Կոալիցիոն կառավարությունը կվնասի Վրաստանին. Իվանիշվիլի

Կոալիցիոն կառավարությունը կվնասի Վրաստանին. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խնդիրներ է կանխատեսում երկրում, եթե «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը մեծամասնություն չստանա առաջիկա խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այդ կուսակցությունն առաջատարն է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայում, որը 2012 թվականին շահել է խորհրդարանական ընտրությունները եւ կառավարություն ձեւավորել: Այսօր կոալիցիան գործնականում տրոհվել է, նրա մեջ մտնող բոլոր կուսակցությունները մտադիր են ինքնուրույն գնալ հոկտեմբերի 8-ի ընտրություններին:

«Մենք կոալիցիոն կառավարություն ունեինք, եւ իմ անձը հավասարակշռում էր իրադրությունը: Բայց եթե նոր պայմաններում եւ նոր ընտրություններում «Վրացական երազանքը» 80-ից պակաս տեղ ստանա, ապա տնտեսական բարեփոխումների անցկացումը կբարդանա: Եթե կրկին ձեւավորվի կոալիցիոն կառավարություն, ապա մենք բազմաթիվ նոր խնդիրներ կստանանք»,- ասել է Իվանիշվիլին լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Կոալիցիոն կառավարությունների դեպքում դրա մեջ մտնող ուժերը հիմնականում հոգ են տանում ռեսուրսների բաշխման մասին, իսկ կարեւոր բարեփոխումները մնում են առանց ուշադրության, ընդգծել է նա:

«Այդուամենայնիվ, ես դեմ չեմ կոալիցիոն կառավարությանը: Սակայն այս տնտեսության եւ փոքր ֆինանսների պայմաններում, ինչպես մեզ մոտ է, շատ դժվար կլինի, եւ դա կխանգարի ճիշտ ուղղությամբ Վրաստանի զարգացմանը»,- նշել է Իվանիշվիլին:

Մեկնաբանելով առաջիկա ընտրություններում գլխավոր մրցակցի՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության հեռանկարները, Իվանիշվիլին ասել է, որ այն աճի հեռանկարներ չունի: Այդ կուսակցության համար, որի ոչ պաշտոնական առաջնորդը համարվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, դժվար կլինի հաղթահարել ընտրական արգելքը, կարծում է Իվանիշվիլին:

Այսօր «Միասնական ազգային շարժումը» 150-տեղանոց խորհրդարանում ներկայացված է 49 պատգամավորներով: Կուսակցության առաջնորդները քանիցս հայտարարել են, որ այն գլխավոր ընդդիմադիր ուժն է երկրում, ինչին համաձայն չէ Իվանիշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում