Դավիթ Իշխանյան. «Մադրիդյան սկզբունքները պետք է կազմաքանդել»

Դավիթ Իշխանյան. «Մադրիդյան սկզբունքները պետք է կազմաքանդել»

Մադրիդյան սկզբունքները չեն բխում մեր ազգային ու պետական շահերից: Այդ սկզբունքները պետք է կազմաքանդել և նոր մոտեցումներ որդեգրել: Այս քառօրյա պատերազմը մեզ ոչ միայն տալիս է այդ հնարավորությունը, այլև ստիպում, թելադրում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Քառօրյա պատերազմի արդյունքում հակամարտությունը տեղափոխվեց մեկ այլ հանգրվան: Ի՞նչ է պետք անել ռազմական հաջողությունը արձանագրելու և հիմնախնդրի կարգավորման գործընթացում նույնպես առաջընթաց ունենալու համար:

Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է դիտարկել ոչ թե քառօրյա պատերազմի պրիզմայով, այլ հիմնախնդրի ամբողջական ընդհանրության մեջ: Գուցե քառօրյա ռազմական գործողություններին հաջորդի որոշակի կայունություն, այնուհանդերձ, հիմնախնդիրը վերջնական ու ամբողջական կարգավորման կարիք ունի: Կարելի է ենթադրել, որ մենք դեռ երկար ժամանակ ենք ունենալու ոչ միայն բախումներ, այլև բավականին լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ` թե ղարաբաղյան և թե հայաստանյան ճակատներում: Հարցին պետք չէ մոտենալ ոչ քառօրյա և ոչ էլ 1990-ականների պատերազմի արդյունքերով: Պետք է դիտարկել ղարաբաղյան հիմնախնդրի արմատները, այն նախադրյալները, որոնք մեզ ստիպեցին դիմել ազգային-ազատագրական պայքարի, ուսումնասիրել, թե ինչ հեռանկարներ էինք պատկերացնում և ինչ արդյունքներ ստացանք: Այդ առումով, թերևս, այս հանգրվանում, ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի, այլև համանախագահող երկրների` շահագրգիր կողմերի ձգտումները կան կարգավորումը խաղաղ, բանակցային փուլ վերադարձնելու ուղղությամբ: Ի վերջո, այս 22 տարիներին պահպանված ստատուս քվոն և փխրուն խաղաղությունը մասամբ նաև նրանց ջանքերի արդյունքն է: Կարծում եմ` այն ջանքերը, որոնք գործադրվել և գործադրում են կարող են տալ իրենց դրական արդյունքները:

Դուք հավատու՞մ եք, որ բանակցային գործընթացն ի վերջո կհանգեցնի հիմնախնդրի կարգավորման:

Ես հավատում եմ մեր սեփական ուժերին և ուզում եմ, որ բոլորս հավատանք ինքներս մեզ: Պետք է ասել, որ չնայած անորոշության որոշակի բաղադրիչներին, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր է: Սեփական ուժերին ապավինելով մենք կարող ենք դիմակայել ու հաղթահարել մեր առաջ ծառացած ցանկացած մարտահրավեր: Ցանկացած հիմնահարցի շուրջ էլ բանակցություններ են ծավալվում: Կարծում եմ ` բանակցային գործընթացը շարունակական պետք է լինի: Իմ խորին համոզմամբ` հիմնախնդրի լուծումն ու եզրահանգումն էլ հենց բանակցային սեղանի շուրջ է լինելու: Բայց չեմ ուզում վստահել այդ գործընթացի մեջ ներգրավված շահագրգիռ կողմերին, որովհետև մենք անցած 20 տարիներին ականատեսը եղանք նրանց միակողմանի մոտեցումներին ու երկակի ստանդարտներին ու հատկապես, վերջին տարիներին Ադրբեջանի սանձարձակ պահելաձևին գնահատական չտալուն: Բայց նաև պետք չէ, կասկածի ու հարվածի տակ դնել Մինսիկ խմբի գործունեությունը: Չպետք է մոռանալ, թե ինչ հետևողականությամբ է Ադրբեջանը փորձում տապալել Մինսկի խմբի ձևաչափը` նպատակ ունենալով այն տեղափոխել այնպիսի հարթակներ, որտեղ թուրքական գործոնն ավելի ազդեցիկ կլինի: Այս պարագայում մեր քայլերը պետք է խիստ հաշվարված լինեն, որպեսզի մենք Ադրբեջանի ջրաղացին ջուր լցրած չլինենք:

Քառօրյա պատերազմը կարո՞ղ է բեկումնային լինել բանակցային գործընթացի համար` Արցախը բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու առումով:

Ստեղծվել է ռազմաքաղաքական նոր իրավիճակ: Նոր իրավիճակը, բնականաբար, թելադրում է նոր մոտեցումների ու նոր սկզբունքների որդեգրում: Այս համատեքստում մենք ակնկալում ենք Արցախի ուղակի ներգրավվածությունը բանակցային գործընթացին: Կարելի է նաև որոշակի հույսեր ունենալ կապված տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի համանախագահների կողմից մեսիջի կարգով ակնարկի հետ` ղարաբաղյան կողմի բանակցային գործընթաց վերադառնալու մասին: Կարծում եմ` այստեղ հայկական կողմը լուրջ անելիքներ ունի: Ի վերջո, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը և հենց նրա նախահարձակ լինելու հանգամանքն է հարցականի տակ դրել 1994թ. կնքված զինադադարը: Այդ զինադադարի համաձայնագրի խախտումն էլ մեզ բավարար պայմաններ է տալիս գործընթացում նոր ձևաչափ արձանագրելու: Իսկ նոր ձևաչափը` արցախյան կողմի ներգրավվածությունն է բանակցային գործընթացին: Կարծում եմ` այդ ջանքերը եղել են ու այսօր էլ կան: Բայց քառօրյա պատերազմը նաև քաղաքական առիթ է ստեղծել դրա համար: Կարծում եմ` դա գիտակցում են նաև համանախագահները: Թերևս վաղ է այդ մասին խոսել, որովհետև Ադրբեջան-Հայաստան բանակցությունները վերսկսելու նախադրյալներ դեռևս չկան: Համանախագահների ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերն էլ միտված էին նախ հրադադարի ձեռքբերման, ապա կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Բայց այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա ապագա գործընթացի ոչ միայն ձևաչափի, այլ, ընդհանրապես, բանակցությունների վերսկսման մասին: Լավրովի պատգամն առ այն, որ 1994թ. կնքված զինադադարն ուժի մեջ է և անժամկետ է, հենց ադրբեջանական կողմին էր ուղղված այն առումով, որ վերջինս նպատակ ուներ չեղարկել այդ համաձայնագիրը հենց արցախյան կողմի ներկայացվածության պատճառով: Որովհետև ժամանակին եռակողմ ստորագրված փաստաթուղթը Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադառնալու լուրջ հեռանկար է ստեղծում:

ՌԴ արտգործնախարարի այցից պարզ դարձավ, որ բանակցային սեղանին որևէ նոր փաստաթուղթ չկա, իսկ կազանյան փաստաթուղթն էլ` հայկական կողմը չի մերժել:

Սպասել, որ Լավրովն իր հետ որևէ նոր փաստաթուղթ կբերեր, կարծում եմ, միամտություն է, որովհետև բանակցային գործընթացում ներգրավված երեք երկրներ` Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, և որևէ նոր փաստաթուղթ պետք է նաև նրանց համաձայնությամբ լինի: Իսկ որոշ նոր մոտեցումներ ու առաջարկներ Ռուասաստանը, իհարկե, կարող է ունենալ: Իսկ առայժ բանակցային գործըթնացը կարող է վերսկսվել միայն Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքների կամ դրանց նորացված տարբերակի` Կազանյան փաստաթղթի հիման վրա:

Ես և մեր կուսակցությունը բազմիս արտահայատել ենք մեր կարծիքն առ այն, որ այդ սկզբունքները չեն բխում մեր ազգային ու պետական շահերից: Այդ սկզբունքները պետք է կազմաքանդել և նոր մոտեցումներ ցուցաբերել: Այս քառօրյա պատերազմը մեզ ոչ միայն տալիս է այդ հնարավորությունը, այլև ստիպում, թելադրում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Քառօրյա պատերազմն արդյո՞ք փոխփոխության է ենթարկել մեր քաղաքական առաջնահերթությունները:

Այս իրադարձությունները ոչ միայն մեր քաղաքական առաջնահերթությունների օրակարգն են փոխել, այլև ամբողջովին նոր սկզբունքներ ու մոտեցումներ որդեգրելու պարտադրանքի տակ են դրել: Անելիքներն ավելի շատ ներքին քաղաքականությանն են վերաբերում, քան արտաքին: Ի վերջո, մենք տեսանք, որ կառավարման համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա, պետք է վերանայել հասարակության նկատմամբ մեր փոխհարաբերություններն ու և հասարակության ապագային միտված ծրագրերը: Իսկ արտաքին ճակատում մեր գերակա խնդիրը եղել և մնում է Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը, իսկ ահա մեր ներսում` անելիքները շատ են: Արցախի հանրապետության ճանաչման գործընթացն, անշուշտ, որոշակի հաջողություններ ունի: Ի դեմս ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ընդունած սահմանադրությամբ մենք կառուցում ենք մի երկիր, որն իր չափորոշիչներով համապատասխանում է ժողովրդավարության ճանապարհն ընտրած քաղաքակիրթ պետության բոլոր չափորոշիչներին:

Պատերազմական օրերին մենք ականատեսը եղանք հայ ժողովրդի միասնականության ոգու զարթոնքի: Ի՞նչ պետք է անել այդ հսկայական էներգիան ճիշտ ուղղությամբ ուղորդելու և այն մեր ազգի հզորացմանը ծառայեցնելու համար:

Համաժողովրդական շարժումը նման է հոսող ջրի, որը միշտ էլ իր ուղին գտնում է: Մեզ համար այն նոր երևույթ չէ: Եթե կարողանանք ճիշտ ուղորդել համաժողովրդական այս ալիքը, կարող ենք թռիչքային զարգացում ունենալ: Այն զարգացումը, որի մասին միշտ երազել ենք:

Ոչ իր և ոչ էլ միջազգային որևէ կառույցի խոսքը չհարգող թշնամու հարևանությամբ ապրելու և հաղթելու բանաձևը ո՞րը կարող է լինել:

Ուժեղանալ: Միայն ու միայն ուժեղանալ է պետք: Բայց ուժեղանալ չի նշանակում այնքան սպառազինվել, որ ամբողջ երկիրը զինանոց դառնա: Ուժեղանալ նշանակում է բոլոր ոլորտներում ուժեղ լինել, ճիշտ օգտագործել համազգային ներուժը, մեզ վերապահված ու Աստծո կողմից մեզ ընձեռնված մտավոր կարողությունները, ճիշտ օգտագործել ստեղծված քաղաքական պայմանները, երբեմն նաև ստեղծել այդպիսի պայմաններ: Պետք է մեր առջև ուրվագծենք ոչ թե կարճաժամկետ նպատակներ, այլ զարգացման երկարաժամկետ ծրագրեր ունենանք:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում