Կվիրիկաշվիլին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններ անցկացնել Վրաստանում

Կվիրիկաշվիլին առաջարկել է Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններ անցկացնել Վրաստանում

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունը գիտակցում է, թե տարածաշրջանի համար որքան կարեւոր է խաղաղության պահպանումը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, վարչապետն այս հայտարարությունն արել է Ստրասբուրգում՝ պատասխանելով լրագրողների հարցին:

Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Վարչապետն առաջարկել է հակամարտության կողմերին՝ խաղաղ բանակցություններ անցկացնել Վրաստանում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրվելուց անմիջապես հետո ես մի քանի հայտարարություն եմ արել եւ պաշտպանել հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: Մենք շահագրգռված ենք, որ Կովկասում խաղաղություն լինի: Այդ հակամարտությունը կարող է բացասաբար ազդել ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Ուստի մենք գիտակցում ենք՝ որքան կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվի խաղաղությունը: Դրա համար մենք կարող ենք Վրաստանն առաջարկել որպես խաղաղ բանակցությունների անցկացման վայր: Մենք ուրախ ենք, որ վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղում իրադրության լիցքաթափման նշաններ են նկատվում: Հուսով ենք, որ այդ հակամարտությունը կկարոգավորվի խաղաղ ճանապարհով»,– հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում