Թուրքիան շրջանցող երթուղի. գլխավոր դերերում` Ռուսաստան, Իրան, Ադրբեջան

Թուրքիան շրջանցող երթուղի. գլխավոր դերերում` Ռուսաստան, Իրան, Ադրբեջան

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական նշանակությունը բարձրանում է լավ զարգացած ենթակառուցվածքային և ճանապարհատրանսպորտային ցանց ունենալու դեպքում: Ցավոք, Հայաստանը, որը եկկողմանի շրջափակման մեջ է գտնվում, հաճախ չի օգտվում նաև այն հնարավորություններից, որոնք փակ երթուղիներին իրական այլընտրանքներ կդառնային և կբարձրացնեին մեր երկրի տարանցիկ նշանակությունը: Եվ հերթական անգամ հայտարարվեց տարածաշրջանային մի նախագծի մասին, որտեղ Հայաստանը մասնակացություն չի կարող ունենալ, և այս անգամ մեղքն ամենևին էլ մեր անբարյացակամ տրամադրված հարևաններինը չէ, այլ հենց մեր անպատասխանատվությանը, իրավիճակը սխալ գնահատելու և ստրատեգիկ հաշվարկներ կատարելու անկարողությանը:

Օրերս Իրանի երկաթուղային ճանապարհների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աշուրին հայտարարեց, որ աշխատանք է տարվում նոր տրանսպորտային երթուղի մշակելու ուղղությամբ, որը կկապի Իրանի հարավային Բենդեր-Աբբաս նավահանգիստը ԵՄ հետ:Ըստ նրա, նոր երթուղին կանցնի Իրանի և Անդրկովկասի երկրների տարածքով: Վերջնակետը Եվրամիությունն է: Աշուրին հայտնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Ադրբեջանի և Վրաստանի հետ` նոր տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին:

«Երթուղին ներառելու է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ: Այն անցնելու է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով: Նախագիծը մշակվել է հատուկ Թուրքիան շրջանցելու համար` ԵՄ ապրանքներն արտահանելիս: Նախագծի իրականացման արդյունքում տեղափոխման ժամանակը կկրճատվի 45-ից մինչև 23 օր: Նախագծին կմասնակցեն ՌԴ-ն և Ֆինլանդիան»,-ասել է նա:

Հարավկովկասյան հանրապետություններից Ադրբեջանին նախապատսվություն տալը պատահական չէ, քանի որ ընթացքի մեջ է Ադրբեջան-Իրան երկաթուղու շինարարությունը: Բնականաբար, եթե այս տարիներին մենք ոչ միայն խոսեինք Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին, այլ նաև կյանքի կոչեինք թղթի վրա մնացած նախագաիծը, ապա մեր հնարավորությունները մեծ կլինեին` դառնալու Իրանը ԵՄ-ին կապող երթուղու մի մասնիկը: Անկախացումից ի վեր Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային նախագծերից Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն էին վարում, և սա պատասխան լավ հնարավորություն կլիներ շրջանցելու Թուրքիան: Այդուամենայնիվ, չօգտագործված հնարավորությունների մասին խոսելը նախադրյալներ չի ստեղծում իրականությունը փոխելու համար:

Հիշեցնենք, որ ընդամենը ապրիլի 7-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացավ Ռուսաստանի, Իրանի և ընդունող երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի նպատակը Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային միջանցքի շրջանակներում կատարված աշխատանքների և նոր հեռանկարների քննարկումը: Հայտարարվեց Հնդկաստանը Ռուսաստանին և ԵՄ-ին միացնելու  նախագծի մասին:

Ներկայումս Հնդկաստանից բեռները դեպի Ռուսաստանի եվրոպական մաս է հասնում ծովային ճանապարհով` Սուեզի ջրանցքի միջոցով: Արդյունքում Նավա-Շեվա (Մումբա) նավահանգստից մինչ Մոսկվա բեռները հասնում են քառասուն օրվա ընթացքում: Այժմ փորձում են գործարկել նոր երթուղի, որի մեկնարկային կետը Սանկտ Պետերբուրգն է, այնուհետև Մոսկվան Աստրախանը Բաքուն և Բենդեր Աբբասը: Այս դեպքում Իրանից դեպի Հնդկաստան փոխադրումները կկատարվեն տասնչորս օրվա ընթացքում: Այս նոր երթուղու գործարկման պայմաններում այլևս հարկ չի լինի բեռները փոխադրել Սուեզի ջրանցքով, որը ոչ միայն ծանրաբեռնված է, այլև թանկ:Երթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ-ին: Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ երթուղու ստեղծման մասին պայմանագիրը կնքվել էր դեռևս 2000թ-ին, սակայն Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցները որոշակիորեն նվազեցրեցին ծրագրի կենսագործման տեմպերը:

Ծրագրի կենսագործման համար կարիք առաջացավ կառուցել Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը, որը Ադրբեջաննն ու Իրանը կապում է միմյանց: Ներկայումս Ղեզվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու 350կմ-ից 205-ն արդեն պատրաստ է: Ղեզվին_Ռեշտ հատվածի շինարարությունն ամբողջովին ավարտվել է, իսկ Ռեշտ-Աստարա հատվածը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով դեռևս նախագծային փուլում է գտնվում: Չնայած որ մնացել է բավականին դժվարամատչելի հատվածի շինարարությունը, սակայն կանխատեսելի է, որ վաղ թե ուշ այդ նախագիծը կյանքի է կոչվելու:

Նոր միջանցքը կարևոր է Իրանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության մեծացմանն ուղղված ծրագրերը կենսագործելու համար: Իրանը ամենից առաջ ցանկանում է ռուսական հացահատիկ գնել: Երկաթուղու կառուցումը հանարավորություն կտա մեծացնել առևտրաշրջանառությունը և բազազանեցնել ներկրվող ապրանքների տեսականին: Ռուսաստանը հանարավորություն կունենա սեփական արտադրության մեքենանաերը Իրան հասցնել, որտեղ բավականին տարածված են չինական մեքենաները: Հաշվի առնելով մեծ քանակության ծրագրերը, այդ թվում նաև ատոմային բանագավառում, նոր ուղին ծանրաբեռնված կլինի բեռներով:

Այսպիսով Հյուսիս-Հարավ նախագիծը քայլ առ քայլ կյանքի է կոչվում, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև Ադրբեջանը: Հին մետաքսի ճանապարհի վերականգնմանն ուղղված նախագծում Հայաստանը ևս որոշակի մասնաբաժին ունի, որի շրջանականերում երկար տարիներ Հայաստանում կառուցում են ավտոմոբիլային ճանապարհներ, սակայն, ցավոք, ավտոմոբիլային ճանապարհները բեռափոխադրություն իրականացնելու նպատակով նույնքան կարևոր և օգտակար չեն որքան երկաթուղային հաղորդակցության ցանցի առկայությունը: Նման ենթակառուցվածքների առումով Հայաստանն իսկապես կաղում է:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում