Ռուս-ադրբեջանական առևտրա-տնտեսական հարաբերությունները

Ռուս-ադրբեջանական առևտրա-տնտեսական հարաբերությունները

Հունիսի 20-ին Բաքվում կազմակերպվելու է ռուս-ադրբեջանական բիզնես ֆորում, տեղեկացրել է Արտահանման և ներդրումների խթանման ադրբեջանական հիմնադրամը (AZPROMO): ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կայանալիք բիզնես ֆորումին կմասնակցի շուրջ 70 ռուսական ընկերություն, որոնք ներկայացնում են թեթև, ծանր և սննդի արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, առողջապահության և այլ ոլորտներ: Նախքան ֆորումի մեկնարկն անդրադարձ կատարենք ադրբեջանա-ռուսական առևտրա-տնտեսական հարաբերություններին և առկա միտումներին:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները կարգավորվում են 1992թ-ի սեպտեմբերի 30-ին երկու երկրների կառավարությունների միջև կնքված ազատ առևտրի մասին պայմանագրով և դրան հաջորդող մի քանի արձանագրություններով, 2004թ-ին անուղղակի հարկման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրով, 2002թ-ին կնքված տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները մատնանշող համաձայնագրով և 2014թ-ին փոխադարձ ներդրումները պաշտպանելու վերաբերյալ համաձայնագրով, որին հատուկ անդրադարձ կկատարենք:

Ռուսաստանը Ադրբեջանի առաջնային առևտրային գործընկերներից է: 2014թ-ի տվյալներով, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 12,0%-ով` կազմելով 4,0 միլիարդ դոլլար: Ռուսաստանը նաև աներկաբա առաջատարն է դեպի Ադրբեջան ապրանքներ մատակարարելու հարցով, նույն թվականին շրջանառությունը հասել է 1,3 միլիարդ դոլարի և կազմել է ընդհանուր ադրբեջանական ներկրումների 14,3% տոկոսը: Դեպի ՌԴ կատարվող արտահանումները կազմում եմ ադրբեջանական տնտեսության 2,9% տոկոսը: Ռուսաստան արտահանվող ապրաքների մեծ մասը հիմնականում մեքենաներ են, սարքավորումներ, մետաղներ և դրանցից պատրաստաված իրեր, գյուղմթերքներ: Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 465.87 միլիոն դոլար, որից 387.3-ը բաժին է ընկնում ռուսական արտադրանքի ներմուծմանը: Տեղական շուկայում աշխատում են հարյուր տոկոսանոց ռուսական կապիտալով շուրջ 600 ընկերություններ, որոնց բաժին է ընկնում երկրում աշխատող արտասահմանյան ընկերությունների 8,5% տոկոսը: Ադրբեջանը միջտարածաշրջանային կապեր է պահում նաև ՌԴ-ի 85 դաշնային սուբյեկտներից 72-ի հետ: Առավել մեծ ակտիվություն է դրսևորվում հատկապես հյուսիսկովկասյան, ուրալյան և մերձվոլգյան սուբյեկտների հետ: 2014թ-ին ռուսական ներդրումները կազմել են 349,8 միլիոն դոլլար` զբաղեցնելով վեցերորդ տեղը: Միայն 2015թ-ի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմամտությամբ ավելացրել է իր ներդրումների քանակը Ադրբեջանում շուրջ 1,7 անգամ` հասցնելով 212,3 միլիոն դոլարի: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության տվյալներով՝ 2004-ից սկսած Ադրբեջանի տնտեսությունում Ռուսաստանի ներդրումները կազմել են շուրջ 2 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստան Ադրբեջանից ուղիղ ներդրումները հատել են 1 միլիարդի սահմանը:

Ադրբեջանում արտասահմանյան  ուղղակի ներդրումները 2014 և 2015թթ-ին ավելացել էին համապատասխանաբար 27 և 44,1 տոկոսներով: Այդ ներդրումները հիմնականում կատարվում են նավթագազային սեկտորում և հիմնական ներդրողներն են Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Նորվեգիան, Իրանը, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Սակայն 2016թ-ի առաջին ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ օտարերկյա ներդրումները կրճատվել են 37.9-ով: Նշված ժամանակահատվածի համար հիմնական ներդրումները կատարել են Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Մալազիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Իրանը:

2014թ-ին Աստրախանում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որը ռուսական կառավարությունը հաստատեց 2015թ-ի հուլիսին միայն: Նման համաձայնագրի ստորագրմամբ, կողմերը առաջնահերթ փորձում են արդյունավետորեն ապահովել իրենց ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն այլ երկներում: Օտարերկրյա ներդրողների համար կարևոր է նաև, որ պետությունը որոշակի երաշխիքներ տրամադրի: Ադրբեջանական ընկերությունների համար ռուսական իրավական դաշտն այնքան էլ բարենպաստ հնարավորություններ չէր ստեղծում, բացի այդ կան բազմաթիվ ադրբեջանական կապիտալով ընկերությունների խնդիրներ, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո մնացել են ՌԴ-ի տարածքում: Այդ համաձայանագիրը ներկայումս թույլ է տալիս կոմպենսացնել ռուսական օրենսդրության բացերը:

Այսօր Ռուսաստանում առաջատար ներդրողները չորս են: Ընկերություններից մեկը ներգրավված է թանկարժեք թղթերի և անշարժ գույքի շուկայում: Հաջորդը SOCAR կոորպորացիան է, որը գրանցվել է իր դուստր կազմակերպության SOCAR Rus-ի միջոցով և զբաղվում է ռուսական և ադրբեջանական նավթի մշակման, տրանզիտի և առևտրի հարցերով: Խոշոր կազմակերպություն է նաև Azersun-ը, որը ադրբեջանական գյուղմթերքը հասցնում է ռուսական շուկա: Եվ չորրորդ կազմակերպությունը ՄԲԱ-Մոսկվա բանկն է: Նման օրենքի առկայության պայմաններում սպասվում է ադրբեջանական միջին բիզնեսի մուտք ռուսական շուկա: Այս օրենքը ինտեգրացիայի մեղմ տարբերակ է, որն առանց պարտադրելու Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության ֆորմալ փաթեթը հնարավորություն է տալիս երկու երկրներին ավելի սերտացնել կապերը տնտեսական ոլորտում և ապահովել ոչ միայն միակողմանի ներդրումներ ,այլ երկկողմանի հավասարազոր պայմաններ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում