ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինվորականները ժամանել են Բաթում՝ նախապատրաստվելու համատեղ վարժանքներին

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինվորականները ժամանել են Բաթում՝ նախապատրաստվելու համատեղ վարժանքներին

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինվորական պապվիրակությունը ժամանել է Վրաստան՝ ծանոթանալու Բաթումի ծովային նավահանգստի ենթակառուցվածքային հնարավորություններին, որով ամերիկյան ռազմական տեխնիկա է հասցվելու մայիսին պլանավորված լայնածավալ համատեղ վարժանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

«Նավահանգիստ այցի ընթացքում խոսվել է մայիս ամսին պլանավորված «Արժանի գործընկեր» վարժանքների մասին եւ արծարծվել է Բաթումի նավահանգստի օգնությամբ ռազմական տեխնիկայի ներկրման հարցը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու համագործակցությունը լոգիստիկայի տեսանկյունից»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Մեր պետվիրակության կազմում սպաներ են ընգրկված ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության կազմից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եւ Եվրոպայի երկրներից: Մենք ժամանել ենք Վրաստան, որպեսզի ծանոթանանք Բաթումի նավահանգստի հնարավորություններին, տեսնելու՝ որքան արագ կկարողանանք տեխնիկա բերել»,- հայտարարել է գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ բեն Հոջեսը:

Վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» ընդգրկուն զորավարժությունները տեղի են ունեցել անցյալ տարվա մայիսին վրացի 400 եւ ամերիկացի ավելի քան 200 զինվորականների մասնակցությամբ: Դրանք անցկացվել են Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում:

Հատուկ անցյալ տարվա զորավարժությունների համար Վրաստան էր հասցվել ամերիկյան ծանր ռազմական տեխնիկա, ներառյալ «Բրեդլի» հետեւակի 14 մարտական մեքենա, լոգիստիկայի ապահովման մեքենաներ, ինչպես նաեւ վարժանքների համար նախատեսված հանդերձանք: 2016 թվականին պլանավորված վարժանքների համար ԱՄՆ-ից կժամանեն մեքենայացված եւ հետեւակային ստորաբաժանումների զինծառայողներ: Այս տարի նույնպես վարժանքներում գործի կդրվեն Abrams ամերիկյան տանկեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում