ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել

Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած  ‪ՀԱՊԿ‬ արտգործնախարարների խորհրդի նիստին ընդունվել են ղարաբաղյան հակամարտության և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հավելեց, որ քննարկվել են ահաբեկչության և ծայրահեղականության պայքարի հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային անվտանգային այլ խնդիրներ. «Լուրջ ուշադրություն է դարձվել միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: Դրանցից մեկը, որը լրջորեն ազդում է մեր երկրների անվտանգության, կայունության վրա, ղարաբաղյան հակամարտությունն է, որի հետ կապված  համապատասխան որոշում է ընդունվել»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ մասնակից երկրների ԱԳ նախարարները քննարկել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը, ինչպես նաև Աֆղանստանում, Սիրիայում, զինված հակամարտությունների այլ գոտիներում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը աշխարհում տիրող իրավիճակի պայմաններում,  ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում