Իրանը կարող է անուղղակի միջնորդություն ունենալ Արցախյան հակամարտության չսրման գործում

Իրանը կարող է անուղղակի միջնորդություն ունենալ Արցախյան հակամարտության չսրման գործում

Ապրիլյան քառօրյա պատերազմը ցնցում էր ամբողջ տարածաշրջանի և հատկապես Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից հարևանների համար: Այս տեսանկյունից մտահոգվելու պատճառներ ունի հատկապես Իրանը, որը ռազմական գործողությունների վերսկսման պարագայում բավականին անհարմար դրության մեջ կհայտնվի` սեփական սահմանների մոտ զգալով պատերազմի բոլոր անցանկալի հետևանքները: Իրանը բազմիցս հանդես է եկել միջնորդական առաքելություն կատաարելու պատրաստակամությամբ:

Օրինակ` հունվարի վերջին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջաբեր Անսարին հայտարարել էր, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Նախքան Իրանի հնարավոր միջնորդությանը և դրա ներքո թաքնված նպատակներին անդրադառնալը, հարկ է հիշեցնել, որ Արցախյան պատերազմի առաջին տարիներին Իրանը նման նախաձեռնողականություն ցուցաբերել է, որը նաև որոշակի խնդիրների լուծման տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել:

Առաջին անգամ հակամարտության վաղ փուլում, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Մոսկվայում պաշտոնապես հայտարարել, որ Իրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ստանձնել միջնորդի դեր։ Սակայն միջնորդական առաքելություն հնարավոր եղավ իրականացնել միայն 1992թ-ի փետրվարին, երբ Իրանի արտգործանախարն այցելեց Հայաստան: Իրանական միջնորդական առաքելության ղեկավարը Մահմուդ Վայեզին էր, ով այդ ամիսների ընթացքում բազմաթիվ այցելություններ էր կատարել տարածաշրջան և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել: Իրանական կողմը բանակցային գործընթացում առաջնորդվում էր փոքրիկ քայլերի շուրջ հաջողության հասնելու տրամաբանությամբ:

1992թ-ի մայիսի վեցից-ութը Թեհրանում էր գտնվում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, և այդ օրերին նախատեսվում էր զինադադարի վերջնական մեխանիզմների մշակումը, սակայն Շուշի ազատագրումը և հետագայում նաև Լաչինի միջանցքի բացումը կասեցրեց Իրանի խաղաղարար գործունեությունը: Իրավիճակը փրկելու համար Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տեղյակ չի եղել Շուշի ազատագրման գործողության մասին, սակայն հասկանալի է, որ առանց երկրի առաջին դեմքի թույլատվության դժվար թե նման կարևոր ռազմական գործողություն իրականացվեր: Իրանի միջնորդական առաքելությունն գրեթե մեկ ամիս տևեց, այն շոշափելի արդյունքներ չարձանագրեց, սակայն խաղաղությանն ուղղված առաջին փորձերից էր: Հետագայում Իրանի միջնորդական առաքելությանը փոխարինելու եկավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի երկու տանամյակից ավել ձգվող գործունեությունը ևս որևէ շոշափելի արդյունք չի արձանագրել:

Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել միջնորդական առաքելությունը: Յուրաքանչյուր հակամարտության մեջ միջնորդական գործունեությունը որոշակի ազդեցության լծակներ է տալիս խաղաղարար կողմին: Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Իրանը ներուժ ունի կրկին դառնալու տարածաշրջանային գերտերություն: Տարածաշրջանում իրանական դիրքերը մեծապես կամրապնդվեն, եթե իրանական կողմը որոշակիորեն կարողանա ներգրավվել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ներկա պահին նման հեռանկարներ չկան: Չնայած բանակցային գործընթացը փակուղի է մտել, սակայն հակամարտության կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չկա բանակցային գործընթացում և հատկապես դրա ձևաչափում փոփոխություններ մտցնելու: Իհարկե, Ադրբեջանը ցանկանում է Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտը տապալել` ներգրավելով նաև Թուրքիային, սակայն իրանական միջնորդության տարբերակը դեռևս անհավանական է: Իրանի համար բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելը ցանկությունների առավելագույնն է, իսկ նվազագույնը նոր պատերազմի կանխարգելումն է:

Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է գործի դնեն իրենց բոլոր ջանքերը` կանխելու նոր պատերազմի վերսկսումը: «Մենք մեր ռուսաստանցի բարեկամների հետ կիսում ենք այն կարծիքը, որ պետք է թույլ չտանք, որպեսզի պատերազմի կրակը տարածվի տարածաշրջանում: Այդ պատճառով երկու երկրները՝ Իրանը և Ռուսաստանը, պետք է գործի դնեն իրենց ջանքերը, օգտագործեն իրենց հնարավորություններն այն բանի համար, որպեսզի համոզեն Ադրբեջանին եւ Հայաստանին կարգավորել այդ խնդիրը քաղաքական ուղիով»,-ասել էր Լարիջանին:

Պատերազմի վերսկումը Իրանի համար ամենաանցանկալի սցենարներից է: Իրանը մտավախություն ունի, որ պատերազմական ազդակները կարող են ներթափանցել հարևանությամբ գտնվող իր պետության տարածք և անկայունություններ հրահրվեն երկրում: Չնայած Իրանը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից, որն ամրագրվել է նաև ադրբեջանա-իրանական բազմաթիվ փաստաթղթերում, այնուամենայնիվ, Իրանը չէր ցանկանա իր սահմանների երկայնքով ձգվեին ադրբեջանաբնակ բնակավայրեր: Առանց այնն էլ Ադրբեջանը որոշակի հավակնություններ է ներկայացնում Իրանի նկատմամբ և պառակտողական գործունեություն ծավալում տեղի թյուրաքախոս բնակչության շրջանում: Հաշվի առնելով սույն հանգամանքները և Իրանի հետ մեր դրացիական հարաբերությունները` Հայաստանը պետք է օգտագործի Իրանի խաղաղասիրական պատրաստակամությունը, ոչ թե, որպես միջնորդ ներգրավվելու, այլ հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության, իսլամական աշխարհում կոտրելու թուրք-ադրբեջանական այն միֆը, թե իբր հակամարտության ակունքներում կրոնական գործոնն է: Այս կերպ Իրանը կկանխարգելի տարածաշրջանում իսլամիստ ծայրահեղականների հայտնվելը և արտաքին քաղաքական իսլամական դերակատարների ներկայությունը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում