Ձայն բարբառո հանապատի՞, թե՞ ԵՄ-ն կստիպի Թուրքիային արձագանքել իր կոչերին

Ձայն բարբառո հանապատի՞, թե՞ ԵՄ-ն կստիպի Թուրքիային  արձագանքել  իր կոչերին

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 14-ին կայացած լիագումար նիստում ընդունել է 2015թ-ին Թուրքիայի առաջընթացի մասին բանաձևը: Բանաձևի 1-ին բաժնի 8-րդ կետում Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Հայաստանին և Թուրքիային շարունակել իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը և «առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ»: Խորհրդարանը նաև կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը, ինչն էլ կբերի հարաբերությունների զարգացման` հատկապես միջսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման: Բանաձևում հղում է կատարվել նաև 2015թ-ին զեկույցին կրկին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այս զեկույցն անշուշտ շարժել է Թուրքիայի զայրույթը, և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանակցող Բեքիր Բոզքըրն, անդրադառնալով Եվրոպայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին, նշել է. «Անցյալ տարվա զեկույցն էլ հաշվի չառանք և հետ հանձնեցինք։ Այս տարի էլ, ցավոք, նույն քայլը տեղ է գտել ԵԽ-ի՝ Թուրքիայի հարցով զեկույցում։ Չնայած մեր բոլոր ջանքերին, բոլոր հնարավորություններն օգտագործելուն, այդ անդրադարձը շրջանցել հնարավոր չեղավ։ Այդ պատճառով այս զեկույցը ևս առոչինչ ենք համարելու, և մեր ներկայացուցիչը հանձնելու է ԵԽ-ին»,-ասել է նա։

Չնայած այդ հանգամանքին, որ Թուրքիան հաշվի չի առնում ԵՄ-ի զեկույցները և նույնիսկ առոչինչ համարում, սակայն կարևոր է մեզ համար այն քայլը, որ ԵՄ-ն նույնիսկ Հայոց ցեղասպանության 100 ամյակից հետո Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առաջընթացի կարևոր գործոն: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձն` ակնհայտ է այն օրինաչափությունը, որ ԵՄ սովորաբար անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանությանը, երբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարիք կա:

Այսպես, ԵՄ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1987թ-ին հունիսի 18-ի «Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձև»- ով: Բանաձևում, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կողմից 1948թ-ին ընդունված Ցեղասպանության մասին բանաձևը, 1915-1917թթ-ին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի նկատմամբ ողբերգական իրադարձությունները ճանաչվել են, որպես Ցեղասպանություն: Այց քայլը կատարվել է այն բանից հետո, երբ 1987 թ-ի ապրլի 14-ին Թուրքիան ԵՄ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել, և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը հերթական լծակն էր Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, որն այդպես էլ քաղաքական լուրջ հետևանքների չհանգեցրեց:

ԵԽ-ում ընդունված հաջորդ բանաձևը, որում հիշատակվեց Հայոց ցեղասպանության մասին 2000թ-ի նոյեմբերի 15-ին «Թուրքիայի անդամակցության առաջադիմության վերաբերյալ բանաձև»-ում կոչ էր անում թուրքական կառավարությանը և Ազգային մեծ ժողովին աջակցություն հատկացնել հայ փոքրամասնությանը, որպես թուրքական հասարակության անբաժանելի մասնիկի և ճանաչել Ցեղասպանությունը, որը կատարվել է ժամանակակից թուրքական պետության ստեղծումից առաջ:

ԵՄ-ի հերթական բանաձևն իրեն այնքան էլ երկար սպասեցնել չտվեց. 2002թ-ին «Հարավային Կովկասին վերաբերող բանաձև»-ով ևս մեկ անգամ առաջարկեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում հատկանշական է այն փաստը, որ ԵՄ-ն առաջարկում էր ստեղծել պատմաբանների միջազգային կոմիտե, որոնք կուսումնասիրեին 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: 2005թ-ին «Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձև»-ի 5-րդ կետում կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դա դիտարկվում էր, որպես Թուրքիայի անդամակցության նախապայմաններից մեկը:

Այդ բանաձևի ընդունումից 10 տարի անց 2015թ-ի ապրիլին ընդունվեց մի փաստաթուղթ, որի 77-րդ կետում նշվում է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արվում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը պատահական չէ, քանի որ ԵՄ-ն և Թուրքիան փախստականների խնդրով գործարքի մեջ են մտնում: Թուրքիան ԵՄ-ի առջև պահանջներ է դրել, մասնավորապես ազատ մուտքի իրավունք Թուրքիայի քաղաքացիների համար և Թուրքիայի անդամակցության հարցում նոր գլխի բացում, որը ԵՄ-ի համար անընդունելի է: Փակուղուց դուրս գալու համար ԵՄ-ն փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ չեզոքացնելու Թուրքիայի պահանջները: Ցեղասպանության հիշատակումն էլ այս համատեքստում կատարված քայլ է, որը սակայն չպետք է թողնենք անհետևանք մնա: Քանի դեռ ԵՄ-ն Թուրքիայի վրա մահակ կիրառելու քաղաքականություն է վարում, Հայաստանը պետք է օգտվի իրավիճակից՝ նոր թափ հաղորդելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կարևոր է նաև օգտագործել պահը և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը կապել թուրք-ադրբեջանական հակահայկական օրակարգի և պանթուրքական նկրտումների հետ: Ցանկալի է այս պարագայում ԵՄ-ի անդամ երկների համար ընգծել այն կապը, որ Թուրքիան 100 տարի առաջ տարածաշրջանը հայաթափելու ձախողված քաղաքականությունը փորձում է ներկայումս կենսագործել Ադրբեջանի ձեռամբ: Եվ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախյան հակամարտությանն ու մասնավորապես ապրիլյան վերջին պատերազմին ակնառու է: Թերևս այս պարագայում ԵԽ բանաձևերը կդադարեն սոսկ փաստաթղթեր մնալուց, որոնց ՀՀ-ն կարող է հղումներ կատարել միջազգային տարբեր հարթակներում: ԵՄ-ի համար ևս կարևոր է, որպեսզի Թուրքիային հասցեագրված պահանջները անհասցե չմնան,  հակառակ դեպքում ԵՄ-ի կոչերը դառնում են ձայն բարբառո հանապատի: Որպեսզի ԵՄ-ի կոչերը լսելի դառնան, Թուրքիայի հետ պետք է խոսել պատժամիջոցների լեզվով, որին ԵՄ-ն չի շտապում դիմել:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում