Վարդգես Բաղրյան. Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը նոր թափ տվեց Արցախի ճանաչման գործընթացին

Վարդգես Բաղրյան. Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը նոր թափ տվեց Արցախի ճանաչման գործընթացին

Ապրիլյան քառօրյա պատերազմն իրականում շատ բան է փոխել թե մեր մեջ և թե արտաքին աշխարհի` մեր մասին ունեցած պատկերացումներում: Ակնհայտ է, որ փոփոխված իրավիճակում պետք է որոշակի խմբագրման ենթարկվեն ու վերափոխվեն նաև մեր քաղաքական առաջնահերթությունները: Չմերժելով որևէ միջազգային կառույցի հետ համագործակցության հնարավորությունը, պետք է մեր հույսը միայն ու միայն մեզ վրա դնենք,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ժողվրադավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:

Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր միակ դաշնակիցը զինվորն է ու մեր հայրենակիցը: Արդյոք հնարավոր չէ՞ իրավաքաղաքական ճանապարհով անվտանգության երաշխիքներ ձեռք բերել:

Հնարավոր է, եթե մեր հակառակորդը մի փոքր ողջամիտ լինի և իր մաքսիմալիստական նկրտումներից զերծ մնա: Մենք նախ և առաջ մեր հույսը պետք է դնենք մեզ վրա: Դա ցույց է տվել ոչ միայն այս քառօրյա, այլև 1990-ականների քառամյա պատերազմը: Քանի դեռ մեր թշնամին ուզում է ամեն ինչ`ասելով, որ ոչ միայն մեր ազատագրված ու Արցախի հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքներն է իրենը, այլև Երևանն ու Սևանը, մենք պիտի ճիշտ հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Իմ խորին համոզմամբ, մենք չպիտի տարածքների հարց քննարկենք: Մենք պաշտպանում ենք այն, ինչ մերն է, մեր զինվորը կանգնած է հայրենիքի այն սահմաններին, ինչ մերն է: Մենք պիտի էլ ավելի հզորացնենք մեր բանակը: Այս քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս վկայեց, թե որքան միասնական ենք մենք: Ես սիրում եմ գործածել Նժդեհի` ազգ-բանակ ձևակերպումը: Եթե ազգը բանակ է դառնում, նա անպարտելի է: Մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը, մնացած հարցերը ածանցյալներ են:

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդեն սպառել է իրեն կամ հետ է մնացել իրադարձությունների զարգացումներից: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք Մինսկի խմբի աշխատանքից:

ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է 1992թ: Ասել, թե այն ամբողջովին սպառել է իրեն, կարծում եմ ճիշտ չէ, որովհետև գոնե այսօրվա դրությամբ չեմ տեսնում մեկ այլ կառույց, որը զբաղվի Ղարաբաղյան հիմնախնդրով: Ցանկացած, թեկուզ փխրուն խաղաղություն ավելի լավ է, քան պատերազմը: Այդ առումով Մինսկի խմբին հաջողվել է ինչ-որ բան անել: Թեև, ես հաստատ մնում եմ իմ կարծիքին, որ այս տարիների ընթացքում խաղաղությունն ապահովում էր Հայոց բանակը` մեր զինված ուժերը, այլ ոչ Մինսկի խումբը կամ ինչ-որ խաղաղապահ ուժ: Մենք, իհարկե, հարցեր ունենք Մինսկի խմբին` իրենց անհասցե ու համահարթեցման սկզբունքով արված հայտարարությունների հետ կապված: Այդ հարցերը, որքան ես տեղյակ եմ, տրվում են նաև ամենաբարձր մակարդակով: Ի վերջո, պետք է սևին ասել սև, սպիտակին` սպիտակ: Ես այն տպավորությունն ունեմ, որ Միսկի խումբն ու, ընդհանրապես, միջազգային հանրությունը շատ լավ գիտի ինչն` ինչոց է: Պարզապես արդեն ոչ թե երկակի ստանդարտներ են գործում, այլ քառակի կամ բազմակի: Իհարկե, կան նաև գործիչներ ու կառույցներ, որոնք կարողանում են օբեկտիվ լինել ու ճշմարտության կողքը կանգնել:

Այս պարագայում չե՞ք կարծում, որ Մինսկի խմբի համահարթեցման սկզբունքը հօգուտ Ադրբեջանի է գործում:

Իհարկե, դրա համար էլ Ադրբեջանն օր օրի լկտիանում է: Նույնիսկ արգելված զենքեր են օգտագործել, ռազմական հանցագործություններ կատարել, բայց դարձյալ միևնույն անդեմ հայտարարությունն ու հին երգը: Ու քանի դեռ այդպես է, Ադրբեջանը կրկին փորձելու է նույնը անել, փորձելու է և հուժկու հակահարված է ստանալու: Ես համոզված եմ, որ այս անգամ մարտական գործողություններն արդեն ուրիշ տեղ են ընթանալու և մենք էլի ենք ազատագրված տարածքներ ունենալու: Հայոց ոգու զարթոնքը դրա գրավականն է:

Միգուցե լավ բան չեմ ասում, բայց Ադրբեջանի այս փորձը էլ ավելի համախմբեց մեր ազգը: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանն իմանար, որ սա էր լինելու իր արկածախնդրության ելքը, ոչինչ էլ չէր անի, որովհետև մենք իսկապես ապացուցեցինք, որ մենք անպարտելի ենք: 

Ինչպես 1994թ. հետո, նույնպես և հիմա Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման մասին պայմանավորվածությունը, որը հենց իրենց խնդրանքով է ձեռք բերվել: Ըստ Ձեզ, ինչի՞ համար է այսօր Ադրբեջանն օգտագործում այս հրադադարը:

Եթե փորձենք բռնցքամարտի տերմինաբանությամբ ասել, ապա 1994թ. գոնգը փրկեց Ադրբեջանին: Երբ նրանք ոտ ու ձեռ ընկան, աղերսեցին և Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար կնքվեց: Նույնը և այս անգամ եղավ: Ադրբեջանը դա չթաքցրեց ու Մեդվեդևին շնորհակալություն հայտնեց պատերազմի դադարեցման համար: Պատճառն այն է, որ Ալիևը հասկացավ, որ շարունակվելու դեպքում պատերազմն ինչ հետևանքներ է ունենալու: Դրա համար էլ կրկին վազեցին Մոսկվա` զինադադար խնդրելու: Բայց ես չեմ կարծում, որ նրանք այնքան խելոքացան, որ այլևս չեն փորձելու խախտել այն: Նրանք էլի են փորձելու` երբ իրենց պետք լինի: Սին պատրանքները, որ Ադրբեջանը կարող է պահպանել ինչ-ինչ պայմանավորվածություններ մենք պետք է չունենանք: Ակնհայտ է ու արդեն ապացուցված, որ նրանց նպատակը ոչ թե որևէ բարձունք կամ հենակետ գրավելն էր, այլ Ստեփանակերտ հասնելը: Այդպես էր միշտ`1994թ սկսած: Երբ Ադրբեջանը զգաց, որ պատրաստ է պատերազմի ու կարող է ինչ-որ հաջողություն ունենալ, նա ոչնչի առաջ չի կանգնի: Ուղակի մենք շատ ավելի ուժեղ ու պատրաստ պիտի լինենք: Ադրբեջանն ինչ միջոցներ էլ ձեռնարկի , միևնույն է, դեմ է առնելու մեր առաջնագծին, որն այսուհետ շատ ավելի ամուր ու պաշտպանված է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման իրավաքաղաքական ճանապարհն, ըստ ձեզ, որը կարո՞ղ է լինել:

Ղարաբաղյան հիմնախնդրի անկյունաքարը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Թեև, եթե գանք նաև տարածքային ամբողջականությանը, որն Ադրբեջանը դարձրել է հաղթաթուղթ, այստեղ նույնպես Ադրբեջանը որևէ իրավական հիմք կամ հենք չունի: Որովհետև այդ ե՞րբ է Ղարաբաղը եղել Ադրբեջանի հանրապետության կազմում, այդ երբ է, որ գոյություն է ունեցել Ադրբեջան պետություն, ո՞մ համար հայտնի չէ, թե ե՞րբ է ստեղծվել Ադրբեջան հանրապետությունն ու ինչպե՞ս և ե՞րբ է Ղարաբաղը բռնակցվել նրան: Պատմական կամ իրավական ոչ մի առումով, ոչ մի օրենքով կամ օրենքի կետով Ադրբեջանը չի կարող պնդել, որ Ղարաբաղը իրենն է: Արցախյան շարժումն էլ 1988-ին չի սկսել: Այն սկսել է նույն օրը, երբ Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին: 1988-ին այն ուղակի մեծ թափ է ստացել և հանգեցրել պատերազմի: Արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք: Ես սա ասում եմ ոչ թե որպես հայ մարդ, այլ մարդ, ով լավատեղյակ է պատմական անցքերին ու մերօրյա զարգացումներին:

Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը կարո՞ղ է մեզ անվտանգության երաշխիքներ տալ:

Իհարկե, կարող է: Ասեմ ավելին, Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն էլ ավելի թափ տվեց մեր հանրապետության ճանաչման գործընթացին: Բայց ասել, որ դրանով բոլոր հարցերը կհարթվեն, սխալ կլինի: Ինչպես ասում են` տառապանքս փորձ ունի: Մենք լավ գիտենք մեր թշնամուն: Նույնիսկ քնած ժամանակ` մեր մի աչքը պիտի բաց լինի:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում