լծակներ ունի: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախյան հակամարտության   մեջ գնալով մեծանալու է և  ինչ ակնկալիքներ, որ Ադրբեջանն ուներ Թուրքիայից  1991-1994թթ-ին  գուցե իրականան  ներկայումս:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում