Արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում. Ս. Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթող (ֆոտո)

Արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում. Ս. Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթող (ֆոտո)

Արարատյան Հայրապետական թեմի կողմից այսօր պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնվեցին Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես-մրցույթների գեղանկարչություն, կերպարվեստ, գրաֆիկա, կիրառական արվեստ, քանդակ անվանակարգերում   լավագույնը   ճանաչված 18 աշխատանքների հեղինակներին:

Նրանք ներկայացնում են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: 

Ստեղծագործական բուհերում  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնական թեմատիկ ցուցահանդես-մրցույթ կազմակերպվում է արդեն երկու տարի:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով Նավասարդ Սրբազանի անունից հանձնեց մրցանակները, իր խոսքում նշեց, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի գլխավոր նպատակն է այս ցուցահանդես-մրցույթների միջոցով երիտասարդությանը ծանոթացնել Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին, տվյալ պարագայում՝  շեշտվում է  Սուրբ Սարգսի օրինակը՝  որպես քաջ ու հաղթող զինվորի, և Աստծո նկատմամբ ունեցած սիրո և հավատքի:

/disc/26-05-16/a5c61adb0e0e69149a1eddce878892f4.jpg

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հայկուհի Մինասյանը, ում աշխատանքը ևս լավագույնն է ճանաչվել,  մեզ հետ զրույցում նշեց, որ մի թեմայի շուրջ աշխատելու  հնարավորությունը  լայն մտածողության տեղիք է տալիս:

/disc/26-05-16/33c574d6896a92444bb27d0fd9a80bc6.jpg

Հայկուհու սիրած գույներն ոսկեգույն ու  ծիրանագույնն են, ասում է՝ հարուստ գույներ են. «Պատկերել եմ իմ պատկերացրած սերը, ինձ  համար  կարևոր է քրիստոնեությունն ու իմ հավատը, որը նույնպես կա իմ նկարում: Իմ ստեղծագործություններում  ջերմություն, սեր, երջանկություն կա, ես սեր եմ քարոզում և նկարներս դիտողներից յուրաքանչյուրն իր համար ջերմություն  գտնում է: Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում արվեստագետն իր գործով կարող է մեծ բան փոխել անհանդուրժողականության մթնոլորտում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում