Պատմականորեն և մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է. Կարեն Միրզոյանը՝ Wiener Zeitung-ին
Նմանատիպ
Lեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Wiener Zeitung-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիային, խոսել դրանում Թուրքիայի եւ Ռուսաստանի ունեցած դերի մասին, ինչպես նաեւ ներկայացրել հակամարտության լուծման եւ Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցի շուրջ իր տեսլականը:
NEWS.am-ը թարգմանաբար ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
-Ինչո՞ւ Ադրբեջանի հետ հակամարտությունը հենց այս պահին նորից բռնկվեց:
Դա իհարկե ինչ-որ տեղ սպասելի էր: Անցյալ տասը տարիների ընթացքում ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ ատելությունը մեծապես արմատավորել է: Կառավարության պաշտոնական հայտարարություններից պարզ երեւում էր, որ նրանք հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում, այն է՝ ռազմական: Այս պետությունը, չնայած միջազգային ջանքերին, համագործակցության ուղիներ չի փնտրում:
-Ասում են, թե Թուրքիան Ադրբեջանի կողմից մասնակցում է այս կոնֆլիկտին: Դուք Անկարայի ռազմական միջամտության ապացույցներ ունե՞ք:
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով: Ադրբեջանի սպառազինությունների մի մասը մատակարարում է հենց Թուրքիան: Ադրբեջանի հատուկջոկատայինները ռազմական պատրաստություն են անցնում Թուրքիայում եւ հետո այդ հմտությունները գործի դնում առաջնագծում:
-Հնարավո՞ր է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս լարվածությունը հանգեցնի Լեռնային Ղարաբաղում առճակատման:
Կարծիքը, թե այս հակամարտությունը միջնորդավորված պատերազմ է աշխարհի հզորների միջեւ, շեղում է ուշադրությունը դրա հիմնական պատասխանատուից: Բռնությունը գալիս է Ալիեւից եւ նրա ռեժիմից:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության լուծումը:
Սա տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Ժողովրդի կամքը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում մենք հետ ենք մղում լուծումը: Ադրբեջանը սխալ է ներկայացնում աշխարհին այս խնդիրը, ասելով թե դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտություն է:
-Որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղը անկախանալուց հետո միանա Հայաստանին:
Պատերազմը սկսվել էր Հայաստանին միանալու պահանջով: Դա տրամաբանական է: Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, մենք էթնիկ հայեր ենք, ունենք նույն մենթալիտետը, բացառությամբ թերեւս նրանից, որ մենք՝ որպես լեռնցիներ, շատ ավելի համառ ենք: Մենք անկախ ենք, բայց չնայած ամեն բանի՝ մեզ Հայաստանի մասն ենք համարում:
-Այսպիսով՝ միավորումը ձեր նպատա՞կն է:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Մենք երկու անգամ՝ 1991-ին եւ 2006-ին, հանրաքվեով կողմ ենք արտահայտվել անկախությանը: Եթե ժողովուրդը հաջորդ անգամ այլ բան որոշի, մենք հավատարիմ կմնանք նաեւ այդ որոշմանը: Մեր երկրում ժողովրդավարություն է: Ժողովուրդն է որոշում Լեռնային Ղարաբաղի ապագան:
Ամբողջությամբ՝ NEWS.am-ում
Հետևեք մեզ նաև Telegram-ում