Վրացական կողմը հայտնում է Դարիալի կիրճով անցնող ճանապարհի բացման հետաձգման մասին

Վրաստանին և Ռուսաստանին միացնող Դարիալի կիրճով անցնող ավտոճանապարհի երթևեկությունը չի բացվի ևս մի քանի օր, ամենայն հավանականությամբ, մինչև հուլիսի 8-9-ը, քանի դեռ սողանքների վտանգը չի անցնել:

Դարիալի կիրճով երթևեկությունը նախատեսվում էր վերականգնել հուլիսի 4-ին` Թբիլիսիի ժամանակով 17:00-ից: Սակայն ճանապարհի բացումը հետաձգվել է, քանի որ երեկ օրվա երկրորդ կեսին կիրճում սկսվել է ուժեղ հեղեղ: Ինչպես նշել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունում, օդերևութաբանները սպասում են, որ հուլիսի 4-7-ն այդ տարածքում ուժեղ անձրևներ կտեղան: Դա կարող է լեռներում առաջացնել սողանքներ և սելավներ:

«Ռիսկեր կան, քանի որ ժամանակավոր ճանապարհի կողքով գետ է անցնում: Որպեսզի խույս տանք այդ ռիսկերից` մենք որոշել ենք առայժմ չբացել Դարիալի կիրճով անցնող ճանապարհը, քանի որ սելավների կամ անձրևի դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Երթևեկությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ մասնագետները կբացառեն ռիսկերի հնարավորությունը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Новости-Грузия»-ին ասել են նախարարության ներկայացուցիչները:

Ճանապարհը բացելուց հետո երթևեկությունը կթույլատրվի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունիսի 23-ին` ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Հուլիսի 5-ին` ավելի վաղ, վրացական կողմը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետն ու ավտոճանապարհը, նախնական տվյալներով, անցանելի կլինեն հուլիսի 6-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում