Վրաստանի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի վարկանիշներն անկում են արձանագրել

Վրաստանի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի վարկանիշներն անկում են արձանագրել

Հայտնի են դարձել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Վրաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրության մի քանի արդյունքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, հետազոտությունները կատարվել են մարտի վերջին-ապրիլի սկզբին: IRI-ն դրանց արդյունքներին արդեն ծանոթացրել է Վրաստանի քաղաքական սուբյեկտներին: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ երկրում նախագահի ինստիտուտին լավ է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը: Ճիշտ նույնքանն էլ՝ 46 տոկոսը, հակառակ պատասխանն է տալիս: 2015 թվականին նախագահի ինստիտուտի վարկանիշը կազմում էր 51 տոկոս, 2014-ին՝ 64 տոկոս: Նախագահի ինստիտուտն ամենաբարձր վարկանիշն ուներ 2004 թվականի մայիսին՝ 84 տոկոս, ամենացածրը՝ 2003 թվականին՝ 20 տոկոս:

Վրաստանի կառավարությանը 2016 թվականին դրական է վերաբերվում հարցվածների միայն 36 տոկոսը այն դեպքում, երբ 2015-ին այդ ցուցանիշը կազմում էր 48 տոկոս, 2014-ին՝ 69 տոկոս, 2013-ին՝ 79 տոկոս եւ 81 տոկոս: Կառավարությունը նման ցածր ցուցանիշ ունեցել է 2007 թվականին՝ 36 տոկոս: Վրաստանի կառավարության ամենացածր վարկանիշը գրանցվել է 2003 թվականի մարտին՝ 17 տոկոս:

Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա նրան լավ է վերաբերվում հարցվածների միայն 34 տոկոսը: Երկրի օրոնսդիր մարմնի ամենացածր վարկանիշը եղել է 2003 թվականի մայիսին՝ 18 տոկոս: 2015 թվականին խորհրդարանին լավ էր վերաբերվում հարցվածների 49 տոկոսը, 2014-ին՝ 68 տոկոսը, 2013-2012 թվականներին՝ 81 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում