Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքը բխում է դարերի խորքից

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքը բխում է դարերի խորքից

Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ` այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա:

Հռոմի պապի ժամանումը Հայաստան իր մեջ պարունակում է մի շարք խիստ կարևոր էլեմենտներ, որոնք այցին հաղորդում են պատմական կարևորություն: Սա հնարավոր չէ դիտարկել սոսկ որպես ուխտագնացություն առաջին քրիստոնեական երկիր, թեպետ այդ ձևակերպումը նույնպես ինքնին բավական կարևոր է: Առաջին քիստոնյա լինելու հանգամանքը բացի կրոնական հիմք ունենալուց ունի նաև քաղաքական նշանակություն: Շատերը թյուրիմացաբար այդքան էլ չեն կարևորում այդ հանգամանքը, սակայն դա մեր քաղաքակրթական ընտրությունն է աշխարհում, ու այդ փաստը հավելյալ անգամ շեշտվում է հովվապետի շուրթերով: Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ մենք այնքան էլ ժամանակ չենք ունեցել աշխարհին մատուցելու մեր պատմությունն ու մշակույթը: Դրա համար անշուշտ կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ.նախ մեր պետականության երկարատև բացակայությունը, այնուհետև պատերազմը, որը կլանում է մեր ջանքերի ահռելի հատվածը: Այնինչ աշխարհին սեփական այցեքարտով ներկայանալը պակաս կարևոր հանգամանք չէ:

Մեզանում տարածված է այն թյուր մոտեցումը, որ ժամանակակից աշխարհին չի հետաքրքրում որևէ մեկի պատմությունն ու անցած ճանապարը: Իհարկե, աշխարհը չի ապրում պատմությամբ, բայց հաճախ քաղաքական անհրաժեշտության դեպքում, այդ նույն պատմությունը դառնում է խաղաքարտ:

Հաջորդ կարևոր գործոնը այցի ժամանակահատվածն է: Նախ դա տեղի է ունենում ապրիլյան իրադարձություններից և ցեղասպանության դատապարտումից գրեթե անմիջապես հետո: Կարդալով հովվապետի ուղերձը` այն ոչ միայն համահունչ է ցեղասպանության դատապարտման ելույթի ոգուն, այլ Հռոմի Պապի շուրթերով ազդարարվում է համայն աշխարհին, որ մենք երբեք նախահարձակ չենք եղել ոչ մեկի նկատմամբ: Նախահարձակը ոչ մի ողջամիտ մարդու մոտ հիացմունք չի առաջացնում:
Հռոմի Պապի այցը ցանկացած երկիր առաջացնում է համաշխարհային հետաքրքրություն ու այցից դեռ օրեր առաջ երկիրը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Ցանկացած նման այցի քաղաքական նշանակությունն այնքան ահռելի է, հետևանքներն այնքան շոշափելի, որ այդ այցերը սոսկ որպես բարոյական ժեստ համարելը առնվազն մանկամտություն կլինի:

Կա մի կարևոր հանգամանք ևս: Դա մեր դիվանագիտական աշխատանքի արդյունքն է: Սովորաբար նման այցերը որքան էլ անկեղծ լինեն ու տոգորված արդարության վերականգնման միտումով, այնուամենայնիվ ինքնաբուխ չեն լինում: Նման այցի կայացման համար անհրաժեշտ է լինում տևական ու լրջագույն աշխատանք, կազմակերպչական ահռելի ջանք ու ժամանակ: Այս այցը, որն իր բնույթով համաշխարհային արձագանք է ստանում, ևս մեկ ապացույց է, որ մեր դիվանագիտական կորպուսը կարողանում է կատարել իր առջև ծառացած խնդիրները:

Իհարկե լինում են բացթողումներ և սխալներ, առանց դրան հնարավոր չէ գործել, քանի որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Բայց եթե քննադատության ենք ենթարկում սխալներն ու թերացումները, լավ կլինի մեր մեջ ձևավորենք այն մշակույթը, որ հարկ եղած դեպքում էլ մատնանշենք ձեռք բերված հաղթանակն ու ողջունենք այն: Իսկ այն, որ Հռոմի պապի այցը իր տեսակի մեջ հաղթանակ է նաև դիվանագիտական ճակատում, կարծում եմ, անվիճելի է:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում