Վրաստանի հետ հարաբերություններում ՀՀ-ն պետք է բարձրացնի ջավախահայերի խնդիրները

Վրաստանի հետ հարաբերություններում ՀՀ-ն  պետք է բարձրացնի  ջավախահայերի խնդիրները

Ապրիլյան օրերին, երբ հայկական աշխարհի սիրտը բաբախում էր Արցախում, մեկ այլ հայկական օրրանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը բավարար ուշադրության չարժանացավ ոչ ՀՀ իշխանությունների և ոչ էլ հայ հասարակության կողմից: Խոսքն Ախալցխայում կայացած միջադեպի մասին է, երբ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայ կաթողիկե գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ՝ կրակ վառելու և լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց համագյուղացիների կողմից կառուցած և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր՝ հանդիպել են հարևան Վալե քաղաքից այստեղ ժամանած և խնջույքի սեղան բացած մի խումբ մարդկանց (հիմնականում՝ վրացիներ): Խնջույքի մասնակիցները եղել են ալկոհոլի ազդեցության ներքո և վեճի են բռնվել հայ երիտասարդների հետ, որոնք փորձել են բացատրել օրվա խորհուրդն ու վայրի նշանակությունը:

Փոքրիկ միջադեպից հետո վեճի մասնակիցները հասկացել են միմյանց, սակայն նույն օրը գիշերը վրացի ոստիկանները ոստիկանական բաժանմունք ենք տարել հայերին, նրանց նկատմամբ բռնություն կիրառել և նվաստատցուցիչ մեթոդների դիմել, վիրավորել հայ ազգին և Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազատ արձակվելուց հետո տուժածներից մեկը հայտ էր ներկայացրել իր նկատմամբ բռնություն կիրառելու և նվաստացնելու մեղադրանքով: Զավախահայությունն անընդունելի համարեց ազգային արժանապատնվության վիրավորումը և փոքրիկ հավաքներ կազմակերպեց` պահանջելով խնդրի արդար քննություն: Վախենալով Զավախքում իրավիճակի լարումից` Վրաստանի ներքին գործերի նախարարը փորձեց տեղում պարզել և լուծում առաջարկել, սակայն Զավախք կատարած նրա այցը զուտ ցուցադրական քայլ էր: Արդեն մայիս ամսին Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կտրականապես հերքվեց Ախալցխայի ոստիկանների կողմից բաժանմունք տարված հայերին ազգային կամ կրոնական հողի վրա ճնշումներ գործադրելու մասին տեղական մամուլի տարածած լուրը:

Այս իրավիճակում տրամաբանական էր Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը, սակայն, երբեմն մեր արտաքին քաղաքականությունը զուրկ է տրամաբանական քայլերի բոլոր դրսևորումներից: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը շարունակում է հանդիպումներ և հեռախոսազրույցներ ունենալ Վրաստանի պաշտոնատար անձանց հետ՝ հարցին արդարացի լուծում տալու ակնկալիքով: Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, մայիսի 15-ին դեսպան Վարդանյանն այս խնդրով հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի հետ, որի ժամանակ նահանգապետը խոստացել է իր ուշադրության կենտրոնում պահել հարցն ու հետևողականորեն ամեն ինչ անել խնդրի արդարացի լուծման համար: Նշվում է, որ սպասվում է նաև դեսպան Վարդանյանի այցը Զավախք:

Տարօրինակ է, որ շուտով կլրանա միադեպի մեկ ամիսը, սակայն ՀՀ դեսպանը դեռևս չի եղել Զավախքում և տեղում չի հավաստիացրել տեղի հայությանը, որ խնդրին արդարացի լուծում կտրվի: Սակայն այստեղ խնդիրն ամենևին էլ դեսպանի կամ դեսպանատան աշխատանքի մեջ չէ, այլ այն մոտեցման, որ ցուցաբերում է ՀՀ կառավարությունը Զավախքի նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ հայ-վրացական հարաբերություններում Զավախյան խնդիրը վերջին տեղում է գտնվում: Այո, կան հիմնավորումներ, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը մեզ համար առանցքային նշանակություն ունի, սակայն երբեմն հանուն դրա մենք անտեսում ենք հայկական Զավախքի շահերը: Վրացական կողմը մշտական մտավախություն ունի, որ Հայաստանի միջամտությունը ջավախյան հիմնախնդիրներին կարող է հանգեցնել անջատողական շարժման: Ապացուցելու համար, որ Հայաստանը նման մտադրություններ ամենևին էլ չունի, ընկնում է մեկ այլ ծայրահեղության գիրկը. բոլորովին անտեսում է տեղի հայ բնակչությանը: Զավախքը հայության ամենախոցելի օջախներից է, որտեղ հայերն ապրում սոցիալական չափազանց վատ պայմաններում, նրանց իրավունքները կարող են ամեն քայլափոխին ոտնահարվել, նրանք ամեն կերպ ջանում են ապացուցել Վրաստանին, որ անջատողականներ չեն: Եվ կրելով անջատողականի այդ խարանը` ջավախցին նվազագույն ուշադրության է արժանանում մայր հայրենիքի կողմից:

Ախալցխայում տեղի ունեցած միջադեպի նկատմամբ ՀՀ-ի վերաբերմունքը ասվածի ևս մեկ վկայությունն է: Ժամանակն է հայ-վրացական հարաբերությունների օրակարգում ընգրկել նաև Զավախքի և այնտեղ ապրող հայ բնակչության թեման: Կարևոր է բացեիբաց խոսել այս թեմայով և ի վերջո վրացական իշխանություններին հասկացնել, որ չպետք է անջատողականների քողի ներքո տեղի բնակչությանը զրկել տարրական իրավունքներից, վիրավորել ազգային արժանապատվությունը և խտրական վերաբերմունք ցուցաբերել: Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանա-վրացական հարաբերությունների խորացման ֆոնին Հայաստանը ձգտում է հնարավորինս լավ հարաբերությունների մեջ լինել Վրաստանի հետ, սակայն երբեմն էլ հարկ է նաև պահանջատերի դիրքերից խոսել: Զավախքը Հայաստանի հյուսիսիային դարպասն է, որտեղ հայ բնակչության առկայությունը պաշտպանական պարեգոտ է ստեղծում ՀՀ-ի համար: Չնայած վերջին տարիներին Զավախքի հայաթափումը հսկայական չափերի է հասել, սակայն ժամանակն է պաշտպանելու նրանց շահերը, ովքեր դեռ մնացել են: Հայաթափված Զավախք նշանակում է, որ Հայաստանը բոլոր չորս սահմաններում կունենա իսլամադավան հարևաններ: Նշանակում է մշտական սպառնալիք ունենալ ոչ միայն արևմտյան և արևելյան սահմաններում, այլ նաև հյուսիսում: Այս ամենն, անշուշտ, ամենաանցանկալի սցենարն է, որը սակայն ժամանակի ընթացքում կյանքի է կոչվում: Կանխելու հետագա հայաթափումը` կարևոր է, որ ջավախցին զգա մայր հայրենիքի աջակցությունը, հակառակ դեպքում այն վերածվում է մեկուսացած մի կղզյակի, որից երես է թեքել մայր հայրենիքը և որին չի վստահում Վրաստանը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում