Բուրջանաձեն ստորագրություններ է հավաքում Վրաստանն արտադաշինքային երկիր հայտարարելու համար

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունը ստորագրահավաք է սկսում բնակչության շրջանում, որպեսզի երկիրն օրենսդրական մակարդակով հրաժարվի ռազմական որեւէ կազմակերպության մեջ մտնելուց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք գտնում ենք, որ Վրաստանի Սահմանադրության յոթերորդ գլխին պետք է ավելացվի հոդված, որի համաձայն, Վրաստանը կհայտարարի արտադաշինքային կարգավիճակ: Այսինքն՝ Վրաստանը կհրաժարվի ռազմական որեւէ դաշինքի անդամակցելուց, լինի դա ՆԱՏՕ-ն կամ ցանկացած այլ ռազմական կազմակերպություն»,- ասել է Բուրջանձեն մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը կլինի Վրաստանի անկախության, կայունության, խաղաղության, տարածքային ամբողջականության եւ տնտեսական վերածնման երաշխավորը:

«Վրաստանում չպետք է գտնվեն որեւէ այլ պետության կամ այլ կազմակերպության զորքեր: Վրաստանում չպետք է լինեն ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Ռուսաստանի զորքեր: Եվ երբ ես խոսում եմ Վրաստանի մասին, բնականաբար, նկատի ունեմ միասնական Վրաստանը, ներառյալ Աբխազիան եւ այսպես կոչված Հարավային Օսիան»,- նշել է Բուրջանաձեն: Նրա կուսակցության ներկայացուցիչները մտադիր են ուղեւորվել տարածաշրջաններ, որպեսզի բնակչությանը պատմեն նախաձեռնության մասին:

«Մեր պետությունը չի կարող զինափորձարան մնալ երկու գերտերությունների դիմակայության համար… Մենք կշրջենք ամբողջ Վրաստանում եւ ժողովրդին լավ կբացատրենք՝ ինչ է նշանակում այս նախաձեռնությունը երկրի համար: Սա համարձակ, սկզբունքային որոշում է, որի համար մեզ վրա շատ կեղտ է լցվելու, բայց մենք դրանից չենք վախենում»,- հավելել է Բուրջանաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում