Երիտասարդը պետք է մտածի երկրի, ժողովրդի կայացման և կառուցման մասին. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Երիտասարդը պետք է մտածի երկրի, ժողովրդի կայացման և կառուցման մասին. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Եկեղեցին հազարամյակներ շարունակ մեծ դեր է կատարել հայ ժողովրդի ինքնության և պահպանության գործում: Առանց երիտասարդության դժվար է պատկերացնել եկեղեցու կայունացումը և զարգացումը:

Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակակից երիտասարդի և եկեղեցու կապի հարցը:

Այս հարցի շուրջ «Արմենպրես»-ը հարցազրույց անցկացրեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանի հետ:

– Տեր հայր, ինչպե°ս եք գնահատում ժամանակակից երիտասարդի կապը եկեղեցու հետ և ի°նչ ճանպարհներ կան այն ամրապնդելու:

-Նախ մենք ունենք լավ սերունդ, որը հետաքրքրված է իր արժեքներով, արմատներով, անցած ճանապարհով: Այդ հետաքրքրվածության մեջ կա նաև հոգևոր արժեքների նկատմամբ ուշադրությունը: Շատ շատերի համար եկեղեցի գալու առիթ է դառնում պատմիչների՝ ազգային արժեք հանդիսացող աշխատությունների ընթերցումը, մատենագրությանը ծանոթանալը: Շատերը ուղղակի լինում են Հայաստան աշխարհի տարբեր մասերի եկեղեցիներում և վանքերում՝ ծանոթանալով հոգևոր կյանքին, ճարտարապետական կոթողներին, մտորելով, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Սա ամրապնդում է երիտասարդների հոգևոր կապը եկեղեցու հետ: Ժամանակակից երիտասարդության մեջ շատ կարևոր են հետաքրքրասիրությունից ծնված հարցադրումները կյանքի իմաստի վերաբերյալ: Դրա մեջ լուրջ պատասխաններ փնտրելու ձգտումն է, և արդյունքում հաճախ է լինում, որ շատ երիտասարդներ եկեղեցի գալով՝ ամենասուր հարցերն են տալիս հոգևորականներին և պարբերաբար եկեղեցի հաճախող հավատացյալներին: Նրանց միջավայրում կան երիտասարդ մարդիկ, ով քեր հաճախ են գալիս եկեղեցի, և այդ երիտասարդներն արդեն հավատացյալների համար քրիստոնեության «դեսպաններ» են դառնում: Այս «դեսպաններն» ինչ-որ չափով արդեն գիտեն այդ հարցերի պատասխանները, քանի որ իրենք էլ են դրանք ունեցել և եկեղեցի գալով գտել են իրենց հուզող խնդիրների պատասխանները: Կարծում եմ, շատ կարևոր է նաև ազգային արժեհամակարգի մեկ միասնական հոգևոր մոդել ունենալու միտումը, որը նաև բանալին է վաղվա հասարակությունը շատ ավելի լավ դարձնելու և երկրի զարգացածությունը նոր աստիճանի բարձրացնելու: Որովհետև բոլորը նույն արժեհամակա րգով՝ բարոյական, քրիստոնեական մոտեցումով, կկարողանան լծվել արդար աշխատանքի:

-Վերջին ժամանակներս երիտասարդներին հետաքրքրում են տարբեր ենթամշակույթներ՝ հիմնված տարբեր գաղափարախոսությունների վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ:

-Կարծում եմ, նրանցից շատերը՝ ինչպես, օրինակ, էմոների, պանկերի, հիպիների շարժումների անդամները, Հայաստանում պատճենում են արտասահմանյան գաղափարական իմաստը: Հայկական միջավայրում դրանք հաճախ ինքնահաստատման, ազատության որոնման փորձեր են: Հաճախ նրանք այդ քայլին դիմում են ազգային արժեքներին, հոգևոր մշակույթին ծանոթ չլինելու պատճառով:

Այդ երիտասարդներին վատ որակելը և արհամարհելը ճիշտ չէ: Դա շատ կոպիտ կլինի և հակառակ ազդեցությունը կունենա նրանց վրա: Այդ շարժումներին հարելն, իմ կարծիքով, երիտասարդական որոնումների փորձեր են:

Եվ այդ երիտասարդները որոնումների արդյունքում շատ հաճախ տեսնում են, որ իրենց բարոյական արժեհամակարգին ավելի հարազատ է այն, ինչ եկեղեցին է քարոզում:

-Բազմաթիվ օրինակներ կան, երբ հավատացյալ երիտասարդները ընկերություն են անում տարբեր դավանանքի մարդկանց հետ: Ձեր կարծիքով, այդ շփումը կարո°ղ է ինչ-որ ազդեցություն թողնել այդ երիտասարդների հավատքի վրա:

-Որպես կանոն, միանշանակ կարող են ազդեցություն ունենալ: Դա հաճախ պատճառ է դառնում, որպեսզի համեմատվի անհավատի կամ ուրիշ հավատք կրող մարդու ապրելակերպը քրիստոնեական մարդու ապրելակերպի հետ:

Ընկերությունը, շփումը շատ անգամ առիթ է դառնում, որպեսզի ուրիշ հավատք ունեցող երիտասարդի մեջ բացվի քրիստոնեական սիրո մեծ ասպարեզը և ահռելի հեղափոխություն դառնա նրա համար: Կարծում եմ, եկեղեցում և եկեղեցուց դուրս ցանկացած շփումը մեկը մյուսի վրա ազդելու հնարավորություն է, և դա հարստացնում է կենսափորձը:

– Ի°նչ կրթական ծրագրեր է իրականացնում եկեղեցին երիտասարդների հոգևոր դաստիարակությունը խթանելու հ ամար:

-Եկեղեցական ընդհանուր տրամաբանության մեջ ցանկացած առիթ օգտագործվում է, որպեսզի Քրիստոսի քարոզչություն մատուցվի: Սրա համար մենք ունենք հոգևոր ծառայություններ տաբեր վայրերում՝ համալսարաններում, դպրոցներում, հիվանդանոցներում, բանտերում: Եւ սրանց շարքն են դասվում երիտասարդական կազմակերպությունները, որոնք համայնքում եղած երիտասարդներին համախմբում են: Ամեն եկեղեցի ունի իրեն կից երիտասարդաց միություններ: Այդ միությունները ոչ միայն պարզ հանդիպումներով և սոցիալական ծրագրերով են գործում, այլ նաև խթանում են երիտասարդի դաստիարակությունը, հոգևոր կրթությունը: Շատ եկեղեցիներ երիտասարդների համար կազմակերպում են ճամփորդություններ դեպի պատմական վայրեր: Եկեղեցու կրթական ծրագրերի մեջ կարող են նաև մտնել տարբեր թեմաներով դասախոսություններ:

– Ի՞նչ կմաղթեիք հայ երիտասարդին:

– Նախ ցանկանում եմ, որ հայ երիտասարդը հավատա իր գենին, պապերի կանչին, որը, ի վերջո, հազարամյակներ շարունակ քրիստոնեական սիրով է ներծծված: Հավատա, որ մենք կկարողանանք, մեր բազմազան մտածողությամբ հանդերձ, լինել միասնական և կերտել վաղվա ապագան Աստծո սիրով:

Երիտասարդը պետք է մտածի երկրի, ժողովրդի կայացման և կառուցման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում