Ֆրանսիայից ՀՕՊ-ի համակարգերի մատակարարումը Վրաստանին կսկսվի 2017 թվականից

Ֆրանսիայից ՀՕՊ-ի համակարգերի մատակարարումը Վրաստանին կսկսվի 2017 թվականից

Ֆրանսիայից ՀՕՊ-ի համակարգերի մատակարարումները Վրաստանին պլանավորվում է սկսել մոտավորապես 2017 թվականի հունվարից, բայց դրանց մի մասը կարող է տեղ հասցվել եւ ավելի շուտ, եւ ավելի ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

2015 թվականի ամռանը Վրաստանը Ֆրանսիայի հետ երկու համաձայնագիր է ստորագրել հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ:

«Ներկրումը տեղի կունենա աստիճանաբար, ստույգ ամսաթիվը ես չեմ կարող նշել: Այո, պլանավորվում է 2017 թվականի հունվարից, բայց մի մասը կարող է տեղափոխվել ավելի շուտ, մի մասը՝ ավելի ուշ: Այնպես չԷ, որ մի տեսակի տեխնիկա բերվի ու վերջ: Ինչ-որ մի մասը մենք կստանանք, մեկ այլ մասի համար էլ հարկ կլինի տեղ պատրաստել»,-պարզաբանել է Քափանաձեն:

Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ ֆրանսիացի սպաները, որոնք վրացի զինվորականներին սովորեցնելու են շահագործել համակարգը, Վրաստան կժամանեն 2016 թվականին:

Քափանաձեն նաեւ հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: «Դա մշտական գործընթաց է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց է: Դրա համա ր մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն է, որ այդ ուղղությամբ միշտ առկա է ԱՄՆ-ի պատրաստությունը»,- հավելել է Քափանաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում