Եվրամիության ապագան մշուշոտ է

Եվրամիության ապագան մշուշոտ է

Եվրամիությունում տեղի ունեցող խմորումներից, ցնցումներից կարելի է ենթադրել, որ այստեղ ամեն ինչ չէ, որ իր հունով է ընթանում:

Արդյոք ԵՄ անդամ պետությունները կկարողանա՞ն դիմանալ 21-րդ դարի վայրիվերումներին՝ ահա մի հարց, որի պատասխանը դեռ անորոշ է: Ըստ մի շարք միջազգային վերլուծաբանների՝ Եվրոպայի համար դեռ նոր են սկսվում մարտահրավերները:

Եվրամիությունը բաղկացած է 28 անդամ պետություն, ու վերջերս մի շարք հարցերի շուրջ նկատվում են լուրջ տարաձայնություններ: Ի հավելումն այս ամենի, վերջիններս կանգնած են գործազրկության բարձր մակարդակի, տնտեսական ճնշումների, և ի վերջո՝ եվրոսկեպտիկ տրամադրությունների դեմ հանդիման:

ԵՄ լրջագույն խնդիրներն են՝ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու սպառնալիքը, Հունաստանի պարտքի ճգնաժամ, փախստականների ճգնաժամը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել-չկիրառելու խնդիրը, ահաբեկության սպառնալիքի մեծացումը:

Եվրամիության աջակիցներն անհանգստություն ունեն, որ 60 տարվա մեջ առաջին անգամ, ԵՄ շատ առաջնահերթություններ կամ կդադարեն, կամ կփոխվեն, հարմացվելով անդամ պետություններին, քանզի Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո, շատ անդամներ, միգուցե, հետևեն նրա օրինակին: Մեծ Բրիտանիայի պահանջներին ենթարկվելու պարագայում ԵՄ անդամ մյուս պետությունները նույնպես իրենց պահանջներն առաջ կքաշեն: Այսինքն` այս հարցում ԵՄ-ն երկընտրանքի առջև է կանգնել:

Եվրամիության ներսում նաև տարաձայնություն կա ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում: Գերմանիայում վերջերս ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ԵՄ-ից չեղարկել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ավելին, Ֆրանսիայի սենատը ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների աստիճանական մեղմացման բանաձև: Այն հորդորում է Ֆրանսիայի կառավարությանը՝ Եվրամիության ղեկավարության հետ պատժամիջոցների հարցը քննարկելիս պահանջել պատժիչ ռեժիմի աստիճանական մեղմացում՝ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի իրագործման ընթացքին համապատասխան, ինչպես նաև ռուս խորհրդարանականների դեմ անհատական պատժամիջոցների չեղարկում:

Սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ն պատրաստվում է կրկին երկարաձգել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում է հուլիսին:

Հունաստանում 2009թ-ից սկսված պարտքի ճգնաժամը և դրա հետևանքները եվրագոտում անհանգստության ալիք բարձրացրեց: Չնայած ճգնաժամին, ԵՄ շատ առաջնորդներ նշում են, որ նրանք ցանկանում են Հունաստանը պահպանել եվրագոտում, քանի որ Grexit տերմինի կիրառումը կարող է ԵՄ ողջ ծրագրին լուրջ վնաս հասցնել, սակայն շատերը նշում են, որ Հունաստանի համար սեփական տնտեսությունը վերականգնելու ամենալավ պայմանը ԵՄ-ի կազմից դուրս գալն է:

ԵՄ-ն, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նաև իր գոյության ընթացքում ամենավատ փախստականների ճգնաժամի: Մի շարք տվյալների համաձայն՝ 2015-ին ԵՄ-ն ներթափանցել են գրեթե 1 միլիոն փախստական, և մինչև ներկա պահը՝ 80. հազար: Սակայն Եվրոպական երկրների մի շարք կառավարություններ մտածում են, որ այդպիսի փախստականների ընդունելու հանգամանքը կարող է կասկածի տակ առնել ԵՄ անվտանգությունը, ավելին, բնակչությունը կարող է տրամադրվել ընդդեմ ԵՄ-ի, ընդդեմ փախստականների:

ԵՄ անդամ պետությունները լուրջ մարտահրավերի առջև են կանգնած՝ կամ միասնականություն կցուցաբերեն մի շարք հարցերում և կփորձեն ապահովել այս կառույցի ապագան, կամ նման պառակտվածությունը կհանգեցնի նրան, որ ԵՄ-ն այլևս աշխարհում չի ընկալվի որպես միջազգային լուրջ կառույց:

Հրաչուհի Հայրապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում