Կորեյկոներ աճեցնելու հեծանվային մեխանիկան

Կորեյկոներ աճեցնելու հեծանվային մեխանիկան

Ժան Ժակ Ռուսոն գրում է, որ Պետրոս Առաջինը ուզում էր հենց սկբից ռուսներին դարձնել գերմանացիներ, անգլիացիներ, այն դեպքում, երբ նախ նրանց պետք էր դարձնել ռուսներ: Նա խանգարեց ռուսներին դառնալու այն, ինչ նրանք կարող էին լինել: Պետրոսը հանճարեղ էր միայն կրկնօրինակելու մեջ:

Սա բավականին դիպուկ համեմատություն է կրկնօրինակման սիրահարների համար, երբ մարդն անհագուրդ ցանկություն ունի նմանվելու ուրիշներին` երբեմն առանց այդ ուրիշներին տեսնելու: Պարզապես օրիգինալ երևալու ցանկությունը, յուրայիններից տարբերվելու ձգտումը նման մարդկանց բարձրացնում են իրենց իսկ սեփական աչքում և պարուրում անհարկի մեծամտությամբ: Նման մարդկանց համար միշտ էլ այդ ուրիշները առավել են օժտված արժանիքներով. իզուր չի ասված, որ հարևանի հարսը միշտ ավելի գեղեցիկ է:

Հիմա մեզ մոտ, երբ ոմանք ցանկանում են մարդկանց իջեցնել ավտոմեքենաներից ու նստեցնել հեծանիվներին, երբ ոմանք գտնում են, որ այլոց ապրելակերպը չափանիշ է ու կրկնօրինակելով` կարող ենք հասնել դրական արդյունքի և առհասարակ երբ ենթադրում են, որ հեծանիվը քաղաքակրթման ապացույց է, կարծում եմ, սխալվում եմ:

Եկեք չմոռանանք, որ հեծանիվով երթևեկում են ոչ միայն Եվրոպայում, այլ` օրինակ Վիետնամում, ընդ որում ավելի շատ, քան Եվրոպայում: Իսկ Վիետնամը արդի քաղաքակրթության օրինակելի նմուշ դժվար է համարել:

Առհասարակ կրկնօրինակելը, երբ չկան համապատասխան նախադրյալներ, ոչ միայն չի հանգեցնում ցանկալի արդյունքի, այլ հակառակը` դառնում է օրիգինալի վատ կեղծված նմանակը: Ժամանակին օրենսդիր Սոլոնը գտնում էր, որ ցանկացած օրենք պետք է հիմնված լինի տվյալ ժողովրդի սովորույթների ու մտածելակերպի վրա, հակառակ դեպքում այն չի գործի: Իսկ մենք ցանկանում ենք վերցնել այլոց ապրելակերպը ու կարել մեր մարմնին` առանց նախօրոք մեր մարմինը նախապատրաստելու տվյալ հագուստին:
Եվրոպացի ինչ-որ քաղաքապետ կամ նախարար սիրում է աշխատանքի գնալ հեծանիվով: Վերջ, դա բավական է արդեն, որպեսզի մեզ մոտ հանդես գան ծավալուն հոդվածներով, վերլուծականներով ու համեմատության տեղին ու անտեղին եզրերով, որ այ տեսեք, Գերմանիայում ֆինանսների նախարարը (ի դեպ միայն ֆինանսների նախարարը, չեմ կարծում, որ Գերմանիայի կառավարությունը բաղկացած է միայն մեկ նախարարությունից) շրջում է հեծանիվով, իսկ մեզ մոտ նախարարները երթևեկում են ավտոմեքենայով:

Հեծանիվը մեկի համար տրանսպորտի միջոց է, մյուսի համար մարզազև, երրորդի համար էլ` հաճելի զբաղմունք, ու որևէ մեկի հոբբին չի կարելի տարածել բոլորի վրա: Բայց արի ու տես, որ մեզ մոտ այն աստիճանաբար դառնում է քաղաքական մոտեցումների առանցք ու ամբոխահաճո հարցերի ու ելույթների պարարտ հող: Բայց այդ նույն հարց տվողը, չգիտես ինչու, ինքը հարցազրույցի չի գնում հեծանիվով: Այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե մի բան պահանջում ես ուրիշից, առաջին հերթին ինքդ պետք է օրինակ ծառայես:
Հեծանիվը Հայաստանում միայն կարող է նպաստել պոպուլիստական ելույթներին, բայց պաշտոնյաների շրջանում չի կարող դառնալ տրանսպորտի միջոց` երկու պատճառով:
Առաջինը մեր հասարակության անպատրաստությունն է հեծանիվով պաշտոնյա տեսնելու երևույթին: Պատկերացրեք, ՀՀ գյուղնախարարը մերձերևանյան գյուղեր այցելի հեծանիվով: Ի՞նչ եք կարծում, որը կլինի մեր քաղաքացիների արձագանքը: Կարծում եք նրանք կասեն` այ իսկական ազնիվ պաշտոնյայի նմուշ: Ոչ, առաջին արձագանքը կլինի այն, որ նա կառաջացնի հանդիպման եկած գյուղացիների ծիծաղը:

Երկրորդը մեր աշխարհագրական ռելիեֆն է: Հեծանիվները լայն տարածում ունեն հիմնականում հարթ մակերես ունեցող բնակավայրերում: Իսկ Երևանում, եթե պաշտոնյան ապրի, օրինակ, Մասիվում ու աշխատի Կենտրոնում, ապա աշխատանքի գալը նրա համար հաճույք կլինի, տուն գնալը` տառապանք:

Վերջապես եկեք հասկանանք, որ ինտերնետում փնտրելով ու հատուկենտ հեծանիվով եվրոպացի պաշտոնյաներ գտնելն ու անզուսպ նրանց մատնացույց անելը չէ մեր խնդիրների լուծման բանալին: Թեպետ ոմանք ոչ թե փորձում են խնդիրներ լուծել, այլ կարծում են հեծանիվը առաջադիմության էտալոն է:

Թե ավտոմեքենան և թե հեծանիվը սոսկ տեղաշարժվելու միջոց են ու ցույց են տալիս նրա տիրոջ նախասիրությունը նրանցից որևէ մեկի նկատմամբ, երբեմն էլ երկուսի միաժամանակ:

Եթե պաշտոնյան կաշառակերությանն ու կոռուպցիային միտված լինի, ապա դա հանգիստ կարող է անել նաև հեծանիվով:

Առհասարակ տեսքը թեպետ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց այն չի կարող վերջնական որոշիչ լինել: Երբեմն անբասիր ու վայելուչ տեսքով, կոկիկ ու ճաշակով հագնված և ոտքով շրջող մարդիկ, կարող են լինել թաքնված կորեյկոներ և հակառակը:

Այնպես որ, եթե մեր նպատակը կորեյկոներ աճեցնելն է, հանգիստ կարող ենք տուրք տալ արտաքին փայլին, առաջնորդվել միայն տեսանելի գործոններով` առանց հաշվի առնելու էությունը:

Իսկ եթե ձգտում ենք իրական փոփոխությունների ու երկիրը կառուցել մեր պատկերացումներով, ապա պետք է սկսենք մեզնից: Ի վերջո, ցանկացած իշխանություն արտացոլում է տվյալ հասարակությունը: 

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում