Թուրքիայի նեոօսմանական շղթայի աբխազական օղակը

Թուրքիայի նեոօսմանական շղթայի աբխազական օղակը

2015թ-ի աշնանից սկսած ռուս-թուրքական հարաբերություններն աննախադեպ լարվեցին, որից անմասն չմնացին նաև տարածաշրջանային երկրները: Հատկապես ծանր կացության մեջ հայտնվեցին այն պետությունները, որոնք լավ հարաբերությունների մեջ էին գտնվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Նման երկրներից հարկ է առանձնացնել Աբխազիայի չճանաչված հանրապետությունը, որ չնայած համարվում է տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ոչ պակաս լավ հարաբերությունների մեջ է գտնվում նաև Թուրքիայի հետ: Ելնելով իր դաշնակցային պարտականություններից, ինչպես նաև ենթարկվելով ռուսական կողմի ճնշմանը` Աբխազիան ևս միացավ թուրքական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներին:

Աբխազական կողմը հրապարակել է պատժամիջոցների ցանկը, որոնք մարտի մեկից սկսեցին գործել: Մասնավորապես` ժամանակավորապես արգելվում է գրանցել և կասեցվում է արդեն գրանցված այն բոլոր ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, որոնք գործում են կիսաճանաչված հանրապետության տարածքում, և որոնց ղեկավարները հանդիսանում են Թուրքիայի քաղաքացի: Բացի այդ, արգելվել է նաև թուրքական ընկերությունների կամ կազմակերպությունների ներգրավվումը Ռուսաստանի ֆինանսավորմամբ Աբխազիայում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում:

Մարտի 1-ից արգելվում է Թուրքիայից Աբխազիա ներկրել ձկնամթերք, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, սոխ, սխտոր, կաղամբ, խաղող, սեխ, ձմերուկ, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, ցիտրուսային մրգեր և այլն: Սակայն հարկ է նկատել, որ պատժամիջոցների ցանկում չի ընդգրկվել այն հիմնական մթերքները, որոնք կազմում են Թուրքիայից Աբխազիա ներմուծման առյուծի բաժինը: Դրանց թվում են շինարարական նյութերը, վառելիքը և տեքստիլ արտադրանքը: Նկատելի է, որ աբխազական կողմը չի ցանկացել զանց առնել Ռուսաստանի պահանջը, սակայն դա արել է` հնարավորինս քիչ վնաս հասցնելով սեփական տնտեսությանը: Թուրքիայի համար դեպի Աբխազիա արտահանումը մեծ ծավալ չի կազմում և այդ պատժամիջոցների ազդեցությունը նկատելի չէ թուրքական տնտեսության համար, սակայն հարկ է ուշադրություն դարձնել ռուսական կողմից առաջդրված ևս մեկ կարևոր հանգամանքի. կասեցնել այն բոլոր ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, որոնց ղեկավարները Թուրքիայի քաղաքացիներ են: Թուրքիային և Աբխազիային բազմաթիվ կապող գործոններ կան:

Պատմական տևական ժամանակահատվածում Աբխազիան եղել է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո և պատահական չէ, որ այսօր Թուրքիայի տարածքում բնակվում են 400-800 հազար էթնիկ աբխազներ: Նույնիսկ 400 հազարի պարագայում այդ թիվը գերազանցում է Աբխազիայի ներկայիս տարածքում բնակվող աբխազների թիվը: Պաշտոնական Անկարան էլ հաճախ է օգտագործում նրանց որպես գործոն` ազդելու ներաբխազական գործընթացների վրա: Թուրքիան պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա չի խանգարում Աբխազիայի հետո ոչ պաշտոնական հարաբերությունների բավականին ակտիվ զարգացմանը: Աբխազիան Կովկասում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետ է, որը գտնվում է Թուրքիայի հետաքրքրությունների կիզակետում: Աբխազիային պահելով իր ազդեցության առանցքում` Թուրքիան հնարավորություն կունենա վերահսկողության տակ պահել նաև Հյուսիսային Կովկասը: Հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների թշնամության ֆոնին Թուրքիայի համար առավել քան կարևոր է Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը` Հյուսիսային Կովկասը, ենթարկել իր ազդեցությանը:

Աբխազիայում Թուրքիան հիմնականում գործում է փափուկ ուժի կիրառման մեխանիզմով` աստիճանաբար մեծացնելով իր ներգարավվածությունը երկրի տնտեսության մեջ: Բավական է միայն հիշեցնել, որ աբխազական ապրանքների արտահանումների 45%-ը և ներկրումների 60%-ը կապված են բացառապես Թուրքիայի հետ: Երկու պետությունները մասնավոր բիզնեսի մակարդակով բավական ակտիվ երկկողմ առևտուր են իրականացնում: Դրա ծավալը միայն 2015 թվականի առաջին 10 ամիսներին հասնում էր 2.5 միլիարդ ռուսական ռուբլու: Թուրք-աբխազական առևտրի և համատեղ բիզնես նախագծերի գլխավոր նախաձեռնողները աբխազական սփյուռքին է: Այդ նախաձեռնողականությունը և եռնադը բավականին ճարպկորեն օգտագործվեց թուրքական կառավարության կողմից ընդլայնելու ոչ միայն իր տնտեսական, այլ նաև քաղաքական ազդեցությունը: Հարկավոր է միայն նշել, որ Աբխազիայի բնակչության անձնագրերը տպագրվում են հենց Թուրքիայի տարածքում, որը ևս կարելի է դասել աբխազական սփյուռքի ոչ պաշտոնական դիվանագիտության շարքին: Քիչ չեն նաև թուրք պաշտոնյանները, որոնք այցելում են Սոխումի: Ընդ որում Թուրքիան բավականին հնարամտորեն մոլորեցնում է Թբիլիսիին` նշելով, որ փորձում է Աբխազիայի հետ մտերմացնել կապերը, որպեսզի հաշտարարի դերում հանդես գա և վերականգնի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բնականաբար, նման պարզաբանումներն, այնքան էլ համոզիչ չէին թվում վրացական իշխանություններին:

Հնգօրյա պատերազմից հետո առաջին անգամ 2009թ-ի սեպտեմբերի 10-ին էր, երբ Աբխազիա մեկնեց Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չևիքոզը, ով հանդիպում ունեցավ Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբայի հետ, ինչին Վրաստանը բավականին կոշտ արձագանքեց: Այս տարիներին դրան հաջորդել են թուրքական խորհրդարանականների և մի շարք այլ պաշտոյանների փոխայցելություններ, սակայն վրացական կողմի մեղադրանքներին ի պատասխան, Թուրքիան կարողացել է շրջանցող պատասխան տալ: Աբխազական սփյուռքը միշտ ակտիվ է եղել և ներսից ճնշում է գործադրել Անկարայի վրա` պահանջելով ավելի սերտ հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ: Ներքին ճնշումը խիստ ուժեղացավ հատկապես վրաց-թուրքական սկանդալի շուրջ, երբ տարիներ Աբխազիա վառելիք տեղափոխող թուրքական Բուկետ նավը` թուրք և ադրբեջանցի քաղաքացիներից բաղկացած անձնակազմով, բռնագրավվեց վրաց սահմանապահների կողմից` ծովային սահմանը խախտելու մեղադրանքով: Բեռնանավի` ազգությամբ թուրք կապիտանը 24 տարվա ազատազրկման դատապարտվեց: Գործին միջամտեց Դավութօղլուն,և միայն դրանից հետո թուրք կապիտանն ազատ արձակվեց:

Այսպիսով, ակնհայտ է, որ Թուրքիայի համար ռազմավարական կամ այլ տեսակի դաշնակիցներ չկան, այն առաջնորդվում է միայն իր ազգային շահերով, որոնց կենսագործման ճանապարհին պատրաստ է տրորել ցանկացած պետության: Աբխազիան Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության հերթական օղակներից է, որի շղթան ձգվում է նաև Վրաստանի սահմաններից անդին:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում