Գագիկ Բաղունց. Մադրիդյան սկզբունքները չեն կարող ելակետային հիմնադրույթ լինել բանակցությունների համար:

Գագիկ Բաղունց. Մադրիդյան սկզբունքները չեն կարող ելակետային հիմնադրույթ լինել բանակցությունների համար:

Պետք է սեփական ռազմաարդյունաբերությունն ունենաք: Որովհետև, տեսանք, որ 21-րդ դարի պատերազմը տեխնոլոգիական պատերազմ է և գնալով այդ բաղադրիչն էլ ավելի կկարևորվի,- համոզված է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցը:

Ի՞նչ պետք է անել, որ այս պատերազմը հակամարտության կարգավորման տանող ճանապարհին ոչ թե հերթական սրում, այլ առաջընթացի հանգրվան դառնա:

Այսպիսի փիլիսոփայական միտք կա` նրա համար, ով հստակ նպատակ չունի, ոչ մի քամի էլ չի կարող ուղեկից լինել: Այն մարդը կամ երկիրը, ով չի կարող սեփական խնդիրներն ու խնդիրների լուծումը հստակ նշել, կողմնակիցներ չի ունենա: Գնահատելով ստեղծված իրավճակն ու մեր անելիքները` ես գալիս եմ այն եզրակացության, որ Ադրբեջանի դեմ մեր դիմադրողականության պոտենցիալի բարձրացումը կախված է հիմնականում երեք բաղադրիչներից: Առաջինը արտաքին քաղաքական և ռազմատեխնիկական օգնությունն է, երկրորդը` մեր սեփական ֆինանսական ու ռազմաարդյունաբերության պոտենցյալը և, վերջապես, մարդկային ռեսուրսը:

Մեր ոչ արդյունավետ արտաքին քաղաքականության արդյունքում ունեցանք այն, որ մեր ռազմավարական դաշնակիցը, ոչ միայն մեզ չի օգնում, այլև վնասում է` զինելով մեր թշնամուն:

Մեր ֆինանսական միջոցների օգտագործումը շատ հեռու է արդյունավետ լինելուց: Արդյունքը եղավ այն, որ մեր բանակի տեխնիկական հագեցվածությունը հեռու է ժամանակակից պահանջներից: Իհարկե, դա վճռական դեր չխաղաց, բայց մենք պետք է պատրաստ լինենք ավելի երկարատև պատերազմի: Իսկ այն, որ մեր ֆինանասական աղբյուրները զիջում են Ադրբեջանի եկամուտներին, երկրորդական հարց է: Մեր միջոցների ռացիոնալ օգտագործումից էլ կարող ենք շատ հաջողություններ ունենալ:

Առաջին և երկրորդ գործոնների գրեթե բացակայության պարագայում այս պատերազմից կարողացանք պատվով դուրս գալ միայն ու միայն մեր բանակի` զինվորների ու սպայական կազմի բարձր պատրաստվածության ու հերոսության շնորհիվ: Առաջին և երկրորդ կետերի ապահովումը մեզ թույլ կտար խուսափել մի քանի տասնյակ զոհերից:

Ես անընդհատ կրկնում եմ մի Կերոլ Լյուիսի միտքը. Պետք է արագ վազել, որ մնաս նույն տեղում, իսկ առաջ անցնելու համար պետք է երկու անգամ ավելի արագ վազել: Մեր ուժեղ ու մարտունակ բանակի մասին պատկերացումները, որոնք իսկապես հիմնավորված են, մեզ թույլ չեն տվել սեփական թերացումները տեսնել ու մտածել առաջընթացի մասին: Բայց մենք տեսանք, որ ժամանակակից պատերազմը տեխնոլոգիական պատերազմ է: Իհարկե, ոգին կարևոր է: Բայց ժամանակակից տեխնոլոգիաները շատ բան են փոխում: Այսինքն մենք չպետք է բավարավենք մեր ձեռքբերումներով: Անընդհատ զարգացումներ են պետք: Իսկ այստեղ մեր հույսը պետք է միայն ու միայն մեզ վրա դնենք` մեր բանակի, մեր զարգացած արդյունաբերության վրա: Պետք է սեփական ռազմաարդյունաբերությունն ունենաք: Որովհետև, տեսանք, որ 21-րդ դարի պատերազմը տեխնոլոգիական պատերազմ է և գնալով այդ բաղադրիչն էլ ավելի կկարևորվի: Այս առումով մենք շատ հեռու ենք ժամանակաից պահանջներից իսկ, որպեսզի պատկերացնենք, թե որքան ենք հեռու, կարող եմ Իսրաելի օրինակը բերել: Սկզբնական պոտենցյալով Իսարելն ավելի շատ ներուժ չուներ, քան Հայաստանն ունի, ավելին, Հայաստանը Խորհրդային միությունից ժառանգել է գիտական հսկայական ներուժ, մի բան, որն Իսրաելը չուներ: Մեր գիտական ներուժն օգտագործելով այս ուղղությամբ կարող ենք ունենալ այնպիսի արդյունքներ, ինչպես Իսրաելը, որը սեփական սպառազինության պահանջները հոգալուց բացի տարեկան 6 միլիարդի զինտեխնիկա է վաճառում: Մենք ունենք բոլոր նախադրյալները նման և դեռ ավելի մեծ հաջողություններ ունենալու համար: Պետք է միայն նպատակային օգտագործել մեր գիտական ու ֆինանսական ներուժը: Մեր համար մեկ խնդիրը սա պետք է լինի:

Ինչպես հասկացա, կայունության ու խաղաղության միակ երաշխավորն, ըստ Ձեզ, միայն լավ պատրաստված ու զինված բանակը կարող է լինել: Իսկ բանակցային գործընթացից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Միգուցե ցավալի ճշմարտություն է, բայց, բանակցային սեղանի շուրջ ներկայացվող նույնիսկ ամենախելոք մշակված դիրքորոշումը արժեք չունի կամ էլ, Խրիմյան Հայրիկի ասած, թղթի շերեփի վիճակում է լինում, եթե այդ դիրքորոշման հետևում չկա հզոր երկիր, հզոր բանակով ու դաշակիցներով: Նաև հակառակ` միայն ուժի վրա հիմնված դիրքորոշումն էլ սխալ է: Ուղակի պետք է խորը մշակված բանակցային գործընթաց վարել, հասկանալով, որ կան գլոբալ շահեր, որտեղ մեզ հաշվի չեն առնում, կան կրկնակի ստանդարտներ, և այլն, և այլն: Մենք պետք է պահանջված լինենք ժամանակակից աշխարհում, գիտատեխնիկական ու արդյունաբերական կապերով կապված լինենք աշխարհին, որպեսզի մեր պակասը աշխարհը զգա, որպեսզի մեր կողքին կանգնելու անհրաժեշտություն ունենան: Այսօր աշխարհն առաջնորդվում է ոչ թե էմոցիաներով կամ պատմական անցյալով, այլև շահերով: Պետք է մեզնից արժեք ներկայացնենք, որպեսզի դաշնակիցներ ունենանք: Ժամանակն է որպես պետություն ու որպես ազգ հասունանալ ու գիտակցել, որ յուրաքանչյուր ազգ իր շահերն է հետապնդում: Երկրներին էլ դաշնակից է դարձնում միայն ընդհանուր շահը: Ընդհանուր շահերի բախումներից հեշտությամբ փոխվում են դաշնակիցների հարաբերությունները: Պետք է սեփական քաղաքականությունն ունենալ և անընդհատ հզորանալ: Թույլերը ընկերներ չեն ունենում:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված ի սկզբանե տարածքային զիջումները փակուղի տանող ճանապարհ է: Մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք: Այն լուծումները, որոնք կարող են լինել, ասենք, եվրոպական երկրների պարագայում, մեզ մոտ կիրառելի չեն, որովհետև մեր թշնամին հայկական տարրը վերացնելու նպատակ է հետապնդում: Տարածքային որևէ զիջում Ադրբեջանին ավելի հարմար դիրքավորվելու և, ըստ այդմ էլ, ավելի ագրեսիվ գործելու հնարավորություն կտա: Որից, իհարկե, նա անպատճառ կօգտվի: Այդ պատճառով էլ Մադրիդյան սկզբունքները չեն կարող ելակետային հիմնադրույթ լինեն բանակցությունների համար: Այդ սկզբունքներում շատ ու շատ սպառնալիքներ կան թաքնված: Համաձայն այդ փաստաթղթի` մենք տալիս ենք շատ բան` ձեռք բերելով միայն անորոշություն: Իսկ տարածքային փոխզիջումների մասին խոսելիս պետք է հիշենք ու հիշեցնենք, որ 1994թ զինադադարի կնքումն արդեն իսկ փոխզիջում էր մեր կողմից: Այդ ժամանակ մենք կարող էինք շատ ավելի ցավոտ հարվածներ հասցնել Ադրբեջանին: Իսկ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանին նման կոշտ դիրքորոշում ընդունելու հնարավորություն տալու սխալը, հետագայում առանց լուրջ ցնցումների չենք կարողանա ուղղել:

Այս անգամ մենք պարտավոր ենք պատերազմից ավելի ուժեղացած դուրս գալ: Ցանկացած հետագա պատերազմում կհաղթի նա, ով ինտելեկտուալ ու տեխնոլոգիական ոլորտներում ավելի զինված կլինի, քանի որ հենց այդ բաղադրիչներն են տարեցտարի ավելի մեծ նշանակություն ունենում: Մենք չպետք է սպասենք, որ պատերազմն ավարտվի, հետո զբաղվենք այս հարցերով, այս ամենը պետք է զուգահեռ արվի:

Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում