Մեռավ մարշալը, կեցցե՞ մարշալը

Մեռավ մարշալը, կեցցե՞ մարշալը

Ցավալի է, բայց մեր բազմադարյա պետականության բացակայությունը զգացվում է ամեն քայլափոխի: Մենք դեռևս չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել պատմական ժամանակահատվածներն իրենց հրամայականներով ու պահանջներով, իրենց մոտեցումներով ու աշխարհընկալմամբ: Չկարողանալով գնահատել ժամանակակահատվածը` բնականաբար թերագնահատում ենք նաև այդ ժամանակահատվածում գործող անձանց: Պատմությունից վերցնում ենք միայն այն, ինչը հաճելի է մեր պատկերացումներին, մնացածը ուզում ենք մոռացության տալ: Բայց աչքաթող ենք անում մի պարզ ճշմարտություն: Մոռացության տալով այդ ժամանակահատվածը` կասկածելի բաց ենք առաջացնում մեր պատմության էջերում` դրանով այն դարձնելով անարժանահավատ եկող սերունդների աչքերում:

Ուրիշները, հակառակը, փորձում են լցնել բացերը, կերտում պատմություն, հաճախ չեղած փաստերով ու չծնված անձերով:

Երբ խոսք էր գնում Միկոյանի արձանի տեղադրման մասին, ապա հասարակության ընդվզումն ու հակակրանքը սպասելի էր ու արդարացված, քանի որ փաստերով հայտնի են Միկոյանի հակահայկական մոտեցումները, գրված նամակները ու առհասարակ նրա ողջ պատկերացումները Հայաստանի մասին:

Բայց Համազասպ Բաբաջանյանի նկատմամբ նման մոտեցումը, անկեղծ ասած, զարմանալի է, առավել զարմանալի են այն գնահատականները, որոնք այսօր հնչում են նրա հասցեին:

Առնվազն ծիծաղ են առաջացնում պատերազմի ու մարդկության դեմ ուղղված հանցագործի պիտակումները: Նախ Բաբաջանյանը ոչ թե պատերազմի հանցագործ է, այլ պատերազմի հերոս: Լավ է թե վատ, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը նաև առնչվում է անմիջապես մեզ: Չի կարելի ուլտրալիբերալ երևալու համար, նսեմացնել մեր պապերի ու հայրերի ապրած կյանքը, թքել նրանց կենսագրության վրա: Չի կարելի վերցնել ու մի քանի սերունդների ապրած կյանքը հավասարեցնել զրոյի միայն այն պատճառով, որ նրանք ծնվել են մեզանից մի քանի տասնամյակ շուտ ու դժբախտություն ունեցել ապրել ու շատերն էլ մեռնել Խորհրդային Միության ժամանակահատվածում:
Վրացիներն առ այսօր չեն հրաժարվում Ստալինի թանգարանից, քանի որ վրացիները, ցավոք պետք է խոստովանել, որ առավել են օժտված պետականության գիտակցմամբ, քան մենք: Նրանք լավ են հասկանում, որ որքան ամրացնեն իրենց պատմության էջերը, այնքան կամրացնեն իրենց դիրքը աշխարհում:

Իսկ երբ Բաբաջանյանին անվանում են մարդկության դեմ գործած հանցագործ միայն այն պատճառով, որ նա մտել է Հունգարիա, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում է. նախ նա այդ ժամանակահատվածում տանկային զորքերի գլխավոր հրամանատար չէր, բացի այդ` նա զինվորական էր ու պարտավոր էր ենթարկվել հրամաններին: Եթե ոմանք մտածում են, որ զինվորականը կարող է հրամանները կատարել ըստ իր համամարդկային արժեքների մասին պատկերացումների ու ըստ իր սեփական գաղափարների, ապա սխալվում են:

Սակայն եթե այդքան օբյեկտիվ ենք ու ցանկանում ենք սրբել Խորհրդային Միության ողջ էջէրը ու երևելի մարդկանց, ապա պետք է անարգանքի սյունին գամենք նաև մեր գրեթե բոլոր պոետներին, մեկը հենց բոլորի կողմից սիրված Պարույր Սևակին, որը նույնպես իր պարտադրված սերն է արտահայտել տիրող բարքերի նկատմամբ: Ահավասիկ մի հատված.

Քսանմեկ թի՛վ:
Դեկտեմբե՛ր:
Մերձմոսկովյան իրիկո՛ւն:
Վլադիմիր Իլյիչը աշխատում է սենյակում:
Գորկան լռել է ցրտից:
Շուրջը լուռ է ու խավար:
Շրջապատում Իլյիչի համեստ լույսն է միայն վառ:

Իհարկե Պարույր Սևակը չի մտել Հունգարիա, բայց եթե մենք չենք կարողանում տարբերակել զինվորականին պոետից, ապա դա մեր դժբախտությունն է:
Բայց այդ ամենը տեղի է ունեցել տասնամյակներ առաջ, միանգամայն այլ աշխարհաքաղաքական իրավիճակներում: Իսկ մեր 21-րդ դարում, մարդու իրավունքների ջատագով հանդիսացող Եվրոպայում, երբ նույն Հունգարիան մարդասպան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, կարծես հունգար հասարակության մոտ առանձնապես ընդվզումներ չառաջացան: Պարտադիր չէ, որ ընդզումները լինեն միայն հանգուցյալների դեպքում, որոնք զրկված են պաշտպանվելու հնարավորությունից: Կարելի էր ընդվզել սեփական կառավարության դեմ, հանուն համամարդկային արժեքների, ինչպես մենք ենք փորձում ընդվզել անկենդան արձանի դեմ` հանուն նույն արժեքների:

Ես իհարկե չեմ հավակնում Բաբաջանյանի շահերի պաշտպանը լինել, պարզապես ցավալի է, որ տարիների հեռավորությունից փորձում ենք վարկաբեկել մարդկանց, որոնք կարող էին զարդարել մեր պատմության էջէրը:

 Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում