Էրդողանը զոհաբերեց իրեն երկրի տնտեսական աճն ապահովելու համար

Թուրքիայի նախագահի՝ նախօրեին ՌԴ նախագահին արված ուղերձը, որում վերջինս ներողություն է խնդրել ՌԴ-ից Սու 24 ինքնաթիռի օդաչուի մահվան կապակցությամբ փաստում է, որ Թուրքիան տարբեր ուղղություններով տանուլ էր տալիս:

Թուրքիայի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է, որը երկրի բյուջեի համար տարիներ շարունակ շահույթ էր ապահովում, սակայն իրավիճակը կտրուկ փոխվել էր, ավելին, այս ոլորտն անդունդն էր գլորվում:

Ոլորտի նմանօրինակ անկման հիմնական պատճառը ռուս զբոսաշրջիկների քանակի կտրուկ անկումն է: Տարեկան 4.5 մլն ռուսներ էին իրենց հանգիստը Թուրքիայում անցկացնում: ՌԴ քաղաքացիների հոսքը Թուրքիա դադարեցվեց վերջիններիս կողմից ռուսական Սու 24 ինքնաթիռի խոցումից հետո: Նույնիսկ ռուսական տուրիստական գործակալություններում դադարեցվեցին դեպի Թուրքիա ավիաուղների վաճառքը:

Ոլորտի անկման մեկ այլ պատճառն էլ Թուրքիայում իրականացվող ահաբեկչական գործողություններն են, որոնք օտարերկրացիներին վախի մեջ են պահում, ուստի վերջիններս չեն ցանկանում վտանգել իրենց կյանքն ու այլ երկրների են իրենց նախապատվությունը տալիս:

2014թ-ին Թուրքիան 37 մլն զբոսաշրջիկ է հյուրընկալել և զբոսաշրջության աշխարհի ամենատարածված երկրների ցանկում 6-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, իսկ այս տարի կորցրել է իր հյուրերի նվազագույնը 40%-ը:

Հեղինակավոր BBC պարբերականը «Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի մայրամուտը» խորագրի ներքո գրում է, որ Թուրքիայում զբոսաշրջության ոլորտը լուրջ ճգնաժամ է ապրում:

Նշվում է, որ սովորաբար տարվա այս եղանակին Անթալիայի շրջակայքում գտնվող Garden Resort Bergamot հյուրանոցը 70%-ով զբաղեցված էր լինում, սակայն այս տարի 223 սենյակներից միայն 25 են զբաղեցված: Հյուրանոցի սեփականատեր Սուհա Սեն հայտնել է, որ ստիպված է եղել անձնակազմը 80 հոգուց կրճատել մինչև 50 հոգի՝ հավելելով, որ եթե հաջորդ տարի իրավիճակը չբարելավվի, ապա նա ստիպված կլինի նույնիսկ փակել հյուրանոցը:

Delphin Imperial հյուրանոցի և մասնավոր լողափի սեփականատեր Տոյլգա Կոմերտօղլուն հայտնել է, որ իր ընտանիքը զբոսաշրջության ոլորտում գործունեություն է ծավալում գրեթե 40 տարի, սակայն նման վատ իրավիճակի երբեք ականատես չեն եղել:

Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի ղեկավար Բաշարան Ուլուսոյը ոլորտում եկամուտների անկման պատճառով հյուրանոցների սեփականատերերին կոչ է արել սկսել թուրքական հյուրանոցներից all inclusive («ամեն ինչ ներառված է») համակարգի աստիճանական վերացումը:

Իսկ Թուրքիայում հյուրանոցների սեփականատերերի ֆեդերացիայի նախագահ Օսման Այիկը հայտնել է, որ հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները անհանգստացած են, որ 2017-2018թթ. ընթացքում կարող են ավելի լուրջ խնդիրների բախվել, քանի որ ոլորտում իրականացվող ընթացիկ ներդրումների ծավալը ակնկալող զբոսաշրջիկների քանակից անհամեմատելի մեծ է:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա իրադրությունը վերհսկելի դարձնել, իսկ պետբյուջեն, ըստ տարբեր աղբյուրների, կշարունակի տարեկան շուրջ 28 մլրդ դոլարի կորուստ կրել:

Այդ իսկ պատճառով Էրդողանը զոհաբերեց իր հպարտությունը երկրի տնտեսական աճն ապահովելու համար:

Նարինե Մեհրաբյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում