Վրաստանը ցանկանում է Դարիալի կիրճում վերականգնել 24-ժամյա երթևեկությունը. Աբրահամյանի և Կվիրիկաշվիլիի հեռախոսազրույցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են Դարիալի կիրճում հեղե ղումների հետևանքով ստեղծված իրավիճակի ու այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Դարիալի կիրճում իրականացվող լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև՝ հեղեղի հետևանքով ստեղծված դժվարությունների հարցում Հայաստանի քաղաքացիներին աջակցելու համար:

Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը ջանքեր է գործադրում Դարիալի կիրճում մեքենաների 24-ժամյա երթևեկությունը վերականգնելու համար, որի համար նախնական տվյալներով մոտ 5 օր կպահանջվի:

Երկու երկրների վարչապետները անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում