Վրաստանում հույս չունեն, որ ԵՄ-ն շուտով որոշում կընդունի այցագրերի չեղարկման վերաբերյալ

Վրաստանում հույս չունեն, որ ԵՄ-ն շուտով որոշում կընդունի այցագրերի չեղարկման վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի ներքին գործերի նախարարների կողմից հունիսի 10-ին այցագրերի չեղարկման թեմայի քննարկումից չպետք է լինեն այն բանի ակնկալիքներ, որ վերջնական որոշում կընդունվի Վրաստանի եւ Եվրամիության միջեւ այցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Միեւնույն ժամանակ խոսնակը, ամփոփելով Գերմանիայում անցկացված հանդիպումների արդյունքները, հայտարարել է, թե տուն է վերադառնում մեծ հույսերով, որ գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին, որ այդ որոշումը կընդունվի, եւ որ Վրաստանը հուսալի գործընկեր ունի ի դեմս Գերմանիայի:

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները գարնանը հայտարարում էին, որ ԵՄ-ի հետ այցագրերի ազատականացման վերաբերյալ որոշումն ակնկալում են ամառվա սկզբին:

Հունիսի սկզբին ԵՄ-ի երկրների պատվիրակությունները քննարկել են Վրաստանի հետ այցագրային ռեժիմի ազատականացման հարցը, բայց հետաձգել են վերջնական որոշումը: Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ Վրաստանի հետ նման համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ԵՄ-ի առանձին պաշտոնյաների, հատկապես Գերմանիայում, անհանգստացնում են կազմակերպված հանցավոր խմբավորումները, որոնք տների կողոպուտ են կատարում: Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ հունիսի 8-ին Գերմանիայի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով զեկույց ներկայացնել ԵՄ-ի տարածքում ելուզակախմբերի հանցագործությունների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում