Թուրք-վրացա-ադրբեջանական ռազմական ծրագրերը պետք է չեզոքացնել

Թուրք-վրացա-ադրբեջանական ռազմական ծրագրերը պետք է չեզոքացնել

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, որոնցից հատկապես կարևոր է համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրությունը: Բարձր գնահատելով Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներին Բաքվի հրավերն ընդունելու և հանդիպմանը մասնակցելու համար, Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիայի և Վրաստանի ժողովուրդներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հովանավորելու համար: Երեք երկրների նախարարները հստակորեն ընդգծել են եռակողմ համագործակցության և տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը, ուշադրություն են դարձրել համագործակցությանը ռազմական կրթության և կիբեռանվտանգության բնագավառներում: Հասանովը հայտարարել է, որ համատեղ զորավարժության անցկացման նպատակն է բարձրացնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի մարտական պատրաստվածության մակարդակը: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն կատարվեց այն օրը, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները պետք է հանդիպեին Վիեննայում: Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յըլմազը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Երեք երկրների նախարարները քննարկել են նավթային և գազային խողովակաշարերի անվտանգությունը համատեղ ապահովելու հարցը և դրա մասին համաձայնություն է ձեռք բերվել»:

Այսպիսով, մեր երեք հարևանները բավականին լուրջ քայլեր են ձեռնարկում, որոնք առաջին հերթին ունեն հակահայկական ուղղվածություն: Գաղտնիք չէ, որ այդ խողովակաշարերն անցնում են Արցախի հետ սահմանային հատվածում, և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, Արցախի պաշտպանության բանակի պատասխան գործողությունները կարող են վնասել նաև այդ խողովակաշարերը: Եթե կողմերը համատեղ պաշտպանության անցնեն, և եթե իրադարձությունների զարգացումն այնպես դասավորվի, որ Արցախի կողմից վնասվեն խողովոկաշարերը, ստացվում է գործել ընդդեմ Վրաստանի, որն էլ թուրք-ադրբեջանական ճնշումների ներքո հնարավոր է դիմի պաատսախան քայլերի: Երկկողմանի շրջափակման մեջ գտնվող երկրի համար, որի արտաքին ներկրումների 70տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով, մեծ ռիսկ կլինի Վրաստանի հետ հարաբերությունների բարդացումը: Այս ամենը լավ են գիտակցում թյուրքական պետություններն, այդ պատճառով էլ Վրաստանին փորձում են պահել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ: Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի կարևորագույն առևտրային գործընկերներն են, որն էլ հնարավորություն է ընձեռում ազդեցության լծակներ կիրառել Վրաստանի նկատմամբ:

Հարկ է նկատել, որ թյուրքական հարևանների հետ Վրաստանը հարաբերությունների աշխուժացում սկսեց հնգօրյա պատերազմից հետո: 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանն ամբողջովին մեկուսացավ Ռուսաստանից: Մեր հյուսիսային հարևանի համար ցանակալի չէր նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերոջ’ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Իրերի նման ընթացքը միանգամայն շահեկան էր Թուրքիայի համար, որը դեռևս 2002թ-ից իշխանության գլուխ եկած Արդարություն և Զարգացում կուսակցության միջոցով որդեգրել էր Պանօսմանիզմի արտաքին քաղաքական կուրսը, որով նախատեսվում էր նաև քաղաքական կշռի մեծացում նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում իրենց ամրագրումը ստացան 2012թ-ի հունիսի 8-ին Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ստորագրված Տրապիզոնի հռչակագրով: Այն հիմնված է հետևյալ հիմնական դրույթների վրա’ միջազգային կազմակերպություններում միմյանց թեկնածուներին աջակցելու քաղաքականություն, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնամխելիութոյւն, հարաբերությունների խթանում բոլոր ոլորտներում, Բաքվի միջազգային ծովային առևտրային նոր նավահանգստի նախագծի հաստատում: Սակայն արտգործնախարարների հիմնադրած եռակողմ այս ձևաչափը ընդլայնվել է` ներառելով երեք երկրների էկոնոմիկայի, պաշտպանության նախարարների և բարձրագույն ղեկավարության պարբերական հանդիպումները:

Այսպիսով, հարկ է նշել, որ Թուրքիան-Վրաստանն-Ադրբեջանն արդեն քանի անգամ է մտադրություն են հայտնում համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ, որը կտեղակայվի Բաքու-Թբիլսի-Զեհյանի երկայնքով: Արդեն քանի հանդիպում է կողմերը ամպագորգոռ հայտարարություններ են կատարում, սակայն իրական նախաձեռնություն ոչ մի կողմը չի ցուցաբերում: Դա, իահրկե, չի նշանակում, որ հայկական կողմը անհանգստանալու ոչինիչ չունի, քանի որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ հարցն արագ կարգավորել: Սակայն Հայաստանը պետք է դիմի հակաքայլերի: Մասնավորապես, ցանկալի է հայ-վրացական ռազմական համագործակցության ամրապնդում, նոր համատեղ ծրագրերի մշակում և կենսագործում: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանի հետ կապված թուրք-ադրբեջանակն պլանները կյանքի չկոչվեն:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում